Անդրե Մալրո. Արևմուտքի փորձառությունը

Ի՞նչ է բերում հազարամյակների մշակույթ ու իմաստություն ամփոփած չինացիներին եվրոպական մշակույթը, որն այնքան երիտասարդ է թվում իրենցինի համեմատ: Եվրո-պացի, հեռավոր արևելքում ապրող Ա.Դ.-ի և Եվրոպայում շրջագայող չինացու՝ Լինգի նամակագրության միջոցով Անդրե Մալրոն համեմատում է եվրոպական և չինական մտածողության դինամիկաները:

Ա.Դ.-ին
Փարիզ

Թանկագին Պարոն,
Ես կցանկանայի մի քանի բառ ավելացնել վերջին նամակին, որ ուղարկել էի ձեզ: Ես սկսում եմ հասկանալ այն կարևորությունը, որ կրթված ֆրանսիացիները վերագրում են անկեղծությանը, նրանք, ովքեր շատ քիչ են նման այն մարդկանց, ում մենք տեսնում ենք Չինաստանում, և դա ինձ հուսադրում է: Մյուս կողմից, այս մի քանի ամիսներն ինձ ճշգրիտ տպավորություններ են տվել: Ես Եվրոպայում տեսնում եմ հետևողականորեն հրահանգված բարբարոսություն, որտեղ քաղաքակրթության և կարգուկանոնի գաղափարներն ամեն օր շփոթվում են մեկը մյուսի հետ: Քաղաքակրթությունը բոլորովին էլ հասարակական երևույթ չէ, այլ հոգեբանական, և դրա միայն մի տեսակն է ճշմարիտ, այն է՝ զգացմունքների քաղաքակրթությունը:
Ի՞նչ կարող էի ասել ձեր ցեղի մարդկանց զգացմունքների մասին: Ես ուսումնասիրում եմ նրանց՝ ջանալով խուսափել գրքերից: Գիտեմ, որ մեր թարգմանիչները Եվրոպայի բարքերին և գրականությանը ծանոթացնելու նպատակով ընտրելով Բալզակին, Ֆլոբերին, ֆրանսիացի նատուրալիստներին, Գյոթեի, Տոլստոյի, Դոստոևսկու առաջին վեպերը, վերլուծելով Բոդլերի տաղանդը՝ իմաստություն և հոգատարություն են ցուցաբերել, բայց նրանք բոլորը բացառապես քրիստոնյաներ են և նույնքան խելագար, որքան նրանք, ովքեր գոռում են ցավից՝ Էմմա Բովարիից մինչև Կարամազով եղբայրներ: Մինչդեռ…
Ցավի ինչպիսի՞ տպավորություն եմ ստանում ձեր ներկայացումներից, այն բոլոր խեղճ մարդկանցից, որոնց հանդիպում եմ ձեր փողոցներում: Ձեր գործունեությունն ինձ ավելի քիչ է զարմացնում, քան այն տանջված դեմքերը , որոնցից չեմ կարող խույս տալ: Թվում է՝ դառնությունը դեմ առ դեմ պայքարում է նրանցից յուրաքանչյուրի հետ. ինչպիսի յուրահատուկ տանջանքներ: Ձեր հավատը մի ժամանակ կարողանում էր տնօրինել աշխարհը, և չնայած սա իմ մեջ ինչ-որ թշնամություն է արթնացնում, ես չեմ կարող առանց հարգանքի նայել գրեթե բարբարոսական դեմքերին, որտեղ, հավատի շնորհիվ, մի մեծ, ներդաշնակ տանջանք է քարացած: Բայց չէի էլ կարողանա առանց հուզմունքի պատկերացնել այն մտածումները, որոնցում սիրո ողջ ինտենսիվությունը կենտրոնանում է տառապած մարմնի վրա: Քրիստոնեությունն ինձ թվում է այն դպրոցը, որտեղից ծնունդ են առնում բոլոր այն զգացողությունները, որոնց շնորհիվ ձևավորվել է գիտակցությունը, որ յուրաքանչյուր անհատ ունի իր մասին:
Ես անցել եմ ձեր թանգարաններով. ձեր հանճարն ինձ թախիծով է լցրել: Ձեր աստվածներն ու նրանց մեծությունը, ինչպես նրանց պատկերը, արյան ու արցունքի բծերով են ծածկված: Մի վայրի ուժ է նրանց ոգեշնչում: Հազվագյուտ խաղաղված դեմքերը, որ դուր են գալիս ինձ՝ ողբերգական ճակատագիրը ճնշում է նրանց խոնարհված կոպերը. իսկ ի՞նչն է ձեզ ստիպել ընտրել դրանք. այն, որ գիտեք, թե նրանք մահվան ընտրյալներ են:
«Իսկ կյանքի մեր պատկերնե՞րը, որ ցանկասեր գովեստի են նման»: Ավելի շատ, քան մյուսները, նրանք ինձ ճնշում են: Դուք բոլորովին չեք զգում, որ պետք է ուժի և ցավի պսակի տակ կքածների ցեղից լինել՝ հպարտանալու համար, թե հայտնագործել եք կնոջ մարմինը: Ստեղծագործությունը, մեկը նրանցից, որոնցով դուք հիանում եք, և որը պիտի հուզի մարդկանց՝ ովքեր այն ընկալելու են նույն եղանակով, նույն հմայքով, նույն ուժով, չնչին է: Մեր մետաքսե տիկերի ամենամեծ արժեքն այն է, որ վերջիններս մեր մեջ արթնացնում են աշխարհի անվերջ բազմազանությունը: Արվեստները, ի միջի այլոց, իրենց մեջ քիչ ազնվականություն ունեն: Նրանց վեհացնում է այն, որ դրանք տարբեր մաքրության տարրեր են՝ անվերջորեն փոփոխելի եղանակներով: Այդ փղոսկրերն ընդամենը նրա համար են, որ մեկ առ մեկ որսան գեղեցկության հազարավոր ձևերը, որ ամփոփում է լռությամբ լցված մութ սենյակը:
Անհաշվելի, անհայտ, ճշմարիտ զգացումները, որոնք մեզ կձևափոխեն, թափառում են աշխարհով մեկ, և բաղձանքով իրար միացրած մեր ձեռքերը նրանց ավելի լավ չէին ընկալի, քան ժամանակավոր հետքերը, որոնք մեր ջանքերով տեղավորվել են ստվերում:
Արվեստագետը նա չէ, ով ստեղծում է, այլ նա, ով զգում է: Ինչպիսի որակներ էլ ունենա, արվեստի ստեղծագործությունը չնչին է, քանի որ այն ընդամենը գեղեցկության առաջարկ է: Բոլոր արվեստները դեկորատիվ են: Ընտրենք բամբուկները, որոնց վրա երևակայական թռչունները սիրում են նստել, և բանիանները, որոնց տրված է եղերերգերի շնորհը, տանք այգեպանին՝ ուշադրության արժանի այս մարդուն իր աշխատավարձը և որոշ հարգանք: Բայց նայենք գետին, որը դրանք արտացոլում է, նա միակն է, որ արժանի է դրան:
Յուրաքնչյուր քաղաքակրթություն մոդելավորում է զգայականության մի տեսակ: Մեծ մարդը ոչ նկարիչն է, ոչ գրողը, այլ նա, ով կարողանում է իր մեջ նրբացնել իր ցեղի զգայականությունը, անվերջ առաջանալ դրա արտահայտման մեջ՝ գնալով դեպի գերագույն հաճույքը. ահա մեզանից նրանց կյանքը, ում վարպետ կանվանեինք:
Խոսքը լինի մեծության ձեր ընկալման մասին, որը զինված մարդու և ցավի մեծությունն է, կամ մեր ընկալման, որի ելակետը կատարելությունն է, միևնույն է՝ այն ծնունդ է առնում այն հուզմունքի ինտենսիվությունից, որ մեր մեջ առաջ է բերում որևէ զգացում: Ձեզ համար այդ զգացումը զոհաբերությունն է: Հիացումը գործողությունից է բխում: Մեզ համար՝ ընդամենը գիտակցությունն է՝ ամենագեղեցիկ եղանակին համապատասխան լինելու գիտակցությունը:
Արվեստի այն ձևերով, որոնք դուք վսեմ եք անվանում, արտահայտում եք գործողություն, բայց ոչ վիճակ: Այս վիճակը, որի մասին գիտենք միայն այն, ինչ նա է տալիս նրանց, ովքեր տիրապետում են իրեն, այս մաքրությունը, հոգու տարրալուծումը հավերժական լույսի մեջ. արևմուտքցիները երբեք այն չեն փնտրել, ոչ էլ դրա արտահայտությունը, նույնիսկ եթե երբեմն նրանց օգնության է հասել որոշ տարածքներում Միջերկրականի շնորհած գորովաթախիծը: Նրանից է, որ գալիս է արվեստի եվ մարդու միակ վսեմ արտահայտությունը, որ կոչվում է անխռովություն:
Ես կցանկանայի, թանկագին պարոն, ձեզ հետ ավելի շատ խոսել մարդկանց մասին, բայց առայժմ միայն ստեղծագործություններին եմ ծանոթացել:

Նույնից նույնին
Փարիզ

Թանկագին պարոն,
Ես տեսնում եմ եվրոպացիներին, լսում եմ նրանց և կարծում, որ նրանք չգիտեն, թե ինչ է կյանքը: Նրանք հորինել են սատանային, պետք է արժանին մատուցել նրանց երևակայությանը: Բայց այն ժամանակից ի վեր, երբ սատանան մահացել է, թվում է, որ նրանց խժռում է անկարգության մի ավելի բարձր աստվածություն՝ միտքը: Ձեր միտքը այնպիսի բացառիկ եղանակով է ստեղծված, որ կյանքից դուք ընկալում եք սոսկ որոշ հատվածներ: Դուք միշտ մղվում եք դեպի որևէ նպատակ, դեպի այն նպատակը, որին ձգտում եք դուք բոլորդ: Դուք ցանկանում եք հաղթել: Ի՞նչ եք գտնում արդյոք ձեր խղճուկ հաղթանակների ետևում:
Մենք՝ չինացիներս, կյանքն ընկալում ենք միայն իր ամբողջության մեջ: Դա չի նշանակում, որ մենք կարող էինք ճանաչել այն: Բայց մենք գիտենք, որ այն ավելին է, քան մեր գործողություններից յուրաքանչյուրը և պե՛տք է ավելին լինի: Նույն կերպ, երբ որևէ հին գծանկարում գտնելով թևը և չիմանալով ոչինչ նրա մոդելի մասին, դուք գիտեք, որ այն պիտի շարունակված լինի ձեռքով, մենք էլ նույն եղանակով գիտենք, որ յուրաքանչյուր գործողությունից հետո, ինչպիսին էլ լինի նրա կարևորությունը, թաքնված կյանք կա, որ դեռ առաջարկում է իր անթիվ ճյուղավորումները: Կյանքը հնարավորությունների հաջորդականություն է, որոնց արանքում մեր հաճույքը կամ մեր գաղտնի ձգտումն է՝ ընտրել ու զարդարել… Մենք ուզում ենք, որ մեր ուղեղն ընդամենը հանդիսատեսը լինի իր սեփական խաղի, տիեզերքի անվերջ ձևափոխության: Ես գիտեմ, որ դա ձեզ անիմաստ է թվում: Խաղերը այն ստվերի, որ առաջացնում է այն ամենը, ինչ աշխարհից կարող է որսալ նրբացված միտքը և այն, ինչ ցածրաձայն նրան է առաջարկում աշխարհը, ինձ, այնուամենայնիվ, թվում են միակ ներկայացումը, որով առանց ամաչելու կարող է հետաքրքրվել քաղաքակրթված մարդը:
Իհարկե, նույնիսկ որոշ ջանքեր գործադրելով, ես չեմ կարող գործողությունը գիտակցել այնպես, ինչպես դուք եք անում: Իմ զգայականությունը հակադրվում է նրան, որով կարող է իրեն սահմանափակել իմ միտքը:
Ես այստեղ չէի տեսնի իրականության ցանկություն, այլ զգայականության արատ: Ապագա լինելու համար կյանքի շարունակությունը ավելի պակա՞ս իրական է:Իսկ այն կարևորությո՞ւնը, որ վերագրում եք որոշ գործողությունների, որոնք ձեզ ցնցում են, քանի որ չեք կարողացել հասկանալ նրանց իսկական՝ ավելի փոքր արժեքը… պատճառը բանականությունն է՝ անուշադիր և գուցե վատ նախապատրաստված այն կրոնի կողմից, որը ձեզ անվերջ ստիպում է հավատալ ձեր յուրահատուկ գոյությանը: Դուք ուժին նվիրաբերել եք ձեր կյանքը: Դուք ձեզ շփոթում եք ձեր գործողությունների հետ: Նույնիսկ ձեր մտքի… Դուք հազիվ թե հասկանաք, որ լինելու համար անհրաժեշտ չէ գործել և որ աշխարհը ձեզ ձևափոխում է ավելի, քան դուք եք ձևափոխում այն:
Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր բան՝ գործողություն կամ միտք, որին կարևորություն ենք տալիս, ըստ մեր զգայականության ակնարկների և պահերի, կարողանա ընտրել այն իրարահաջորդ ասպեկտների միջև, որ ժամանակն է տալիս: Փոփոխության այս կայուն հնարավորությունից, որ Չինաստանի վրա տարածում է իր անվաստահ և բազմաձև իշխանությունը, գալիս է այն վսեմ դողը, որ մենք փնտրում ենք: Քանի առևտրականի եք տեսել, որ ռիսկի գնան իրենց ծառայողներից մեկի առևտրին հակառակ, դիրքը փոխելով իրենց հակառակորդի դիրքի հետ, այնուհետև, շատ ավելի ուշ, նորից ռիսկի գնան, շահեն և նորից ընթանան այն ուղղությամբ, որը թողել էին:
Դուք հազիվ եք կարողացել նրանց դեմքերի վրա թեթև զղջում նկատել: Չի կարելի լրջություն վերագրել կյանքի ծանր պահերին, որոնք անծանոթ են, բայց որոնց իրական լինելը զգում ես եվ որն էլ շուտով կարողություն է բերելու:
Դուք տիեզերքը տխրությամբ եք լցրել: Ինչպիսի ողբերգական դեմք եք տվել մահվանը: Եվրոպայի որևէ մեծ քաղաքի գերեզմանոցն ինձ մոտ զզվանքի զգացում է առաջացնում: Ես մտածում եմ նրանց մասին, նրանց, որոնց դուք անկասկած տեսնում եք այսօր՝ մահացածների ցանկապատված բնակավայրերի մասին, ուր բարեկամաբար որևէ լռակյաց թռչուն է սավառնում գերեզմանների մտախոհության վրա…
Մեռյալների քնքշությամբ ներծծված ալս երկիրը մեր մեջ սոսկ երկու զգացում է առաջացնում՝ ցավ և վախ: Ձեր ժողովրդական պատմություններում մահը հենց սարսափի խորհրդանիշն է: Թող որ նրանք հեռու լինեն ձեզանից, կանաչ ու դեղին սատանաները իրենց բազմաթիվ կատակներով, վիշապները, որոնք մեջքերն են ուռեցնում, երբ նրանց շոյում են, և բոլոր բարեհոգի հրեշները այն շքախմբի, որն իր ետևից քարշ է տալիս ասիական մահը (և դրանից նրա հզորությունը չի երերում):
Քանի որ մահվան կայուն ազդեցությունը, որ եվրոպացիներին թվում է, թե նկատել են Չինաստանում, ընդամենը պատրանք է և խենթություն: Անհամար շիրիմները, որտեղ, առանց սրբապղծության մասին խորհելու, թողնում ենք, որ նապաստակները ապաստանեն, մեր մեջ ուժեղացնում են այն զգացումը, թե մահվան մեր զգացողությունը նման չէ ձերինին:Սա ծանր քնքշություն է, սա նաև գիտակցումն է նրա, թե սահմանափակված չենք ինքներս մեզանով, որ ավելի շուտ տեղանք ենք, քան գործողության միջոց: Մեզանից յուրաքանչյուրը հարգում է իր մեռելներին, և նրանք խորհրդանիշներ են այն ուժի, որ մեզ ամփոփում է իր մեջ, և որը կյանքի եղանակներից մեկն է, չնայած նրա մասին գիտենք միայն այն, որ գոյություն ունի: Բայց մենք զգում ենք այս գոյությունը. այն մեզ իշխում է, ձևավորում, մինչդեռ չենք կարողանում ընկալել այն: Մենք ներծծված ենք նրանով, քանի որ մենք մարդիկ ենք, իսկ դուք՝ երկրաչափներ, թեկուզև աստվածության…
Ժամանակը ձեզ համար այն է, որքանը որ իրացնում եք նրանից, և մենք այն ենք, ինչ ժամանակն է մեզ հետ անում:

Ա.Դ.-ն Լինգին
Կանտոն

Իմ թանկագին բարեկամ,
Այս ամենն ինձ շատ կամայական է թվում, նույնքան կամայական, որքան ամենավատ համակարգը, որքան ամենակեղծ փիլիսոփայությունը: Ես տեսնում եմ այն ջանքը, որը դուք գործադրում եք միտքը աշխարհից չբաժանելու համար, ինչպես մենք՝ ձեռք բերելու համար ավելին, քան խեղճ գոռոզ ուրախությունը, որ միտքն է տալիս Արևմուտքին: (Շնչառության վերահսկումը, որի դեմ սովորաբար բողոքում են եվրոպացիները, ինձ քիչ է անհանգստացնում: Միայն թե այն ընդամենը նման է նախնական մոգության): Եվ ես գիտեմ, որ ձեր զգացմունքները, շատ ավելի քան մերը, ի վիճակի են տարվելու անանձնական իրերով. դուք ավելի, քան ձեր կանանց նկատմամբ քնքշանքով եք լցված ձեր նախնիների հանդեպ, լինեն նրանք մեռած թե ողջ: Ձեր ստացած դաստիարակությունը ավելի է ուժեղացնում ձեր այն զգացմունքները, որոնք կախված են վերացարկումից, որը ձեզ հնարավորություն է տալիս ձեր զգայականությունը դիտարկել ավելի պայծառատեսորեն, քան այդ կանեին կանայք, ոսկին կամ իշխանությունը:
Ձեր որոնման հիմքում ես հավատի դրսևորում եմ տեսնում: Ոչ թե սկզբունքի գոյության մեջ, այլ արժեքի, որ դուք եք նրան տալիս: Էքստազի մեջ մտածողը ինքն իրեն նույնացնում է բացարձակի հետ, ինչպես ձեզ ուսուցանում են ձեր իմաստունները. նրանք բացարձակ են անվանում զգայականության բարձրագույն կետը: Ձեր փիլիսոփաների այն փաստարկը, թե էքստազները միանման են, քանի որ սկսվում են այնտեղ, որտեղ վերջանում է աշխարհը, ինձ ոչնչություն է թվում, ոչինչ են նաև այն հետևանքները, որոնք նրանք բխեցնում են դրանից: Անալոգիաներ գոյություն ունեն միայն որոշարկված իրերի միջև. չորոշարկվածը բոլորովին անալոգ չէ ինքն իրեն և դուրս է անալոգիաների աշխարհից: Այստեղ խոսքն ընդամենը ինչ-որ եղանակով գիտակցությունը կորցնելու մա-սին է: «Սա հենց նշանակում է գտնել գիտակցությունը,- ասում են նրանք,- ինքն իրեն միացնել աշխարհի հոգուն»: «Մի գիտակցություն,- ուզում եմ պատասխանել նրանց,- մի գաղափար»… Բայց մահվան ամենագեղեցիկ առաջարկը լուծում է սոսկ թուլության համար…
Այս ամենի մեջ ինձ պահողը կարևորությունն է, որ տրվում է այն շարժումներին, որոնցով զգայականությունը միայն ինքն իրեն է պարտական մնում: Մեր՝ արևմուտքցիներիս մեջ ես տեսնում եմ մարդկանց, որոնց կյանքը նրանք են որոշել, և կասկածում եմ, որ մենք բոլորս էլ դրանից ենք կախված: Ահա գրեթե երկու տարի է ուսումնասիրում եմ Չինաստանը: Նախ և առաջ այն ձևափոխել է մարդու մասին արևմտյան պատկերացումս: Ես այլևս չեմ կարող մարդուն ընկալել իր ինտենսիվությունից առանձին: Բավական է կարդալ որևէ փիլիսոփայական տրակտատ՝ հասկանալու համար, թե մեր ընդհանուր ամենախորաթափանց գաղափարները որքան կեղծ են դառնում, երբ ցանկանում ենք դրանց միջոցով հասկանալ մեր գործողությունները: Նրանց արժեքն անհետանում է մեր որոնման խորացմանը զուգահեռ, և միշտ դեմ ենք առնում անհասկանալիին, աբսուրդին, այսինքն՝ յուրահատուկի ծայրահեղ կետին:
Այս աբսուրդի բանալին արդյոք այն մշտապես տարբեր ինտենսիվությունը չէ՞, որ հետևում է կյանքին: Այն ազդված է մեր ինքնակամ, հայտնի կյանքից, ինչպես նաև ավելի՛ գաղտնի կյանքից, որ ստեղծված է երազանքներից ու անիմանալի զգացողություններից, որ տարածվում են բացարձակ ազատության մեջ: Թող որ մարդը երազի դառնալ թագավոր կամ երջանիկ սիրեկան, դրանից ոչինչ չի փոխվի առօրյա արարքներում, բայց եթե որևէ սեր, բարկություն, որևէ կիրք կամ ցնցում նրան շարքից հանի՝ ինչպիսիք են այլոց արարքները, ապա այդժամ կարող են արձագանքել նրա մեջ՝ կախված նրանից, թե մարդը խանդավառված կլինի թե ճնշված… Վերթերը մահվան առաջարկն է, բայց սոսկ ոմանց կողմից է ընդունված և միայն՝ ինչ-որ պահի: Եվ սերը, սերը, որը պետք է առանձնացնել կնոջը տիրանալու կամքից, այդ փոխադարձ սերը արդյոք ինքն էլ մի տարօրինակ անտառ չէ՞, որտեղ մեր գործողությունների և կամքի տակ խաղում է զգայականությունն ու տանջվում ուզածին պես և երբեմն էլ բաժանում մեզ՝ կարծես թե մենք, ծանրաբեռնված մեր զգացմունքներով, այլևս չէինք կարող դրանց դիմանալ: Քանի որ դրանք իրենց կյանքի ազդեցությամբ ձևափոխվում են ավելի հաստատորեն, քան իրադարձությունների կողմից: Խորունկ կյանքը՝ անորոշության հաղթանակը, անընդհատ վերսկսվող ճակատագրական կառուցումը բացառիկ պատահականության…

Ֆրանսերենից թարգմանեց Նունե Աբրահամյանը

«Գարուն», 2001, 2

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով