Ո՞րն է ժամանակակից մարդը

«Գարուն», 1967, 1
ԱՅՍ ՀԱՐՑՈՎ, ՄԵՆՔ ԴԻՄԵՑԻՆՔ
ՇԻՆԱՐԱՐԻ
ԻՆԺԵՆԵՐԻ
ՈՒՍԱՆՈՂԻ
ԱՇԱԿԵՐՏԻ

***
Ստացվեց, որ մեր անցյալ սերունդներին պատերազմ պարտադրվեց և միայն պատերազմից հետո ծնված սերունդին բախտ վիճակվեց ապրել առավել հանգիստ, շնչել «սեփական թոքերով»: Անցյալ սերունդները հնարավորություն և ժամանակ չունեցան վայելելու իրենց տառապանքի քառորդը և այսօրվա սերունդի մոտ է միայն, որ համեմատաբար երևում է առվի երկու ծայրը՝ ծնունդից մինչև մահ: Բայց արդյո՞ք կկարողանանք բավարարել մեր ներքին ծարավը կյանքի, տեխնիկայի ու ժամանակի տվածով: Այստեղ՝ այդ օբյեկտիվ կերպով եղած խզումը մեղմելու և նրան հասնելու հատվածը կարճելու համար հոգեկան ի՞նչ կարգավորիչ ու պոտենցիալ ունենք:
Հենց այստեղ պետք է խոսի ժամանակակից մարդը: Իսկ ինչպիսի՞ն է նա, որո՞նք են նրա անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, առաջին նախապայմանը հավատն է: Եթե հասարակության կշիռը չափվում է իր գնդակի պարկուճում ունեցած վառոդով, ապա անհատի կշիռը՝ հավատով: Մարդը պետք է հավատա ծառին, քարին, վեհ սկզբունքներին, իրեն, հավատա ինչին ուզում է: Հավատա, միայն թե հավատա մի բանի: Եվ կարևորը՝ հավատալուց առաջ պետք է այն զգա: Այդ հավատի տոկոսով էլ չափվում է նրա քաղաքացիությունը, մարդ լինելը, ժամանակակից մարդ լինելը:
Այսօրվա երիտասարդությունը վարժվել է մի վատ սովորության: Նրա օրը աշխատանքային ավարտի զանգից հետո փոքրանում է: Պետք է աշխատանքը հանգստի չափ հաճելի լինի, և հանգիստը՝ աշխատանքի չափ կարևոր: Ինձ թվում է, մարդը պետք է նաև կիսով չափ ճանապարհորդ լինի: Եթե ծնվել ես այդ երկրում, բարի եղիր իմանալ այն, եթե ծնվել ես ժողովուրդների մեջ, բարի եղիր լինել նրանց մեջ, աշխատում ես որևէ մինիստրությունում, բարի եղիր գարեջուր խմել մինիստրիդ հետ: Այդ դեպքում այնքան լայն կերպով քո մեջ կլցվի մարդկայինը, որ թարգմանության ու դիտողության և ոչ մի առիթ չի կարող տալ: Մարդկանց հետաքրքրություններին երբ ընթացք չի տրվում, նրանք հակվում են հավատալու այլ, իրենց հետ շատ քիչ կապ ունեցող մանր իդեալների: Դրանով հասարակությունից նախ հեռացվում է մի անհատ: Երկրորդ, նա, որ առաջ կարող էր մի թվով լայնացնել երկնքի կարմիր գույնը, ավելացնում է սևը, ավելացրած նաև այն ընտանիքը, որն իր սևի դրոշմը պիտի կրի: Որքա՜ն ծանր ու կրկնակին է հատուցում հասարակությունը իր մի սխալի համար: Ավելին, քան անհատը: Ահա ֆուտբոլի ստադիոնում գոլ են խփում: Հանդիսականները այնպիսի կրքոտությամբ են գոռում, աղաղակում, ցնծում… Իսկ այդպիսի վերաբերմունք դեռ չկա արվեստի, մարդու ճակատագրի, մի ծաղկի նկատմամբ: Իդեալ-ները պետք է մարդուց վեր բարձրացնել: Ժամանակակից մարդը առաջին հերթին պետք է կարողանա օգտվել օրենքից: Նրանից օգտվել պետք է սովորեցնել: Այսօրվա մարդը, իսկական մարդը պետք է ոչ միայն օգտվի օրենքից, այլև կարողանա բարձրանալ օրենքի աստիճանին, հասնի օրենքի մաքրությանը: Այս է իմ կարծիքով ժամանակակից մարդու երկրորդ կարևոր հատկանիշը:
Այս արագության դարում մարդը չի հասցնում շատ բան բռնել: Այնքա՜ն բան կա սովորելու: Բայց քանի որ հազիվ ենք հասցնում խորանալ մեկ ուղղությամբ, այլ բնագավառներում մնում ենք երեխայի այն տարիքին, որտեղից պոկվել ենք: Ահա հակասություն և մեր մեջ: Այսօրվա մարդու բոլոր «ճյուղերը» չէ, որ հավասար են իրար: Դա որքան բնական, նաև անցողիկ է, կարմրուկ հիվանդության նման: Մեր երկրում ինձ ավելի շատ դուր են գալիս մերձբալթյան ժողովուրդները: Երևի նրա համար, որ ունեն էտիկայի աստիճանի բարձրացված կենցաղ: Մեզ վրա ազդել են նաև անցյալի պարտադրվող ժառանգություններ, սովորույթներ և բաներ, որոնց թերությունը դեռ չենք կարող նկատել: Բայց մի բան պարզ է. ձեռքերն արդեն բացվել են մեծ, գիտակցական ազատությունների համար: Պետք չէ որոնել ժամանակակից մարդուն, այն մենք ենք՝ դու, նա, մյուսը, ես, մյուսները և մեզնից ավելին չենք կարող լինել, կարևորը՝ պա-կաս չլինելն է: Ու եթե մենք տրված հնարավորությունները գնահատել, պաշտպանել, արժեքավորել կարողանանք, արդեն հասած կլինենք մեզ՝ ժամանակակից մարդուն:
Պետք է առավել վստահել և առավել համարձակ լինել, կարողանալ նաև սերունդ դաստիարակել սովորեցնել, դրա ուժը, խոհեմությունը և ինքնավստահությունը ունենալ:
ՑՈԼԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
շինարար

***
Չորս հարյուր տարի առաջ մի Համլետ կարող էր ամենայն լրջությամբ խորհել լինել-չլինելու մասին, իսկ հիմա դրա մասին խորհելու անհրաժեշտություն չկա, որովհետև՝ լինելը անպայմա՛ն է:
Խորհելու է, թե ինչպե՞ս լինել:
Ինչպե՞ս լինել, երբ մեծ եղեռնի թողած սպիները չեն ջնջվելու երբեք:
Ինչպե՞ս լինել, երբ Հիրոսիման դժոխքի վերածողը՝ Կլոդ Իզերլին, միայն խելագար կոչվեց:
Ինչպե՞ս լինել, երբ ԳՖՀ-ի ընտրական մի տեղամասում նախկին էսէսականները շահեցին ձայների մեծամասնություն:
Երբ այսպիսի իրավիճակ է աշխարհում, պետք է նախ լինել մարդ-քաղաքացի՝ մտահոգված խաղաղության բախտով, աշխարհի բախտով: Սա պարտք է, պարտականություն, որ դրվում է հիմա ամեն մի ծնվողի ուսերին: Անհրաժեշտություն է սա և ոչ թե ցանկություն, որովհետև թափանցել ենք խելահեղ արագությունների և դիվային հզորությունների գաղտնիքի մեջ. մի ակնթարթ հապաղում և հրթիռի մահասարսուռ փայլը հազար կիլոմետրով մոտեցած կլինի: Ուրեմն, ժամանակիս մարդը պի-տի ապրի պարտականությունների նախապատվության գիտակցությամբ, իսկ ծնվողը՝ նրանք փոխառնելու պայմանով:
Պիտի ապրենք նաև իրավունքներ ակնկալելով, որոնք պետք է դրվեն պարտականություններից հետո կամ նրանց հավասար, բայց բոլոր դեպքերում՝ ո՛չ առաջ:
Հիմա մարդու մտածողության և հետաքրքրությունների մասշտաբները ավելի մեծ են և ավելի բազմազան: Դա նկատելի է նույնիսկ տասը տարի առաջվա համեմատությամբ:
Գիտությունը և արվեստը կարծես վրեժ են լուծում իրենց երեկվա դանդաղ ընթացությունից և ահռելի զարգացում են ապրում: Միջին ինտելեկտի մարդը հիմա պիտի կարողանա մարսել Մինասի կտավներն ու չզարմանալ ինտեգրատորի վրա, որը հնարավոր է դարձնելու ռադիոընդունիչը սեղմել 1 սմ խորանարդից էլ պակաս ծավալի մեջ:
Այսինքն՝ նա չի կարող զարմանալ, որովհետև մեկը մյուսի ետևից շշմեցուցիչ հայտնագործություններ են լինում, և շշմեցուցիչը դառնում է առօրեական, կորցնում իր զարմանալի լինելու հատկությունը: Բարդացել և միաժամանակ ճկունացել է մարդկանց փոխհարաբերությունը, որին օգնում են բազում և զարմահրաշ մեքենաները: Հիմա մարդը ավելի վստահ է, որ անպայման կգտնի իր ընդունակություններին ու կարողություններին համապատասխան տեղ և դիրք հասարակության մեջ, իսկ այդ վստահությունը ավելացնում է նրա կարողությունը ամեն ինչում և… սիրո մեջ: Այդ վստահությունը անկաշկանդություն է մտցնում երիտասարդի և աղջկա փոխհարաբերության մեջ, հեշտացնում փոխադարձ սիրո վրա հիմնված ընտանիք կազմելը:
Իմ կարծիքով ահա այսպիսին է ժամանակակից մարդը՝ իր հետաքրքրություններով և պարտականություններով:
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինժեներ

***
Իհարկե, դժվար հարց է: Բայց մենք պետք է կարողանանք պատասխանել այդ հարցին. չէ՞ որ դա մեր՝ ինչպես և ինչի համար ապրելու հարցն է:
Մեր սերունդը թեև դեռ ոչ վերջնական, բայց համեմատաբար ավելի որոշակի է զգում այդ հարցը՝ իր կոնկրետ միջավայրում, իր հակասություններով, անհանգստություններով: Ճի՞շտ
է, թե սխալ: Այդպես է: Կարևորը՝ մեր վերընթաց տնտեսությունն է, որը կկարգավորի նրա ցանկությունները և կճշտի՝ վերցնելու և հատուցման չափանիշները: Սա անցման շրջան է և չպետք է թողնել, որ ծանր նստի գյուղի վրա, նա՛և քաղաքի: Առաջինին վնասում է հոսունությունը, երկրորդին՝ գերհագեցածությունը: Եվ ստացվում է մի տեղ հողի սիրուց նահանջ, մյուս տեղում՝ ոչ բավարար սեր նոր քաղաքի հանդեպ:
Եվ եթե դա բազմապատկենք այն հակասությունների հետ, որ սկսվել է նաև ընտանիքում, բավականին կպարզվի դրությունը:
Օրինակ, ես սիրում եմ քաղաքը, բայց թոքերս նրա «օդը» դժվար են վերցնում, գյուղում էլ զբաղվելու քիչ բան կա: Մարդը երկնաքերներում ապրելու ցանկության մեջ մոռանում է հողը. հողը քիչ ենք սիրում, դրա համար էլ հատուցում ենք կրկնակի ծանրությամբ:
Քիչ ենք սիրում նաև ազատություններ տալ ու վերցնել: Մեր քույրերին, սխալներ չանելու վախից այնքան ենք պարտադրում զգույշ կյանքով ապրել, այնքան ենք խտացնում վարագույրների թիվը, այնքան քիչ ենք ինքնուրույնություն ու ինքնավստահություն տալիս նրանց, որ, երբ մի օր դուրս են գալիս այդ միջավայրից (իսկ դա պետք է մի օր անեն), այնպես հեշտ են սխալվում: Եվ ի՞նչ, կատաղում ենք և… կրկնապատկո՛ւմ վարագույրները: Այսօր գյուղերում աղջիկները կարմիր ու կապույտ գուլպաներ են հագնում: Նրանց մայրերը քրթմնջում են: Աղջիկները մոր քրթմնջալու վրա են քրթմնջում, հայրը՝ մեկի և մյուսի: Դրանով հանդերձ ընտանիք կազմող զույգերն ավելի հեշտ են հասկանում իրար: Այսօր համեմատաբար հեշտացել կամ գրեթե վերացել են այն ծայրահեղությունները, որոնք երեկ կային: Առաջ որքա՜ն շատ էին աղջիկ փախցնելու դեպքերը: Այսօր այդ բանը միայն զարմանք է պատճառում:
Բոլոր մեծ գյուտերին ուղեկցել է մարդու փոքր ու խեղճ լինելու տագնապը: Հետո վարժվել են: Այդ վախը կա նաև այսօր: Բայց ծաղիկը բոլոր մետաղներից միշտ գեղեցիկ է:
Հանգստի մասին: Առանց հանգստի լավ կազմակերպման ավելորդ է խոսել լավ կյանքի մասին: Պետք է մարդը կարողանա ոչ թե շաբաթ ու երկուշաբթի օրերի միջից պոկել իր հանգիստը, այլ պետք է այն իր կենցաղը դարձնի՝ չմտածելով այն ունենալու անհրաժեշտության մասին: Եթե հանգիստը լավ չի կազմակերպվում, ուրեմն լավ չի կազմակերպված աշխատանքը:
Ժամանակակից մարդը նա է, ով գիտի, թե ինչ է տալիս և ինչ է վերցնում, նա, ով կարողանում է պակաս կասկածամիտ և առավել ինքնավստահ փնել:
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գեղ. ինստիտուտի ուսանող

***
Այն հարցին, թե մարդն ինքն իր մեջ ինչն է դրական համարում, Ժերար Ֆիլիպը պատասխանել է՝ հպարտությունը: Իսկ բացասակա՞ն… հպարտությունը:
Մի փոքրիկ տղա բավականին վարժ ջութակ էր նվագում: Իմ այն հարցին թե շա՞տ է պարապում, նա ռուսերեն պատասխանեց, որ հայերեն չի հասկանում:
Ես շփոթվեցի.
— Դու հայ չե՞ս:
— Я армянин.
Չեմ կարծում, թե երբևէ ֆրանսիացին իր հայրենակցի հետ իսպաներեն կխոսեր:
Ինչքան հաճելի է, չէ՞, հյուր լինել զարգացած, համերաշխ ընտանիքում: Ընտանիքն է մարդու առաջին դաստիարակը, և ինչ լավ է, որ ընտանիքում քեզ թույլ են տալիս ընտրելու քեզ գրավող ճանապարհը:
Նախամարդը ազատ է եղել: Հիմա էլ մենք շատ ենք սիրում ամեն հարցում ինքնուրույն ու ազատ լինել: Ժամանակակից արևմտաեվրոպական արվեստը անկաշկանդ է զարգանում, բայց դա իր հետ բերում է նաև մեծագույն սխալներ:
Ժամանակակից մարդը նա է, ով ամեն բան ճիշտ է հասկացնում և նա, ով ամեն ինչ ճիշտ է հասկանում:
ԼԱՈՒՐԱ ՍՈԽԻԿՅԱՆ
10-րդ դասարանի աշակերտուհի

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով