Ալեք Խաչունց. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 3

Ալեք Խաչունցը ծնվել է 1934 թվականին, Գանձայում։ Ավարտել է Երևանի պետական համալ¬սարանի բանասիրական ֆակուլտետի լեզվի և գրականության բաժինը։ 1961 թվականին «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց նրա անդրանիկ ժողովածուն՝ «Կանաչ արահետ» խորագրով։
Այս տարի կհրատարակվի Ալեք Խաչունցի «Մի կտոր նշխար» ժողովածուն։

***
Գարունն այնքան հեշտ չի գալիս,
Ծլած սերմը՝ չծլածի համար լալիս,
Եվ բողբոջը՝ չբացվածի
Կարոտից է շունչը պահում:
Իր երամի հետքից վազող
Քանի՜ հավքի կանչ է մարում
Երկնքի մեջ կապո՜ւտ-կապո՜ւյտ,
Դաշտերի մեջ արագիլի
Քանի՜ բույն է մնում թափուր…
Ձյուների տակ ծղոտն այրվում,
Իր կրակն է տալիս հողին.
Դրանից է, որ իմ հացից
Եվ ծղոտի բույր է գալիս,
Եվ ծխի համ….
Հողը էլի ցրտից խլած
Խղճմտանքն է վազին տալիս,
Գարունն աքնքան հեշտ չի գալիս:

***
Ես գույները հիմա հեշտ չեմ խառնում իրար,
Գիտեմ՝ ճերմակը ձյուն է, թե ծաղկաթերթ…
Ես կարող եմ ձյունից մի ձնեմարդ շինել,
Բայց ծաղկաթերթերի հավաքումը մի տեղ՝
Ճերմակ մի հրդեհ է, գարնան կորուստ…
Ես գույները հիմա հեշտ չեմ խառնում իրար,
Ինձ գարունը խաբեց,
Ու ձյուն դրեց նորից՝ ճերմա՜կ, ճերմա՜կ թախիծ,
Ծաղիկներիս վրա՝ ճերմա՜կ, ճերմա՜կ:

***
Դու իմ մեջ քիչ ես ապրել, կեղծի՛ք,
Ես քեզ հարգել եմ ժամանակավոր,
Եվ ժամանակն է, որ քեզ չհարգեմ:
Խիղճս փոխել եմ հագուստի նման,
Եվ ճամփաները երգիս պես շեղել,
Ես ճամփաներն եմ նորոգում հիմա,
Ես հիմա և իմ խիղճն եմ նորոգում…
Ես ինձ գտել եմ,
Էլ չեմ կորցնի,—
Երգում եմ, ինչպես արցունքն է երգում,
Եթե այրում եմ՝ արցունքի նման…

***
Ես մի կտոր խեցի՝ արևն առած իմ մեջ
Եվ ապրում եմ կյանքում իմ սեփական դողով,
Եվ այդ դողը նրբին բնությունն է տվել,
Երբ ծնվել եմ մի օր իմ Ադամա մորթով…
Ես մի կտոր խեցի՝ արևն առած իմ մեջ,
Եվ քայլվածքս անգամ՝ ավանդական նվագ,
Ավանդական մի ոճ… ոչ թե փոխանցովի:

***
Ես ապրում եմ
Ու ջնջում եմ այն հին մուրը,
Որ քսել են հորս դեմքին:
Ես ապրում եմ
Ու քանդում եմ կնճիռներն այն,
Որ կշկռել ու դրել են հորս դեմքին.
Այդ արվել է վայրկյանի մեջ,
Բայց հանգույցն այդ կնճիռների
Ես քանդում եմ
Տարիների համա՜ռ ջանքով:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով