«Իմ պայծառ, արևային Լուսիկ…»


«Գարուն», 1967, 1
(Ալյոշա Ստոլյարովի պատանեկան օրագրի էջերից)
Այս օրագիրը գրված է 50 տարի առաջ, 17 թվականի հոկտեմբերյան օրերին: Մի քանի հատված վերցված է 18 թվականի օրագրից, բայց դարձյալ՝ նույն հոկտեմբերյան օրերին է վերաբերում: Օրագիրը երկու հրաշալի մարդկանց բա-րեկամության մասին է, սիրո մասին, որ ծնվեց ու վառվեց-հանգավ այն դժվար, զարմանալի ժամանակներում: Ալյոշա Ստոլյարովը գրում է Լուսիկ Լուսինյանի մասին:
Կարի՞ք կա վերհիշելու Լուսիկի կենսագրության փաստերը: Նրա անունը փորագրված է Կրեմլյան պատի տակ գտնվող եղբայրական գերեզմանի վրա, հերոս ընկերների կողքին, որոնք ընկան հոկտեմբերյան մարտերում: Նրա անունով է կոչվում նախկին Մալայա Սերպուխովսկայա փողոցը: Ի դեպ, այդ փողոցի վրա էր գտնվում նախկին առևտրի ինստիտուտը, որտեղ 1916 թ. սկսվեց Լուսիկի հեղափոխական կարճ, բայց փոթորկալից կյանքը: Ինստիտուտի ոչ անհայտ ճաշարանը այն օրերին վերածվել էր հեղափոխական աշխատանքների գաղտնի կենտրոնի: Գործում էին բազմաթիվ քաղաքական խմբակներ: Այստեղ էր, որ Լուսիկը հանդիպեց Ալյոշա Ստոլյարովին և սիրեց նրան իր ռոմանտիկ հոգու բոլոր նյարդերով: Ալյոշան Լուսիկից ընդամենը մի տարով էր մեծ, տարված էր պոեզիայով, փիլիսոփայությամբ, երազում էր լրագրող դառնալ, խոր և զարմանալի օրագրեր էր գրում: Մենք մի քանի հատվածներ ենք տպագրում այդ օրագրից: Լուսիկի մասին են պատմում այդ էջերը: Մեր առաջ հառնում է ոչ միայն հրաշալի մի աղջիկ, որը կրքոտ վիճում էր «ճաշարանականների» նիստերում, ելույթներ էր ունենում Դանիելովյան մանուֆակտուրայի բանվորական միտինգներում, այլև այն Լուսիկի, որը կարող է ամբողջ գիշերը լսել Գյոթեի, Բայրոնի, Նեկրասովի բանաստեղծությունները, երազել գիշերային խարույկի շուրջ, ինչպես հիմա են երգում ու երազում մեր օրերի պատանիները: Օրագրի էջերում սիրող աղջկա՝ Լուսիկի շունչն է՝ մաքուր, մարդկային, բարձր:
Օրագիրը մեր ամսագրի խմբագրությանն է տրամադրել մոսկովաբնակ հայ երիտասարդ ժուռնալիստ Վլադիմիր Դոլուխանյանը, որը դրամատուրգ Բորիս Ռադկինի հետ միասին այժմ աշխատում է Լուսիկի կյանքի վերջին ամիսներին նվիրված լիրիկական վիպակի վրա:

Չգիտեմ, արդյոք իրավունք ունե՞մ գրելու: Գուցե Լյուսյան դժգոհ կլիներ, որ իր «տղան» լարված հասարակական աշխատանքի պահին տարվում է տխուր հիշողություններով: Բայց Լյուսյան թող ինձ ների, չէ՞ որ նրա համար ես ոչ միայն Բոռ եմ եղել, այլև փոքրիկ, փոքրիկ, փոքրիկ տղա, որ թախծում է անվերջ:
Ես հիշում եմ մի հրաշալի գիշեր ու մի հրաշալի առավոտ, երբ մենք Մոսկվա եկանք: Իրերը կայարանում հանձնեցինք, և ես նրան համոզեցի գնալ ինձ մոտ գիշերելու: Հոգնեցուցիչ ուղևորությունից հետո դեռ հարկավոր էր երկար քայլել: Մենք ձեռք-ձեռքի, ինքներս մեզ հրաման տալով ճանապարհ ընկանք՝ թևներս բարձր թափահարելով: Հիշեցինք Վեչհայզերին, որին թվում էր, թե Լյուսյան դիտմամբ լայն-լայն է քայլում, որ թաքցնի իր կանացիությունը, կանացիություն, որ շատ էր Լյուսյայի մեջ: Ուրախանում էինք, որ տեղ ենք հասել և երազում էինք հանգստի ու աշխատանքի մասին: Խեղճ աղջիկը Կովկասում չէր կարողացել հանգստանալ: Կատյան երեկ ինձ ասաց, թե մի անգամ Լյուսյային հարցրել է. Թիֆլիսում մնալը նրա համար լավ չէ՞ր լինի արդյոք, եթե Ալյոշան նրա հետ Մոսկվա չմեկներ: «Օ, ոչ,— պատասխանել է Լյուսյան,— ես ուրախ եմ դրա համար»:
Մենք ճանապարհին պայմանավորվել էինք, որ այն առավոտից, երբ կարթնանանք իմ բնակարանում, այլևս իրար «դուք»-ով չենք դիմի:
Ժամը չորսին մենք իմ տան շքամուտքի առջև էինք: Ես բակից մտա: Ոչ հայրս էր տանը, ոչ մայրս: Վար իջա և դուռը բացեցի Լյուսյայի առաջ, որը նստել էր հոգնած ու երջանիկ: «Ներս մտեք, ջանս»,— ասացի լայն բացելով դուռը: Նա ներս մտավ ու մինչև առավոտ քնեց իմ սենյակում, իմ բազմոցի վրա:
Վերջերս մի օր նա ինձ ասաց. «Հիշու՞մ ես, երբ մենք Մոսկվա եկանք և դու ինձ ասացիր՝ ներս մտեք, ջանս: Ինձ թվաց, թե դու սիրտդ բացեցիր ու ասացիր՝ սիրտս մտիր, ջանս»:
Առավոտյան արթնացա ու նրա սենյակի դուռը թակեցի: Առատ լույս էր, արևը շիկացրել էր օդը: «Լյուսյա ջան, վեր կացեք»: Դա իմ առաջին սխալն էր: Ես վարժվել էի ամենամտերիմ բարեկամներիս անգամ դիմել «Դուք»-ով: Երբ այդ օրերին պատահաբար կամ կատակով ես Լյուսյային «Դուք» էի ասում, նա ցնցվում էր, կարծես ցավից:
Մենք միշտ միասին էինք: Ուրախ ու աշխույժ, ձեռք-ձեռքի տված շրջում էինք քաղաքում: Հիշում եմ, թե ինչպես էի քայլում Բոլշայա Սերպուխովկա փողոցով, հայացքս երկինք հառած, երջանկությունից ուռած սրտով, ինձ, արևին ու աշխարհին անվերջ կրկնելով մի թանկագին բառ. ջան, ջան, ջան, Լյուսյա ջան:
Մենք հաստատվել էինք Ռաևների բնակարանում, որտեղ Տերն էր ապրում: Ամեն առավոտ երեքով ինքնաեռ էինք դնում, հաց ու կեֆիր էինք ուտում: Հետո Տերը հեռանում էր, իսկ մենք կարդում էինք, գնում էինք կոմիտե, ժողով…
Կուսակցական կոմիտեում անդորր էր ու ձանձրալի: Մեր համարձակ պլաններն ու մտահղացումները օտար էին կոմիտեի անդամներին: Դրա համար էլ հաճախ իմ կամ նրա տրամադրությունն ընկած էր լինում: Բայց մենք նոր ծրագրերով, ապագայի հույսով ու փաղաքշանքներով սփոփում էինք իրար:
Իսկ երեկոները, երբ նա պառկում էր, ես նստում էի նրա անկողնու վրա: Երբեմն նրա համար ոտանավորներ էի արտասանում, բոլոր այն լավ ոտանավորները, որ գիտեի ու գիտեմ: Նա բռնում էր ձեռքս, համբուրում, գրկում էր գլուխս, որ նա իրենն էր կոչում ու համարում էր խելոք, խելոք գլուխ…
Այն ժամանակ, ասենք հետո էլ, մենք առաջին հերթին, կամ ավելի ճիշտ միայն ընկերներ էինք: Բայց նրա բարեկամության մեջ մի անսահման քնքշություն, կանացիություն և հոգատարություն կար:
Նա լավ մարքսիստ էր և զարմանալի խելոք աղջիկ: Երբ ես նեղն էի ընկնում, նրան էի դիմում, և նա կարողանում էր պատասխանել այնպիսի հարցերի, որոնց պատասխանը ես չէի կարողանում տալ: Նա շատ լավ էր ճանաչում մարդկանց ու ճիշտ դատում նրանց մասին: Ես չեմ նկատել, որ նա սխալվեր, չհաշված մի դեպք, այդ այն էր, որ նա ինձ համարում էր խելոք, քաջ, ուրախ ու լավ մարդ: Նա միշտ պնդում էր, թե երջանկությունը մոռացնել կտա իմ տառապանքները, սրտումս կբռնկվի մի հզոր կրակ և միտքս կփայլատակի, թախիծն անհետ կանցնի, և ես ինձ դեռ ցույց կտամ, որպես ուժեղ, դիմացկուն, խելոք Բոռ…
Ես հիշում եմ մի արծաթե գիշեր:
«Գիտե՞ս, թե ես երբ սկսեցի քեզ սիրել,— մի անգամ հարցրեց Լյուսյան ու մի քանի օր հետո ինքն էլ պատասխանեց,— Ես քեզ այն ժամանակ սիրեցի, երբ, հիշո՞ւմ ես, մի երեկո դու Կոջորում Հայնեի բանաստեղծություններն էիր արտասանում»: Այո, ես հիշում եմ այդ երեկոն: Նա պառկած էր այն բազմոցի վրա, որի վրա ես սովորաբար քնում էի: Անիկը քնեցրեց Կարենչիկին ու պառկեց: Ես նստեցի Լյուսյայի կողքին և սկսեցի արտասանել նախ Հայնեի, ապա Ֆետի, Բունինի, Լերմոնտովի, Տոլստոյի գրածները: Նա ականջ էր դնում և խնդրում նոր ու նոր ոտանավորներ: Իսկ երբ ես կրկին սկսեցի կարդալ Հայնեի բանաստեղծությունները, նա սկսեց ննջել… Լյուսյային հատկապես դուր էր գալիս Ֆետի «Ալիքաձև ամպով»-ն ու Օգարևի «Ի՞նչ եմ ուզում, ի՞նչ»-ը: Ասենք նրան ուրիշ շատ երկեր էլ էին դուր գալիս: Իսկ ես արտասանում էի որքան հնարավոր է պարզ, սիրտս դնելով խոսքերիս մեջ…
Սակայն ոչ այդ ժամանակ, այլ միայն այն արծաթե գիշերը մենք միմյանց ասացինք, որ բարեկամներ կլինենք, ամենաանկեղծ ու մտերիմ բարեկամներ:
«Հիշո՞ւմ ես այն արծաթե գիշերը»,— մի անգամ հարցրեց Լյուսյան: «Այո, հիշում եմ»: Դա նախավերջին գիշերն էր՝ Թիֆլիսից Մոսկվա գալու ճանապարհին: Վագոնում շատ մարդ չկար, բայց մենք միջանցք ելանք, կանգնեցինք պատուհանի առաջ և դաշտերին էինք նայում:
Լյուսյան թախծոտ լռել էր: Ես տխրել էի սեփական մտքերից: Խոսում էի կյանքի «բնական իմաստի» անհույս որոնումների մասին, այն մասին, որ մեզ՝ սոցիալիստ-ընկերներիս հարկավոր է կազմակերպել սեփական կյանքը այնպես, ինչպես սոցիալիզմի ժամանակ, հարկավոր է մշակել սեփական բարոյականությունը:
Նա ինձ պատասխանեց, խոսեց պրոլետարական բարոյականության մասին: Դուրսը լուսավոր էր ու զով: Լուսնի լույսի տակ լողում էր գորշ, ալեհեր, արծաթափայլ մառախուղը: Դրսում դաշտերն էին, ծառերն ու ծաղիկները, լուսնի լույսի տակ գունատ, աներևույթ, բայց, անկասկած, կենդանի, թարմ, ծաղկուն… Գնացքը սլանում էր գիշերը ճեղքելով:
Մենք վագոն մտանք ու թեք ընկանք նստարանին: Թվում էր, թե Լյուսյան մռայլ էր, մտասույզ: «Լսեցեք, Ալյոշա,— ասաց նա,— այսպես, այնուամենայնիվ, չի կարելի: Կամ մենք պետք է բարեկամներ լինենք, իսկական, մտերիմ բարեկամներ և այն էլ ոչ միայն այստեղ, վագոնում, կամ չարժե զրուցեք պետք չեն ավելորդ սիրալիրությունները»:
Նա մի փոքր չարացած էր թվում, և ես պատասխանեցի. «Երբեք չեմ ձգտել լինել վագոնի բարեկամ: Իհարկե, Լյուսյա, անկասկած մենք ամենամտերիմ ու ամենաանկեղծ բարեկամները կլինենք»: Ինձ թվում է նա միայն այդ ժամանակ պատկերացրեց մեր ապագան, իսկ ես երբեք չէի կասկածել մեր գալիք մտերմության վրա:
Լյուսյան քնեց, իսկ ես ձեռքս նրա ուսին դրած հսկում էի նրա անդորրը: Նա արդեն իմ սիրելի «աղջիկն» էր:
Երբ հաջորդ գիշեր մենք Մոսկվա հասանք և մեր գնացքը կանգնեց կայարանից երկու վերստ հեռու, Մոսկվայում մեծ ու գեղեցիկ հրդեհ էր: Մենք միասին ելանք հրդեհը նայելու: Վազում, թռչկոտում էինք երկաթգծի հողաթմբի վրա:
«Տեսնո՞ւմ ես, Լյուսյա, թե ինչ նախանշանով է դիմավորում մեզ Մոսկվան»….

***
Մի անգամ, հոկտեմբերյան օրերից ոչ շատ առաջ, ես ինչ-որ տխուր էի: Նստել էի Լյուսյայի մահճակալին ու այն մասին էի խոսում, թե ինչքան ծանր, երբեմն սարսափեփ է դեպի սոցիալիզմ տանող ճանապարհը: «Այդ ճանապարհին դեռևս ինչքան սրտեր են արյունոտվելու»: Նա սկզբից մտածեց, թե իմ խոսքն այն արյունի մասին է, որ հեղվելու էր առաջիկա զինված ընդհարումների ժամանակ: «Այո, իհարկե, վիշտն ու արյունը դեռ շատ կտիրեն մեր սրտերին: Ահա, հիմա էլ կորուստներ կունենանք, սպանվածներ կլինեն…»: «Խոսքս դրա մասին չէ»: «Այո, բայց քանի գնա, այնքան կաճի ու սրտերում կծփա մի ուրիշ զգացում, խնդությունն ու երջանկությունը, նոր կյանքի նախազգացումը: Հասկանում ես, ես չեմ ասում, թե տառապանք չի լինի, բայց ինձ թվում է, որ ուրախությունն ավելի շատ է լինելու, որ երկրորդ ալիքը հաղթանակելու է»:
Նա դեռ լրիվ չէր առողջացել ու չէր գնացել կոմիսարիատ, աշխատելու:
Ես տուն վերադարձա ժամը 11-12-ին: Նրա ձեռքին մի նոր բրոշյուր կար՝ Լենինի «Սպառնացող աղետը և պայքարը նրա դեմ»: Տերն անցած օրն էր բերել այդ գիրքը, և Լյուսյան պահել էր, որ միասին կարդանք: Նստեցի նրա մոտ և սկսեցի բարձրաձայն կարդալ: Լյուսյան կարմիր թելով սև գոււպաներ էր կարկատում (նա հավատացնում էր, թե իրեն դուր է գալիս գույների այդպիսի համադրությունը): Հետո սպիրտայրոցի վրա ջուր տաքացրեց, ու մենք կակաո խմեցինք:
Հաջորդ առավոտ (կարծեմ հինգշաբթի) ժամը 9-ին ես կուսակցության շրջանային կոմիտեում էի, ճաշարանում: Մոսկվայում ռազմա-հեղափոխական կոմիտե էր կազմակերպվել, որը կուսակցությանն առաջարկել էր ագիտատորներին շրջաններն ուղարկել ժամը 12-ին: Շրջանային կոմիտե գնալուց առաջ ես մտա Լյուսյայի սենյակը: Նա նոր-նոր լվացվել էր ու պատրաստվում էր գնալ աշխատանքի: Ես նրան խնդրեցի անցնել Լենայի, Շուրկայի և Ժենյայի մոտ ու նրանց հայտնել կոմիտեի հրամանը: Բայց հետո մենք որոշեցինք, որ Կատյան զբաղվի դրանով, իսկ Լյուսյան ուզում էր մինչև ժամը 12-ը մտնել կոմիսարիատ, քանի որ արդեն մի քանի օր էր, ինչ այնտեղ չէր եղել: «Կամ ես ծառայում եմ,— ասաց նա,— և այդ դեպքում պարտավոր եմ այսօր այնտեղ գնալ, կամ չեմ ծառայում և այդ դեպքում պարտավոր եմ այդ մասին հայտնել»: Մենք միասին գնացինք մինչև ճաշարանի դիմացի նրբանցքը և բաժանվեցինք:
Ժամը 12-ին ես դուրս եկա շրջանային կոմիտեից, որպեսզի գնամ Սիտինի տպարանը միտինգի: Ճաշարանի դռների մոտ հանդիպեցի Նատալկայի հետ վերադարձող Լյուսյային: Նա ուզում էր ինձ հետ գալ, բայց նրան ուրիշ միտինգներ էին սպասում, ու նա ինձ հետ չեկավ:
Ես միտինգում ճառ ասացի ու վերադարձա: Նրանք դեռ թեյարանում էին:
Շուտով նրանք (Լյուսյան, Ժենյան, Նատալկան ու Լենան) գնացին Դանիլովկա, միտինգի, որը պետք է տեղի ունենար Դանիլովկայի մանուֆակտուրայում և Ալեքսեևի գործարանում: Իսկ ես նույն ժամանակ գնացի «Սոցիալ-դեմոկրատ»-ի խմբա-գրություն ու տպարան: Թերթը երեկոյան համար էր ունեցեք, այդ պատճառով հերթական համարն ավեփ ուշ էր դուրս գալու: Ես տուն գնացի, իսկ այնտեղից՝ ճաշարան: Ձանձրալի էր, Լյուսյային տեսնել էի ուզում, ուզում էի նրան ինձ հետ տպարան տանել: Սակայն Լյուսյան դեռ չէր վերադարձել: Ես միայն իմացա, որ միտինգը հաջող էր անցել, մենշևիկ բանվորներն ամբողջովին միացել էին բոլշևիկներին, իսկ Լյուսյան այնտեղից գնացել էր ուրիշ միտինգի: Ես մենակ գնացի տպարան:
Լյուսյան խոստացել էր ժամը 9-ին լինել շրջանային սովետում, բայց չկար: Կարմիր գվարդիան մոբիլիզացված էր, մտածում էին կազմակերպել նաև Կարմիր խաչ: Դրությունը տագնապալից էր: Յունկերները մեզ ուլտիմատում էին ներկայացրել ու պատրաստվում էին հարձակման: Լյուսյան չկար ու չկար, ես անհանգստանում էի, մտածում էի՝ չլինի ճանապարհին յունկերները բռնել են նրանց, յունկերներն արդեն շատերին էին ձերբակալել: Բայց նա վերջապես եկավ: Ես նկատեցի, որ հա-գուստը փոխել է: «Ուրեմն դա՞ է քո նոր վերարկուն»: «Սա է»,— ասաց նա: «Վատը չէ»,— ասացի ուրախացած: Մենք գնացինք միջանցքի ծայրը և սկսեցինք զրուցել: Ինչի մասին էինք խոսում, չգիտեմ: Մեզ համար կարևորն այն էր, որ միասին էինք ու զրուցում էինք քնքուշ, փաղաքշանքով…
Աշխատանքն սկսվեց:
Զենքը քիչ էր: Ավտոմեքենաները կանգնեցնում էին: Ուղարկում էին հետախուզության: Չեմ հիշում ես, թե Լյուսյան առաջարկեցինք ճաշարանի բակից բարիկադների համար տեղափոխել բրդի հակերը: Մալայա Սերպուխովկայում քիչ առաջ ընդհարում էր եղել կարմիր ու սպիտակ գվարդիականների միջև: Մի ուսանող սպանվել էր, երկուսը վիրավորվել էին: Մեքենայով այնտեղ գնալը վտանգավոր էր: Մեզ մի բեռնատար տվեցին ու չորս զինվոր: Լյուսյան ղեկավարելու ցանկություն հայտնեց: Ես ասացի, որ մեքենայի հետ ինքս կգնամ: «Իհարկե, դա միևնույնն է, բայց ես քեզանից ավելի լավ եմ կրակում, ավելի լավ կլինի, որ ես գնամ»: Բայց նա կտրուկ ասաց, թե ինքն է գնալու: Ես մնացի:
Հետո, երբ կիրակի օրը մենք այստեղ, իմ բնակարանում էինք, նստած այս նույն սեղանի առաջ, որի վրա այժմ այս տողերն եմ գրում, Լյուսյան ինձ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել մեկնելուց հետո:
Ավտոմեքենան վերադարձել է բրդի հակերով, գնացել է Յակիմանկա, այնտեղ, որտեղ բարիկադներն էին կառուցվում: Բոլորը ցրվել են: Լյուսյան մնացել է մութ փողոցում կանգնած, մեքենան հսկելու: Նրա մոտով անցել են 55-րդ գնդի զինվորները: Նրանցից մեկն ինչ-որ զզվելի բան է ասել, մյուսները հռհռացել են: «Գիտե՞ս,— ասում էր Լյուսյան,— ես մինչև հիմա էլ չեմ հասկանում այդ բառերի իմաստը, բայց երևի շատ գարշելի հայհոյանքներ էին, որ զինվորներն այդպես անամոթ հռհռացին: Մեկը մոտեցավ ինձ ու ասաց՝ օրիորդ, և էլի ինչ-որ բան: Չգիտեմ ինչ պատահեց ինձ հետ: Ես բարձրաձայն, ըստ երևույթին, լացակումած ասացի՝ այդ ի՞նչ եք անում, չէ՞ որ մեծ հեղափոխություն է, դաժան մարտեր են գնում, իսկ դուք… Զինվորները շփոթված լռեցին: Այն տղան, որն ինձ էր մոտեցել, ետ-ետ գնաց ու ամոթահար ասաց. «Ներեցեք, ընկեր, մենք կատակ էինք անում…»
Քաղաքում կատաղի փոխհրաձգություն էր: Ստեպ-ստեպ լսվում էր նաև գնդացիրների որոտը: Բուձինսկին գնում էր առջևից, ձևացնելով, թե իբր գլուխը տաք, մոլորված զինվոր է: (Բուձինսկին շատ էր նրբակիրթ): Ես ու Մուսյան գնում էինք Լյուսյայի հետևից՝ ականջ դնելով նրա ոտնաձայնին, երբեմն գրեթե կորցնելով նրան խավարի մեջ: Գնում էինք Կուդինսկու հրապարակով դեպի Նիկիտսկի: Անցանք մի շարք նրբանցքներով ու վերջապես հասանք կենտրոնական սովետ: Այդտեղ հսկայական բազմություն էր հավաքվել: Գրամեքենաները տկտկում էին, գետնին զինվորներ էին քնած, սպաները պլաններ էին քննարկում: Կարմիր հրապարակում բերդանկաներով զինված մեր 120 մարտիկները հենց քիչ առաջ ջարդել էին 600 յունկերների, որոնք մերոնց առաջարկել էին հանձնվել:
Իմ ընկերուհիներին ինչ-որ տեղ ուղարկեցին, Լյուսյային՝ ամենածանր մարտերի վայրը: Յունկերների կողքով, Կրեմլի դարպասների մոտով նա պիտի գնար կենտրոնական էլեկտրակայան (որը գտնվում էր Բոլշայա և Սալայա Կամեննայա կամուրջների արանքում) և այնտեղից դուրս բերեր զրահամեքենաները: Ամենուրեք կրակում էին, բայց այնուամենայնիվ, նա կարողացել էր անցնել կրակի միջով: Յունկերները նրան բաց էին թողել, հետևից տափակ կատակներ անելով: Յունկերներին Լյուսյան ճիշտ այնպիսի թեթևաբարո «օրիորդ» էր թվացել, ինչպիսին ձևացել էր: Հրաժեշտ տալիս ես Լյուսյային ասացի «ցտեսություն», վախենում էի ասել «գնաս բարով»: Մտածում էի. «Ցտեսություն, սիրելիս, մինչև լուսավոր, հրաշալի հանդիպում»: Ինձ թվում էր, թե այդօրվա կռիվը որոշելու էր ամեն բան: «Ի՜նչ ցնծություն է լինելու, երբ այս բոլոր սարսափները վերջանան»,— մտածում էի ես…
Ես, Լյուսյան ու «ոսկեգանգուր» Ժենյան գնացինք Նատալկայի, Դուսյայի ու մի ուրիշ աղջկա բնակարանում գիշերելու: Տանտերերը տանը չէին: Հանվեցինք: Ես արձակեցի ատրճանակս: Մի քիչ հաց ու ձկնկիթ կերանք: Լյուսյան, որ քիչ առաջ ճանապարհին զայրացած էր այնքան, որ ես ստիպված զանազան կատակներ էի անում նրան ուրախացնելու համար, աստիճանաբար խաղաղվեց, նրա տրամադրությունը բարձրացավ: Մենք երեքով նստեցինք զսպանակավոր մահճակալի վրա, մեջքներս հենեցինք պատին ու հանգստանում էինք: Լյուսյան ինձ «ջան» էր ասում, բռնել էր ձեռքս: Նա այլևս քիչ կարևորություն էր տալիս «կողմնակիների» ներկայությանը: «Լավ է,— ասում էր,— որ մենք եկանք հանգստանալու: Վաղը նորից մարդիկ պետք կգան, և ինչ կլիներ, եթե բոլորը շան նման հոգնած լինեին»:
Ես աչքերս փակեցի, Ժենյան հանվեց ու պառկեց: Լյուսյան շոյում էր ձեռքս, ասում էր, որ եթե Նատալկան կամ մի ուրիշը գա ու գրավի երրորդ մահճակալը, ինքը ինձ մոտ կգա ու կպառկի իմ կողքին: Այսօր, երեկոյան, երբ մենք ճաշարանում էինք, մոտիկից կրակոցներ լսվեցին: Ես դուրս թռա դռան մոտ հսկող պահակակետին օգնելու: Գիտեի, որ եթե օգնություն չստանան, պահակակետի մարդիկ կփախչեին (այդպիսին էր նրանց տրամադրությունը) : Երևի իմ այդ արածն էր, որ Լյուսյային առիթ տվեց խոսելու իմ «քաջության» մասին:
«Հոգնել ես, ջանս, պառկիր, հանգստացիր: Ես երբեմն վախենում եմ, թե հանկարծակի հրաձգություն կամ հարձակում կլինի ու իմ քաջ «տղան» առաջինը դուրս կթռչի, կրակի տակ կընկնի ու կսպանվի, կսպանվի առաջինը…»:
Օ, մի վախեցիր, սիրելիս, իմ սրտում հիմա ցավ ու ամոթանք կա: Ես չօգտվեցի առաջինը մեռնելու իմ «իրավունքից»: Ես հիմա զգում եմ, թե ինչքան ավելի լավ կլիներ, եթե ես մեռնեի, իսկ Լյուսյան կենդանի մնար: Մեռնեի, որ իմ սիրելի «աղջիկը» գոհ մնար իր «տղայից», կարողանար հպարտանալ նրանով: Իսկ հիմա… հիմա զոհվելն էլ նշանակություն չունի: Ես այլևս ամոթ չեմ զգում վախկոտության և ոչ էլ գոհունակություն քաջության համար: Փառասիրություն չկա: Ամոթն ու դուր գալու ցանկությունը ծնվում են միայն մարդկանց հետ շփվելիս: Իսկ ինձ համար Լյուսյայից հետո գրեթե բոլորը դադարել են մարդ լինելուց, ինչպիսի հարաբերության մեջ էլ լինեմ ես նրանց հետ: Եթե իմ «աղջիկն» ինձ ասեր. «Կրծքաբաց գնա գնդակների դեմ» (իսկ նա այդպես կարող էր ասել միայն անհրաժեշտության դեպքում), ես կգնայի: Իսկ նրա մահվանից հետո ես հոգեպես ժլատ ու աղքատ եմ դարձել, դրա համար էլ կուչ եմ գալիս և ինքս ինձ խնայում:
Ես հանեցի կոշիկներս ու պառկեցի: Լյուսյան զինվորական գրատով և Ժենյայի վերարկուով ծածկեց ինձ, լույսը հանգցրեց, հանվեց ու նույնպես պառկեց: Երկար ժամանակ չէինք կարողանում քնել: Մտքումս անցած օրվա պատկերներն էին: Տան պատուհանների տակ, փողոցում անընդհատ հատուկենտ կրակոցներ էին լսվում, մերթ ընդ մերթ մոտիկից լսվում էր համազարկերի որոտն ու գնդացիրների ճարճատյունը: Թվում էր, թե այնտեղ՝ Կրեմլում ու կամուրջների մոտ, վերջին ու վճռական մարտերն էին մղվում: Ժենյան քնած էր: Շուտով Լյուսյան էլ դադարեց պատասխանել իմ հարցերին: Իսկ ես չգիտեմ քնած էի, թե ոչ, ավելի շուտ դա մի համատարած մղձավանջ էր: Լյուսյան հետո ասում էր, որ ինքն էլ կեսգիշերին արթնացել է ու այլևս չի կարողացել քնել:

***
Մենք դուրս եկանք հինգով. Նիկոլայը (արտակարգ քաջությամբ ու ձեռներեցությամբ հռչակված մի կարմիրգվարդիական, որին Կերենսկու իշխանության օրերին ռազմաճակատում քիչ էր մնացել, որ մահվան դատապարտեին), շատ բարեկիրթ մի լատիշ բանվոր, Մաքսը, ես ու Լյուսյան: Չհաշված երկու «սկսնակներին»՝ խմբում բոլորը փորձված կռվողներ էին և հրացաններից բացի ունեին նաև ատրճանակներ ու ձեռքի նռնակներ: «Դե,— լուրջ ասաց Նիկոլայը,— մեր խմբից կամ ոչ-ոք չի վերադառնա կամ…»: Նա չվերջացրեց: Այդ ժամանակ ես հանկարծ մտածեցի, ինչո՞ւ է Լյուսյան գալիս մեզ հետ: Դրանից առաջ մենք մտածում էինք գնալ խրամատները, որտեղ համեմատաբար անվտանգ էր: Այժմ գնում ենք տներն ստուգելու, իսկ տներն ստուգող խմբում յուրաքանչյուր նոր մարտիկն ավելորդ չէր: Բայց ամենից կարևորն այն էր, որ Լյուսյան ինքն էր ցանկացեք գալ մեզ հետ, այն մարդկանց հետ, որոնք պայքարում էին կրակի առաջավոր գծում: Նա ցանկացել էր մեզ հետ կիսել արդար պայքարի բոլոր դժվարությունները: Գուցե այլապես նա իրեն իրավասու չէր համարի ուրիշներին ուղարկել վտանգին ընդառաջ: Գուցե թե նա այդ հարցին նայում էր ավելի համարձակ, ավելի պայծառ ու պարզ հայացքով: Նա ցանկանում էր ինքն իր աչքով տեսնել ամբողջը և նա չէր կարող առջևից չգնալ, վտանգը չարհամարհել, Լյուսյան այդ բանի իրավունքն ուներ:
«Ալյոշա, վերցրու այս ատրճանակը: Ես սա չեմ սիրում»: Նա ինձ մեկնեց իր ատրճանակը, որն իսկապես, նրան հարմար չէր, քանի որ ձգանը դժվար էր սեղմվում: Ես նրան խոստացա իմ մեծ բրաունիգը, որը հենց նոր էի գնել և որը, ի դեպ, նույնպես նրա սրտովը չէր: Իմ նախկին, փոքրիկ, Լյուսյայի սիրած բրաունիգը, որ հետս Թիֆլիս էի տարել, արդեն կորել էր քաղաքացիական մարտերի խառն օրերին: Սիրտս անհանգիստ էր: Բայց ես մի քիչ ֆատալիստ եմ: «Ես գիտեմ, որ ոչ ես, ոչ Լյուսյան շուտով չենք մեռնելու, ուրեմն էլ ի՞նչ հարկ կա մտահոգվելու»,— ասում էի ինքս ինձ:
«Մի՞թե մենք երբևէ կհաղթենք յունկերներին, ինչ-որ հավատս չի գալիս»,— ասաց Մաքսը:
Ես բարկացա, մի՞թե կարելի է այդպիսի բաներ ասել կռիվ գնալուց առաջ:
Ինձ համար ցավալի է հիշել ու գրել, թե ինչ պատահեց հետո: Բայց ես չեմ կարող չգրել, Լյուսյան երևի դժգոհ կմնար այդպիսի փոքրոգությունից: Մարտի դաշտում ընկնելը, այնուամենայնիվ, և առաջին հերթին, սուրբ գործ է, որ պետք է դիտվի որպես արդար ու իմաստուն սխրագործություն՝ երկյուղածությամբ ու խոր ակնածանքով: Բայց… տեր աստված…
Ինչո՞ւ չմեռա ես… Որպես անիծյալ մի բիծ, անուղղելի ու անդարձ տառապանք սրտումս խարտում է մի ծանր հանդիմանություն, ինչո՞ւ ես էլ չընկա նրա կողքին: Ես պիտի կուրծքս դնեի գնդակների դեմ՝ Լյուսյային ձեռքերիս վրա պահած: «Մահ» հարցի որքան հասարակ ու բավարար լուծում կլիներ դա, կլիներ և տառապանքի վերջ, և՛ սիրո պարտք: Մահը Լյուսյայի կողքին, դա իմ անիրականանալի երազանքն է հիմա, երբ վախկոտության պատճառով կատարած սխալն այլևս ուղղել չի կարելի:

Լյուսյա ջան, թանկագինս, ինձ միայն տառապանքի արիությունն է մնացել, որպեսզի կարողանամ քեզ նվիրել սիրտս, որ քեզ էր պատկանում: Եթե միայն դու ընդունես, ուխտադրուժությամբ խարանված զոհս, իմ քաջ, իմ սուրբ, իմ անսահման մեծ «աղջիկ»:

Իմ պայծառ, արևային Լյուսյային եմ ձոնում այն ամենն, ինչով հարուստ եմ՝ իմ հիշողությունները, նրանն են նաև այն բոլորն, ինչ անում եմ այժմ:
Օ՜, իմ հարազատ «աղջիկ»: Ինչքան թանկ է ինձ համար իրար հետ ապրած ամեն վայրկյանը: Եթե դու իմանայիր, թե ինչպես եմ սիրում քեզ, Լյուսյա, հարազատս, ինձ մենակ չէիր թողնի…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով