Ռուբեն Անգալադյան. Հրեաներն ու հայերը

Էթնիկ պետական զուգահեռներ

20-րդ դարում այս երկու ժողովուրդները ստացան, իսկ ավելի ճիշտ՝ վերանվաճեցին սեփական տուն, պետություն ունենալու իրավունքը, թեև հրեաների միայն տասը տոկոսն է ապրում Իսրայելում (նույնքան իռլանդացիներ ապրում են իրենց պատմական հայրենիքում), և մոտավորապես 17 տոկոս հայերը՝ Հայաստանում ու Ղարաբաղում։
Յուրաքանչյուր ժողովուրդ սեփական քաղաքական կամքի և ինտելեկտի չափով (այս ամբողջությունն էլ ազգային երևակայությունն է կամ այն իրականությունը, որն ինքն է կառուցում իր գիտակցության մեջ) բացահայտում ու վերլուծում է աշխարհը, իրականությունը։ Լինում են ժողովրդի թեթև կամ ծանր հիվանդության ժամանակահատվածներ, երբ իրականության գիտակցությունը չի համընկնում բուն իրականության հետ։ Այստեղից էլ՝ ժողովրդի գործունեության անհամարժեքությունը և, որպես արդյունք, տեսանելի կամ ոչ տեսանելի պարտությունը։
Ազգային պետություն ստեղծելու ձգտումը (որոշակի էթնիկ տարածքում կազմակերպվել որպես փոխհարաբերությունների կայուն ու կուռ համակարգ) երկու ժողովուրդների մոտ էլ անցել է գոյատևման բազմադարյա տառապալից պայքարի ուղիով, իսկ ստեղծելու նախաշեմին՝ ցեղասապանության գողգոթայի միջով։ Ընդ որում՝ և մեկ, և մյուս ժողովուրդը կորցրել է իր էթնոսի համարյա կեսը։
Այդուհանդերձ, այժմ երկու ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունների միջև կան ոչ քիչ էական տարբերություններ.
— Հրեական ցեղասպանությունը կատարվել է պատմական հայրենիքից հեռու, իսկ հայկականը՝ սեփական էթնիկ տարածքներում։
— Ժողովրդի կործանումից բացի, հայերը անվերադարձ կորցրին ողջ արևմտահայ մշակույթն ու զրկվեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից, որտեղ ապրել էին հազարամյակներ շարունակ։
— Հրեա ժողովուրդը, որպես կանոն, սփյուռքում ապրում է քաղաքներում, ու հատկապես քաղաքային բնակչությունն ու քաղաքային մշակույթը ոչնչացվեցին երկրորդ համաշխարհային պատերազմում, իսկ հայերի դեպքում ոչնչացվեց ինչպես գյուղացիությունը (ցանկացած ժողովրդի հիմքը), այնպես էլ քաղաքային բնակչությունը։
— Հրեական ցեղասպանությունը իրագործվել է Եվրոպայի տարբեր երկրներում ու նախկին ԽՍՀՄի եվրոպական մասում, և միջազգային հանրությունը, հաղթանակ տանելով գերմանական ֆաշիզմի դեմ, դատապարտեց նրան, ինչը հրեաներին իրավունք տվեց ստանալ բարոյական ու ֆինանսական, ինչպես նաև իրավական փոխհատուցում։ Ավելին՝ հրեական ցեղասպանության փաստն ինքնին կարող է օրինակ ծառայել արդի հրեական սփյուռքի կյանքում որպես բավական լուրջ իմունիտետ։ Այդ ամենը տրված չէ հայերին։
— Թուրքերն այսօր էլ պատրաստ չեն ընդունել սեփական չարագործության փաստն ընդդեմ մարդկության, իսկ Գերմանիան, ինչպես նաև նրա այն օրերի դաշնակից պետությունները, անգամ չեզոք Շվեյցարիան, խոստովանում են ցեղասպանությունն իր բոլոր դրսևորումներով ու պայքարում ֆաշիզմի ցանկացած արտահայտման դեմ։
— Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին (երբ իրագործվեց չարագործությունը հրեա ազգի նկատմամբ) աշխարհը պատրաստ էր խոստովանել սեփական մեղավորությունը այդ ժողովրդի հանդեպ, քանզի այն կատարվել էր ոչ թե քաղաքակիրթ ժողովուրդների աչքից հեռու, այլ հենց Եվրոպայում։ Ասենք, որ հրեա ազգն էլ, ի տարբերություն մեզ, ավելի կազմակերպված էր, ավելի նախապատրաստված ինտելեկտուալ ու քաղաքական առումներով, ֆինանսապես առավել հարուստ էր, որպեսզի պաշտպաներ իր օրինական իրավունքները։ Ավելին, հրեա ազգը պատրաստ էր ստեղծել իր սեփական պետությունը, որին ձգտում և ինչը իրականացնում էր հետևողականորեն համարյա 20-րդ դարի ողջ առաջին կեսում։
— Հայաստանը խորհրդայնացվեց (ինչը նշանակում է նաև տարածքների կորուստ, երբ ԼենինՍտալին ալյանսը մի կողմից, Աթաթուրքն էլ՝ մյուս, երրորդն էլ հայ քաղաքական թուլությունն ու կարճատեսությունը, անօգնականությունն ու շփոթվածությունը թույլ տվեցին ազգից խլել ոչ միայն ողջ Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյանի մի մասը՝ Նախիջևանի մարզը, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղը և այլ հողեր)։
— Հրեա ժողովրդի ներսում մի քանի կառույցներ գործում էին չափազանց արդյունավետ, այդ թվում՝ Հրեական համաշխարհային կոնգրեսը, Ամերիկայի սինագոգների խորհրդին կից հուդայական քաղաքականության ուսումնասիրությունն ու ծրագրավորումը Նյու Յորքի համալսարանում, Սինագոգների կոնգրեսը և այլն։ Ասենք, հուդայականությունն էլ ու նրա հոգևոր հայրերը, նրա ազգային խորագույն ավանդույթները որոշիչ դեր խաղացին համաշխարհային հրեականության ճակատագրում արմատական շրջադարձի համար կազմակարպվածության առումով, ինչը և ստեղծում է ազգի համար ճշմարիտ հեռանկարներ երջանիկ ապագայի համար։
— Ինչպես և երկու հազար տարի առաջ, այսօր նույնպես հրեաները մոտ են այն բանին, որ ստեղծեն մարդկության ինչոր համընդհանուր դիմանկար, նրա աշխարհըմբռնման էությունը։ Աշխարհի տարբեր երկրներում և գիտության ու մշակույթի տարբեր բնագավառներում հրեաների ինտելեկտուալ ու հոգևոր աշխատանքն ունի բարձր, և շատ դեպքերում՝ զարգացման միանման մակարդակ։ Իսկ եթե հաշվի առնենք նրանց միավորված կամքը, իմաստավորման, իրականության արտացոլման միացյալ վեկտորը, նրանց չափազանց բևեռային մոտեցումը ինչպես ազգային մշակույթի ավանդույթների խորքում, այնպես էլ մշակույթում մշտապես արդիական լինելու ձգտումը (ինչը ակնհայտ երևաց 20-րդ դարում), ապա կարելի է խոսել ժամանակի որոշակի ժամանակահատվածում համաշխարհային մշակույթում բավական օբյեկտիվ հայացքի մասին։
Ավելի քան հազար տարիների ընթցաքում հայ ժողովուրդը «կարողացավ» ոչ միայն կորցնել էլիտան, ազնվականությանը, այլև նման ընտրության անհրաժեշտությունը։ Ընտրության այդպիսի մեխանիզմը կորսված է ու դեռ անհայտ է, թե ե՛րբ կարող է վերականգնվել։ Իսկ առանց այդ չափանիշի անկարելի է հասկանալ ազգի իրական ներուժը՝ ոչնչացված է նրա իմունիտետը։ Հենց սրանով է բացատրվում ազգային երևակայության մեջ իրականության զգացման բացակայությունը, համազգային, հատկապես համապետական հարցերի լուծման բացարձակ անօգնականությունը հասարակության ինքնակառավարման կառույցում։ Ստացվում է, որ ամեն մի նոր սերունդ նորովի է բացահայտում աշխարհը, ինչը ոչ միայն նվազ արդյունավետ է դարձնում վերլուծությունը, այլև բացարձակապես հարթպարզունակ, զգացմունքային։ Այսպիսով, ազգային հանրագումարային փորձը, վերլուծությունը, միտքը խղճուկ գոյությունն է քարշ տալիս, քանզի դրանք հայերի համար վերծանելը հնարավոր չի՝ ներկա հասարկության, ողջ ազգի համակարգված հայացքը այն ճշմարիտ որոնումը չէ, ոչ էլ այլ ճշմարիտ չափանիշը, որոնք օգնելու են հայերին փակ շրջանակից դուրս գալու համար։ Ուրեմն, հայերը դժվարություններ ունեն ոչ միայն գաղափարների և դրանց հերթագայորեն առաջնորդվածության ու լուծման, այլ նախ և առաջ իրական տեսակի բացահայտման առումով՝ մարդկային ի՛նչ տեսակ կարող է առաջ քաշվել որպես համազգային առաջնորդներ։ Հրեա ժողովուրդն ազգային կյանքի այդ կարևորագույն մեխանիզմը կարողացավ պահպանել թափառումների երկարամաշ դարերի միջով, թեև դա այնքան էլ դյուրին չէր։ Իսկ հայերիս դեպքում իրականությունը գնահատվում է միայն մասնակիորեն, քանզի նրանք, ովքեր ներկայացնում են ազգային պատկերացումները, ի զորու չեն տեսնելու իրականության ողջ պատկերը, այստեղից էլ այն կոնֆլիկտը, որ ծագում է ազգի և աշխարհի, Հայաստանի և աշխարհի միջև։
Այդ կոնֆլիկտի վերլուծությունը, որպես կանոն, հանգեցնում է ազգային կյանքի մի ինչ-որ կեղծ նպատակի և պարտության: Իսկ ազգի ճշմարիտ առաջնորդները, որպես կանոն, կամ լքում են ազգը, կամ ազգի ներսում քարշ են տալիս խղճուկ գոյություն:
Հայերի մեջ «հույսերն իրենց վրա դնողները» կամ «միջակացված-ունիվերսալները» կազմում են ոչ միայն ազգի գերակշռող մարմինը, այլև հանդիսանում են նրա կոլեկտիվ մտքի ու կամքի արտահայտողները: Իսկ հրեաների դեպքում ընտրության ավանդական մոդելի պահպանման հետ միաժամանակ առաջնորդի բացահայտումը կազմում է ազգային կյանքի կարևորագույն բաղկացուցիչ մասը՝ բոլոր «հույսերն իրենց վրա դնողները», բոլոր «միջակացվածունիվերսալները» ազգային մարմնի ներսում շատ ամուր ամրացված են գլխին: Եվ ոչ թե ամբողջություն են կազմում, ինչպես հայերի դեպքում:
Ահա թե ինչու վերջին տարիներին այդքան հայ լքեց երկիրը՝ ազգային կյանքի ներսում այնքան չնչին է արդարության ակնկալիքը, այնպիսի արագությամբ է կորցնում իր դիմադրողականությունը, որ իմաստավորման ժամանակ չի մնում:
Մի հանգամանք ևս. եթե ազգի ներսում բոլորն են մտածում ազգի փրկության մասին, և ամեն մեկը փրկության ի՛ր ծրագիրն ունի, նշանակում է, որ չկա այն ազգային կառույցը, որ հանձն պիտի առներ այդ առաքելությունը, սա ապացույցն է այն իրողության, որ պետական համակարգի ներսում բացակայում է ընտրության արդարացի մոտեցումը, ուրեմն և՝ չկա միասնական ծրագիր ու միասնական կամք: Այս իրավիճակն էր հրեաների շրջանում մինչև 19-րդ դարի կեսերը, հայերի դեպքում դա շարունակվում է առ այսօր: Վերոբերյալ հանգամանքները թուլացնում են հայ ազգը, քանի որ այդ «միջակացված-ունիվերսալներն» ու «հույսերն իրենց վրա դնողները» համարյա թե առանց ջանք թափելու (զգալ է տալիս բազմադարյա փորձը), շատ դյուրին ներկրվում են օտար էթնոսի մեջ: Ի դեպ, նրանց համար ավելի հեշտ է այլ էթնոսի մեջ ներկրվելը, քան ընդհանուր լուծում գտնել սեփական ազգի ներսում:
Երկու ազգերի մոտ էլ ազգային կյանքի անկայունությունն ու երերունությունն սկսվում են կեղծ հայրենասիրական կարգախոսներից, հասարակության իրական հարցերն ու խնդիրներն առանձնացնելու անկարողությունից, իսկ ճշմարիտ ինքնագնահատության փոխարեն՝ ազգային կյանքի իրական ներքին ուժերի գերագնահատումից:
Սակայն ազգային կյանքի ներսում և՛ հայերը, և՛ հրեաները ստեղծել են այդ համազգային համակարգի ամենաուժեղ սուբյեկտը՝ ընտանիքը: Երկու ազգերի մոտ էլ այն համարյա ունիվերսալ է, ինչը նշանակում է՝ այդ բջջի ներսում փոխհարաբերություններն այնքան ամուր ու բազմակերպ են, որ կարող են գործել ցանկացած էթնոսում համարյա բոլոր հնարավոր ու անհնարին իրավիճակներում:
Այսպիսով, հայ ազգի ամենաբնորոշ մարդկային տիպերը միավորված են, այսպես կոչված, «միջակացվածունիվերսալ» սոցիալական տեսակի մեջ, իսկ վերջինս չի կարող ունենալ ընդհանուր, պետական նպատակներ: Նրանց միավորող միակ գործոնը անձնական հարստացումն է: Այդ հիմքի վրա անհնար է կառուցել իշխանության պետական մեխանիզմ:
Դարավոր թափառումների հետևանքով հրեաները լրիվությամբ կորցրել են գյուղացիությունը որպես խավ: Ու եթե այսօր Իսրայելն իր էթնոսի մի մասին «ավետյաց երկրին» ամրացնելու ուժ և իմաստություն չունենա, բավականաչափ դժվար կլինի գոյատևել որպես պետություն, որպես ազգ: Հրեաների մեջ գյուղացիությունը (ցանկացած էթնոսի հիմքը) սրբագրում է ազգի կոլեկտիվ երևակայությունը, այստեղից է սկիզբ առնում հոգևոր զարգացման, նորացման նոր փուլ տանող ուղին: Առանց այդ նորացման չի կարող երևան գալ հրեա ժողովրդի էթնոգենեզի նոր փուլը:
Առաջին հանրապետությունը դարձավ հայկական առաջին պետությունը հազարամյա ընդմիջումից հետո: Իր պատմական տարածքում այդ պետության բնակչության գերակշիռ մասը գյուղացիությունն էր: Առաջին հանրապետությունում (1918-1920 թթ.) պետական կամքի կազմակերպումը, պետական մտքի բացահայտումն իրականացվում էր հարևանների կողմից չդադարող ագրեսիայի պայմաններում և տարբեր երկրներից հապշտապ ժամանած ազգին ինտելեկտուալ ուժերի աջակցությամբ: Ինչը չէր կարող իր հետքը չթողնել պետական գիտակցության մեջ իրականության վերականգնման որակի վրա, սեփական ուժերի ու առաջադրված խնդիրների ճիշտ գնահատականների, ինչպես նաև դրանց իրագործման ժամանակի ու տեղի վրա:
Իսրայելն այն պետությունն է, որն ամբողջովին վերակառուցում է (իսկ գուցե դա նոր էթնոգենեզի պատմական շրջադարձային փուլ է) սեփական էթնոսը պատմական հայրենիքում Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի հրեական սփյուռքի տարրերից… Սա մարդկության պատմության մեջ իր նախադեպը չունեցող փորձարարություն է, քանի որ պահպանում է ավանդույթների ողջ կառույցը, հանդիսանալով հրեա ժողովրդի պատմության կենդանի շարունակությունը: Անվիճելի է, որ Իսրայելը կօժանդակի հրեա ողջ ազգի երիտասարդացմանը, նորացմանը (հիշենք Ֆ. Կաֆկայի խոսքերը. «Մենք՝ հրեաներս, ծնվում ենք արդեն ծերացած»), նոր հազարամյակի գերարագ, համընդհանուր արագությունների ռիթմին միանալուն:
Ինչպես ցանկացած ավարտուն համակարգ, յուրաքանչյուր ժողովուրդ ապրում է իր ժամանակը, որը շատ հաճախ չի համընկնում օրացույցի հետ: Ժողովուրդների մեծ մասն հապաղում է իր զարգացման մեջ կամ ի ժամի ներկրվել համաշխարհային գործընթացներին:
Հայտնի է, որ հայերի ազգային խառնվածքում զգացմունքային-ռոմանտիկ սկիզբը համադրվում է ծայրահեղ ռացիոնալիզմի հետ: Միջակացված-ունիվերսալները կառուցում են իրենց անիրականանալի դղյակներն ու հեքիաթներ հյուսում պետական հարցերի շուրջ, իսկ կենցաղային, առօրյա կյանքում ծայրահեղ հաշվենկատ են: Կարող ենք պնդել. որպես ազգային հավաքականություն հայերն ունեն մեծ սիրտ ու փոքր հոգի (վեհանձն են ու փոքրոգի): Պատճառն էլ միակն է՝ որ հենց միջակությունն է գլխավորում ազգային միտքն ու արտահայտում նրա կամքը: Հենց այդ միջակությունն է, որ կործանել է հայոց պետականությունը վաղ միջնադարում և այսօր էլ համառորեն շարունակում է ղեկավարել հասարակութունը: Ի վերջո, հենց այդ ընտրությունն է կատարում ազգը, երբ դեմ հանդիման է մնում սեփական ճակատագրի հետ: Ինչ կատարվել է մեզ հետ դարերի ընթացքում՝ մեր ազգային մտքի՝ որպես մեր կյանքը բացահայտող ու մոդելավորող մեխանիզմի թերություններն են կամ, ավելի ստույգ, թուլությունը:
Չնայած հրեաների՝ աշխարհասփյուռ լինելու հանգամանքին, նրանք պահպանել են իրենց կրոնապաշտությունն ու ստեղծել են կրոնական մի շարք կլաններ ու կաստաներ: Ազգային կյանքի այդ սուբյեկտներն են, որ որոշում են հրեա ազգի կրոնապաշտության խորությունն ու ամրությունը: Հայերը, մեծ մասամբ հեռու են կրոնից և նրանց խոր կրոնապաշտության մասին խոսել չենք կարող: Միայն առանձին մարդիկ, եզակի դեպքեր…
Ազգային պետություն ստեղծելուն զուգընթաց և՛ հրեաները, և՛ հայերն սկսում են փոխել իրենց հայացքը աշխարհի նկատմամբ՝ ձևափոխելով ոչ միայն առաջադրված խնդիրների հերթականությունը, այլև այդ խնդիրների բովանդակությունը: Անհրաժեշտ է բաց լինել աշխարհի առջև (հատկապես ազգամիջյան ամուսնությունների առումով), պայմանով, որ այսպես կոչված գենոֆոնդը կամ «ազգային միջուկը», որը կազմում է ազգային տեսակի հիմքը և նրա աշխարհընկալումների արտահայտիչն է, մնա անձեռնմխելի:
Իսրայելում ազգային կյանքը կազմված է կաստայական սկզբունքներից, իսկ հայերի դեպքում այսօր առկա է տոհմական ու պատահական հարաբերությունների վերակենդանացող դերը: Այսինքն, հայերի դեպքում ընտրությունն ընթանում է մարդկային հատկանիշների պակաս արդյունավետ ու քաոսային դիապազոնում: Այսինքն, հայերը տեսնում են աշխարհը ձևախեղված, ոչ ճիշտ: Իսկ դա արդեն աշխարհի հետ բախման մեջ մտնելու պատճառ է:
Դարեր շարունակ հրեական էթնոսի ներսում տիրող հոգեբանական հենքը ծանր էր, ճնշող: Բայց 19-րդ դարի վերջերին սկսվում է ներքին էթնիկ կապերի նորացում՝ հոգեբանական հենքն աստիճանաբար կայուն, բարեհաճ ու կառուցողական բնույթ է ձեռք բերում:
Հայ ազգի հոգեբանական հենքը դեռևս չի հավասարակշռվել՝ պահպանելով խորացման բոլոր նախանշանները: Եղեռնի հոգեբանական խեղվածքին ավելացան խորհրդայնացման բոլոր արատները: Այստեղից էլ՝ սփյուռքի երկակի վերաբեմունքը Խորհրդային Հայաստանի (նրա մի մասը հնազանդ ծառայում էր ԽՍՀՄին ու ՊԱԿին, ինչը կատարվեց նաև հրեաների հետ), իսկ հիմա էլ՝ անկախ պետության, նրա ղեկավարության հանդեպ: Ավելին, հայկական սփյուռքի բոլոր կարևորագույն արատները ներթափանցում են Հայաստան ու դառնում ազգային կյանքի կարևոր բաղադրիչներ: Խորհրդային Հայաստանի (հիմա կարող ենք ասել, որ այն հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում ամենահզոր ու ծաղկուն երկիրն էր) վերափոխումը Հայաստանի Հանրապետության իրականացվում է հիվանդագին ու բացարձակապես անարդարացի գործողություններով, ինչպես ՀՀ առաջին, այնպես էլ երկրորդ նախագահի կողմից:
Իրականությունն արագ բացահայտելու և առաջադրված խնդիրները վերլուծելու, օտար միջավայրում իրական աշխարհի սուբյեկտ գիտակցելու կարողությամբ օժտված է և՛ հայկական, և՛ հրեական սփյուռքը: Իրականության մեջ արագ ադապտացումը այս ժողովուրդներին նմանության եզրերի է բերում նաև ազգային կյանքի առումով: Սեփական ու օտար կյանքերի ընկալման մեխանիզմն առավելի ճշգրիտ արտացոլվում է հատկապես այն դեպքում, թե իրականությունը, որում հայտնվել են հայն ու հրեան, ի՛նչ ճշգրտությամբ է ընկալվում և ի՛նչ արագությամբ է ադապտացվում յուրաքանչյուրի էությունը: Իմ խորին համոզմամբ, երկու ժողովուրդների միջև տարբերությունն այս է. հրեաները հստակ գտնվում են սեփական ժողովրդի, սեփական ազգային շահերի ներսում (երբեմն ընդլայնելով սեփական ազգայինի սահմանները), և այս դեպքում նրանց օգնում է զսպող մեխանիզմը, որը գործում է կյանքի ընկալման բոլոր մակարդակներում: Իսկ հայը նույն իրավիճակում հաճախ կորցնում է այդ սահմանը, դառնում է ուրիշ էթնոսների կրողը կամ կյանքի օտար մոդելի ջատագովը, ինչը և հանգեցնում է ուծացման:
Եվ իրոք, հայերը հաճախ, իսկ երբեմն՝ լիովին հրապուրվում են օտար երկրով, ժողովրդով, փորձում են ավելի խոր թափանցել իրենց շրջապատող աշխարհի հիմնախնդիրների մեջ և անմնացորդ ծառայել դրանց: Հրեաներն ավելի ճշգրիտ ու խիստ են որոշում իրենց և օտար չափանիշները, և երբեք չեն շփոթում դրանց հերթագայությունը:
Հայկական իրականության մեջ ակնհայտ է եկեղեցական ինստիտուտի թուլությունը, քանզի ո՛չ իր ներքին կամքով, ո՛չ բովանդակությամբ նա չի կարող լուծել այն հարցերն ու խնդիրները, որոնք կանգնած են նրա և ժողովրդի առջև: Իսկ հրեա ժողովրդի հոգևոր հայրերը, սինագոգը, կրոնական մտածողության ողջ ինստիտուտն գործում է ոչ միայն ի շահ ինքնագիտակցության, այլև գործնականորեն օգնում է կյանքում առկա շատ խնդիրների լուծմանը: Հոգեկանությունն ու իրականությունը մերձենում են միմյանց, ինչպես ավանդույթն ու արդիականությունը:
Ցանկացած ծայրահեղություն (հոգևոր, կրոնական, ֆիզիկական, քաղաքական և այլն) ցանկացած ազգային խառնվածքի ներսում պիտի ուղղորդվի ու չպիտի լինի որոշիչ կամ անգամ ժամանակավորապես գերակայող կայուն հասարակության մեջ:
Ինչքան բաց, օբյեկտիվ է ազգի ներսում կատարվող անհատի գնահատականի ու ընտրության չափանիշը, այնքան հրապուրիչ է, այնքան ուժեղ է ժողովրդի, պետության դիմադրողականությունը:
Այս երկու ժողովուրդների կենցաղային իմաստությունները սփյուռքում բովանդակությամբ շատ հարազատ են իրար, սակայն կան և տարբերություններ: Որպես կանոն, հայերն առաջ են գնում անձնական հատկանիշների շնորհիվ, նրանց թիկունքում չկա ազգային դիմադրողականության մեխանիզմ այն դեպքում, երբ հրեաներն ունեն ոչ միայն գոյատևման, այլև իրական զարգաման կարևորագույն այդ մեխանիզմը: Հրեաները հասել են այն բանին, որ անհատի կամ նրա շրջապատի դիմադրողականությունը պաշտպանում է ոչ միայն նրանց, այլև ողջ հասարակության, ազգի խելքը, փորձն ու ինտելեկտը:
Սփյուռքում հրեական կյանքի ներփակությունը նրանց ուժի հավաստումն է, նշանակում է, որ իրե՛նք են ընտրում, և ոչ թե հակառակը: Հայերի դեպքում դա նրանց թուլության հավաստումն է: Հայերի թուլությունն այն է, որ սփյուռքում իրենց պանդուխտ են ընկալում, թափառական, ոչ թե այս կամ այն երկրի լիիրավ քաղաքացի հոգեբանական իմաստով:
Հանրահայտ է, որ մշակույթը որպես պրոցես անընդմեջ է ոչ միայն ժամանակի մեջ, այլև համապարփակ է: Այսպիսով, հայ մշակույթը սկսվել է քրիստոնեության ընդունումով և ավարտվել է կամ, ավելի ստույգ, ավերվել է Անիի թագավորության կործանումով: Ազգային պատմության այս ժամանակաշրջանը կարելի է բնորոշել որպես հայկական քաղաքակրթություն: 11-րդ դարից հետո հայերն ունեն ընդամենը սեփական մշակույթի դրվագներ. հետագայում մշակույթի որոշ դսևորումներ պահպանվել են, մյուսներն ընդհատվել են, իսկ որոշները առաջացել են միայն 19-րդ դարում կամ անգամ՝ 20-րդում: Հրեաների աշխարհընկալման ուղին այլ, ավելի բարդ ուղի է անցել: Ազգը նախ և առաջ իր ուշադրությունը կենտրոնացրել է մարդկային գոյակցության հիմնարար հարցերի վրա: Հուդայականությունը, իսկ հետո և քրիստոնեությունը նրանց ազգային գիտակցության կարևորագյուն փուլերը դարձան: Աշխարհընկալումների ու աշխարհըմբռնումների բնագավառում բացահայտումները հրեական ազգի համար եղել են ու այսօր էլ մնում են կարևորագույնները նրանց ազգային գոյակցության բացարձակապես առանձնահատուկ ձևի մեջ: Ինչ վերաբերում է մշակույթին, ապա ազգային գեղարվեստական միտքը դրվագային բնույթ ունի, ու միայն հուդայականությունը որպես ամբողջական զանգված միավորում, լրացնում ու բացահայտում է հրեաների ազգային մշակույթը:
Այսօր Իսրայելն ու Հայաստանը կառուցում են իրենց ապագան, միաժամանակ կանգնած են ճակատագրական նշանակություն ունեցող հարցերի առջև, որոնք տարբերակված պատասխան են պահանջում: Երկու երկրներում էլ էթնոսը գտնվում է նոր էթնոգենեզի շրջադարձային փուլում, երկուսում էլ պետական ու ազգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել միայն շահագրգիռ երկխոսության շնորհիվ: Ներքին ազատությունը, արդարության ճշմարիտ մոդելն ու իրականության ճշմարիտ վերակառուցումը կախված է Իսրայելի ու Հայաստանի կառուցմանը նվիրված ու պրոֆեսիոնալ ուժերի միավորումից: Ինտելեկտուալ, ֆինանսական, տեղեկատվական և այլ վեկտորների բացարձակ միավորումը միայն հնարավոր կդարձնի այն բարեբեր հիմքի ստեղծումը, որով լուծում կստանան երկու ժողովուրդների առջև ծառացած բոլոր հիմնահարցերը:

«Գարուն», 2001, 2

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով