Դանիել Վարուժան. Անհայտ էջեր

«Գարուն», 1967,  N 4

1905 թ. Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի շրջանավարտ և արդեն Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանի ուսանող, բանաստեղծ Դանիել Վարուժանը հանդես էր գալիս Մխիթարյան միաբանության «Գեղունի» պարբերականի էջերում մի շարք քերթվածներով, որոնք հաջորդ տարվա սկզբին լույս տեսան առանձին գրքույկով, «Սարսուռներ» խորագրով: Հիշյալ գրքույկով տաղանդավոր բանաստեղծը մուտք էր գործում մայրենի գրականության մեջ:
«Սարսուռները» լինելով Վարուժանի երախայրիքը՝ մեծ հրճվանք և ուրախություն պարգևելով հեղինակին, միաժամանակ խոր վիրավորանք ու վիշտ պատճառեց նրան: Գրքույկը թերի և պակասավոր էր: Բանաստեղծը ընթերցողի առաջ հանդես էր գալիս ոչ թե խմբագրությանը ներկայացրած իր քերթվածների ամբողջականությամբ, այլ նրա մեկ երրորդով:
Վարուժանը հրատարակության էր հանձնել մի պատկառելի ժողովածու, որը պարունակում էր իր մեջ շուրջ 4 տարիների (1901-1904 թթ.) ընթացքում ստեղծած լավագույն քերթվածները, թվով 55 հատ, որոնցից հրապարակ եկան միմիայն 18-ը: Մխիթարյան միաբանության հայրերից մի քանիսը, այդ թվում և տպարանապետ՝ հայր Սուքիաս Էփրիկյանը, պատշաճ չհամարեցին իրենց հրատարակությամբ լույս աշխարհ հանել այն բոլորը, որոնք բացահայտում էին հեղինակի ներքին մտորումները, խոհերը և ապրումները:
«Սարսուռների» օրապակաս աշխարհ գալու առթիվ, հեղինակը ծանոթներին գրած մի քանի նամակներում անդրադարձել է այդ հարցին, դժգոհելով, բողոքելով կատարվածի նկատմամբ: Արժե նշել նրանցից Մուրատ-
Ռափայելյան վարժարանի տեսուչ Ստեփան Սարյանին (1906 թ. հունվարի 5-7-ի նամակում) գրած հետևյալ տողերը. «Մեծ ցավով կըսեմ, սիրելի հայր, թե վանքը քերթվածներուս հրատարակությունն այլանդակեց. վերջերս տպարանապետեն (խոսքը Սուքիաս Էփրիկյանի մասին է— Գ. Ա.) նամակ մը ստացա, նամակ այնքան ջլատիչ, որ կարող էր ամեն բանաստեղծություն բանաստեղծության փոխել. միայն քանի մը քերթված («Գեղունիի» մեջ հրատարակածները) առանձին գիրք ըրեր են, որ հազիվ 50 էջ կըլլա…» (տես «Դանիել Վարուժան—«Նամականի», Երևան, 1965 թ., էջ 41):
Այդ նայն հարցի առթիվ Վարուժանն ավելի համարձակ տողեր է գրել բանաստեղծ Վահան Թեքեյանին, որն այդ ժամանակ արդեն անվանի հեղինակ էր և «Սարսուռների» հրապարակ գալով մեծ ապագա էր գուշակել սկսնակ բանաստեղծին: Վարուժանը գրում է. «Վերջերս Ձեզ ուղարկած եմ օրինակ մը «Սարսուռներեն»: Խնդրեմ ընդունեցեք իմ այդ փոքրիկ նվերս: Անոր ծավալին փոքրությունը հակառակ կամքիս և փափագիս եղավ: Վանքը չուզեց հրատարակել՝ անոնց շեշտերը գայթակղեցուցիչ գտնալով իր հնադարյան կուսության և պահպանողականության» (ընդգծումը հեղինակինն է— Գ. Ա.) (նույն տեղ, էջ 57, 1906 թ. մարտ 3-ի Գենտից գրած նանակից):
Իսկ իր սիրելի ուսուցիչներից մեկին՝ Սիմոն Երեմյանին գրած նամակում դառն վշտով փակում է այդ չարաբաստիկ խնդիրը հետևյալ տողերով. «Այդ հատորիկը չեղավ, ինչ որ պետք է ըլլար: Բայց այդ մասին ալ իմ փափաքներուս վիժած դիակը պիտի չօրորեմ»: (Նույն տեղ, էջ 59, 1906 թ. մարտի 5-ին Գենտից գրած նամակից):
Այս մի քանի տողերից պարզ է դառնում, որ Վարուժանի այդ ժամանակաշրջանի քերթվածներից շատերը մնացել են անտիպ և պահպանվել բանաստեղծի սևագիր և մաքրագիր տետրերում, որոնց նա հետագայում չի անդրադարձել հրատարակության տալու համար, որովհետև Վարուժանը իր ուսանողական տարիներին ունեցավ ստեղծագործական բուռն վերելք, ստեղծեց նորանոր քերթվածներ, որոնք հրապարակ գալով ժամանակի հայ պարբերական մամուլում, ստեղծում էին «Ցեղին սիրտը» հրաշալի հատորի բովանդակությունը: Բարեբախտաբար, վաղ շրջանի ստեղծագործությունները պահպանվելով Վարուժանի տետրերից մի քանիսում՝ փրկվել են կորստից, մնացել երկար տարիներ հեղինակի ժառանգների մոտ և ի վերջո 1968 թվին հասել են հայրենիք ու տեղ գտել Գրականության և արվեստի թանգարանի հեղինակի անվան արխիվում: Պահպանված բազմաթիվ քերթվածներից մի քանիսը ներկայացնում ենք «Գարուն» ամսագրի ընթերցողներին:
ԳՈՀԱՐ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ

ՎԵՐԱԴԱՐՁ ՍԻՐՈ ԹԱՂՈՒՄԵՆ

Դատարկվեցան սափորներն իմ արցունքին,
Եվ լեցվեցավ վըշտով՝ սըրտիս խոր անդունդ:
Բավական է. թող ա՛լ ճիչերս ողբագին՝
Համառորեն չըվըրդովեն խաղաղ քունդ:

Բավական է. բուի նըման չեմ ուզեր
Չըդադարիլ հանգըստի բոցն հուզելեն.
Թող լիճն հեռու մընա հովեն տարուբեր:
Քունն աղմուկին, և գերեզմանն՝ ապրողին:

Կըբաժանվի՛մ, որ է՝ ճակատըս փոշոտ
Հողեղեն այդ սև վերմակեդ կ’առնում վեր,
Եվ կըտանիմ մարմինս՝ թողլով հոգիս հոդ.
Անդունդ մըն եմ՝ ուր լուսինն ա՛լ չի ցաթեր:

Զի՜ս կըկանչեն մութ երկինքներն աստղազուրկ
Առանց թիթռան, առանց ծաղկի վարդանոցն,
Անհույս կյանքներն, ու բուրվառները անխունկ.—
Կ’երթա՜մ, այլևս ընկերն եղա ես անոնց:

Արշալուսեն ձայնըդ իզուր, սըրտաբաց,
Պիտի հուսամ, և ժըպիտդ ալ՝ կոկոնեն,
Իմ աներես ըսպասումես ամըչցած՝
Պիտի անոնք իրենց գըլուխը ծըռեն:

Բունը հազիվ թոթված՝ թևե՛րըս, առտուն,
Պիտի գըրկեն սարսուռը լոկ խոլացած
Աղոտ խուցիս ըստվերներուն, շողերուն,
Պիտի շուրթերս դողան՝ շուրթեդ չը տաքցած:

Պիտի փըրփրի ծովը՝ ձայնես իմ լալկան.
Ողբըս լըսած՝ թըռչուններն իսկ անընտել՝
Բուրաստանեն դեպ նոճաստան պիտի գան՝
Քեզի լալու համար՝ ինծի ընկերել:

Ան ջինջ շուշանն, որուն մեկ թերթը դեղին
Դո՛ւ փետեցիր, աչքիս ցողովն հըրակեզ
Պիտի լեցվի՝ ցողեն առաջ երկընքին.
Եվ պիտի ան թոռմի, թոռմիմ պիտի ես:

Պիտի լամ մեր հուշերն պահող ամե՜ն ինչ—
Այն սիրերգներն՝ որոնց մեջ սիրտն, հեշտօրեն,
Կուրծքին տակէ դեպ դուրս կ’ելլէ առած թռիչ,
Ինչպես թըրթռուն թիթեռը՝ նեղ բըժոժեն:

Այն հանգըստի ծովեզրն, որ բուռն հովերէ՝
Ալիքներուն տակ կըհակի. այն լուսնակն,
Ուր նայվածքներս՝ նայվածքներուդ ետևէ.
Կաքավի պես կըշրջեին միայնակ:

Այն ճյուղն՝ որ մեր ծածկեց համբույրն առաջին.
Այն ցիր ու ցան ապրիմ-մեռնիմն հողմախռով՝
Զոր մատերես վերջ քու մատեր փետեին,
Եվ դու—, ավա՜ղ, լըմընցուցիր մեռնիմով:

Եվ այսպես լանչքիս վերք մը սեղմած ես, դողդոջ,
Պիտի քաշեմ արտասուքէ պատանքներ
Անցյալի այդ մեր գարունին վրա, ողջ, ողջ—
Ո՞ր ծաղիկն ինձ՝ քեզմե հեռու է ժըպտեր:

Պիտի հիմա տուն դառնամ՝ ես ինծի հետ՝
Քաշկըռտվելով ճամբաներուն վրայե՝
Մեկ թևն կոտրած թըռչունի պես դառնաղետ,
Ու դեղձանիկդ ըսէ պիտի. Ան ո՞ւր է:

Աստվա՜ծ իմ, ի՞նչ պիտ պատասխան տամ խեղճին.
Ի՜նչպես խըլել իր զըվարթ երգն, հե՛ք թըռչնակ.
Ո՛հ, դառն է այդ, չի գիտեմ երբ խըլեցին,
Քուկին աղեղ սիրտըդ՝ սըրտես հլու ջութակ:

Այլևըս զիս պիտի գըգվեն ըստվերներ.
Իմ ընկերս է՝ դատարկությո՜ւնը հըսկա.
Դաշտերուն մեջ ձըգած հետքիս քովն ի վեր
Ուրիշ հետք մ’ալ պիտի բնավ չ’երկըննա:

Պիտ չըգա ձայնդ երազանքիս մեջ վըրդով,
Հոն գըտնելու իր արձագանքը վերջի.
Գող հովհարդ հանկարծական դըպչելով՝
Պիտի չնետե քեզմե համբույր մը՝ ինծի:

Չըկա՜ն աչքերդ.— պիտի երկինքն ո՞ւր դիտեմ՝
Իր աստղերովն ու Վարիչովն առեղծված:
Չըկա՛ն շուրթերդ—պիտի սերն ո՞ւր ես գըգվեմ.
Սերն որ հոս Կույսն է, երկընքի մեջ՝ Աստըված:

Սևեր հագած պիտի ըսեմ ողբաձայն.
— «Սուրբ արշալույս մ’արդյոք կ’իջնէ՞ մարմնույն քով.
Ի՛նչ, չըթողո՞ւց մութն՝ որ գըտնէ սիրտըս ան՝
Զոր փոսին մեջ դըրի փաթթած՝ արցունքով:

«Արդյոք ոգի մ’հըղված դժոխքեն, կըփետէ՞
Իր փետուրները թևերուն ճեփ ճերմակ՝
Զոր ան ժողվեց անմեղության բույներէ՝
Դեպ թըռչելու համար երկինքը շիտակ:

«Օր մ’երբ փորէ մեռելաթաղն, վա՜յ ինձ, բահն
Պիտի ցավցնէ՞ արդյոք մեկդին իր մարմնույն.
Արդյոք կ’ուզէ՞ երգ մ’որպես զի թըրթըռա,
Հետո սիրտ մ’ալ՝ որպես չ’առնէ հարություն»:

Ու երբ այսպես՝ վիշտերուս հետ, դալկահար,
Քեզ կանչելով մոլոր իյնամ ձոր ու լեռ՝
Պիտի ըսէ շիկահավն իր բույնեն վար.
— «Սավոր գըլխուն կըթըռչըտին ագռավներ»:

Մարգրիտ ծաղկունք, առջևս, գլուխնին սատապի
Ըսքողելով տերևներուն տակ, գաղտնի,
Պիտ տըրտընջան. «Բոցէ արցունք կըթափի»:
Աստղերն վերեն պիտի ըսեն՝ կըհատնի:

Չորս դեռ հովերը մեկմեկու պիտ հըծծեն.
— «Մի մոտենաք, կըդողդըղա արդեն ատ»:—
Եվ դառնալով դեմքիս՝ անցորդը ճամբեն,
Քըթին տակէ պիտի մընչէ՝ չա՜պրիր շատ…

1904 Հունիս 2

ԾԻԾԱՂ, ԶԱՅՐՈՒՅԹ

Մըշուշին մեջ, հորձանապտույտ, տարուբեր,
Թող մըրրիկներն ոռնան՝ ճամբեն՝ մոլորուն,
Եղած՝ այս կույր աշխարհիս կույր թըռիչներ,
Թող տըքնի ծովն, և թող լեռներն առնեն քուն.

Թող մայր-բնությունը վախճանի, ու ետքն ալ
Իր աճյունեն կենդանանա վերըստին,
Ընթանալով նույն ճամբայէ մ’անայլայլ՝
Որուն ելքն հար միացած է իր մուտքին.

Թող ալիքները մեկմեկու ետևեն՝
Դեպի հեռուն՝ անծանոթի մ’ընթանան.
Եվ մարդիկ ալ, ուրիշ ալիք, թող վազեն՝
Կես նըշմարված ճառագայթի մը տատան.

Թող հոգիներ ունայնության ձայնին՝ խո՜ւլ,
Երջանկությունն ուզեն բըռնե՜լ. ո՛հ, այդ լույսն,
Որչափ ջանանք մերին գըրկին մեջ առնուլ՝
Պիտի գըտնենք մեր գըրկին վրա տված խույս.

Թող նայվածքներ ըստվերներո՛ւ հետևին,
Թող դափնիներ ծըփան չորս դին գանկերու—
Այդ տերևներ, գիտեմ, դըռնեն սև շիրմին՝
Պիտ’ չը սըղմին դեպի անդի՜ն անցնելու.

Մըխիթարանքը գըտնելու, տենջանքեն՝
Թող հարուստներ հեշտանքի մեջ ընկըղմին—
Ո՛հ, խե՛ղճ սագեր՝ որոնք ջուրին ներքևեն՝
Չոր ու ցամաք պիտի ելլեն վերըստին.

Թող իշխաններ համբույրներո՛վ կիներու՝
Շարեն իրենց կյանքի համրիչն հեշտական,
Եվ մեղկօրեն, կախարդ կապտող ձեռքի՝ հլու,
Անոնց աչքին մեջ իրենց պարտքը մոռնան.

Դիմա՛կ փոխե թող Եվրոպան ըստ շահին,
Մինչ դատասաց՝ դատավորի՜ ըզգեստով,
Եվ թող ինքզինքը խաբխըբէ տակավին՝
Թող կըգործէ վըսեմությունը, խըղճով.

Թող փառամոլն թագի մ’համար մարմաջի.
Թող համբույրներ տեղան նենգող քղանցքի վրա.
Մողեզի պես՝ որ քարէ քար կը թագչի՝
Կեղծն իր քողին տակ բացխըփիկ թող խաղա.

Ես՝ իմ վսեմ երազիս մեջ փաթթըված,
Հոն, լերան վրա, հեգնող արծիվ մըտածման,
Սուր ճիրաններս՝ բնության կուրծքին, դեպի ցած
Պիտի նայիմ և պի՛տ խընդա՜մ ատոնց վրան:
Բայց երբոր Չարը ծընի այս ամենեն,
Այս խոլանքեն վընասն ելլե անդադար
Մարդկության մեկ մասին մոլի հագուրդեն
Մյուս տարաբախտ մասն ըլլա զոհ մ’անարդար.

Բայց երբ աշխարհըս. փըրփրերա՜խ երիվար,
Սուրբ վարողին դեմ իր բաշերը թոթվի.
Երբ հասկը՝ գոռ փոթորկին տակ պառկի վար,
Եվ կոտրի վարդը տերևին ներքևէ.

Երբ բաց մատյանը բնությունն էր գաղտնիքին՝
Դեռ մեր տկար աչքեն բըռնէ դեպ հեռու.
Երբ լացերու փոխվին երգերն ալիքին,
Եվ դեռ ջանա մարդն իր շուքին հասնելու.
Երբ քաղելու համար լոկ վարդ մ’հաճույքեն՝
Կույր հոգիներ իրենց խուժող ոտքին տակ
Մանիշակներ, անմոռուկներ կոխկըռտեն,
Եվ խոցէ բյուր սիրտեր՝ փառքի մը տենչանք.

Երբ դատարկված թանկ բաժակներ խընջույքի,
Դուրսն, աղքատին արցունքներով մաքրըվին.
Եվ ալիքներն ուրախության աղմուկի,
Սեմին վըրա, խեղդեն լալյունն անսվաղին.

Երբ զինք մըշուշը ցույց տալու համար, վերև,
Արևուն վեհ ճակտին կառչի լըկտօրեն.
Երբ ելլելու համար բարձունքն՝ հաղթ քայլեր
Ինկած կուրծքերն իրենց սանդուխ գործածեն.

Երթ օրենքին՝ քըմահաճույքն ըլլա ղեկ
Եվ Արևմուտքը տակավին բավական
Ըստվեր երկնէ, քող մ’հյուսելու թանձըրկեկ
Արևելքի ցողերուն վրա մըշտական.

Սուտը, դաժա՜ն, ահեղ հիդրա, երբ իրեն
Պըրկումներուն մեջ ճըշմարտին հեծել տա
Երբ բըռնությունն իբրև լերան մը բազեն,
Թըռչուններու տարմեր ընե խեղդամահ.

Ես այն ատեն, նորածին Մուսայիս՝ պարտակա՜ն,
Քընարազարդ իբրև առյուծ մը վըսեմ,
Շըղթաներուս մեջ՝ Բընության, Մարդկության
Երեսն ի վեր ահեղօրեն պիտ մըռնչե՜մ…

7 մայիս, 1904

ՑԱՅԳԵՐԳ
(Սիրային)

Իղձերս ամեն, խոստումներս ալ ճըշմարիտ՝
Հույսով մը լի, ոտքիդ առջև դըրի ես.
Չը զըլացա քիչ ո՛չ հառաջ, ո՛չ ժպիտ.
Բայց, ա՜հ, երբեք չը ճանչցավ զիս սիրտըդ վես:

Քեզի համար նույն իսկ հոգի՛ս զոհ ընել
Ես ուխտեցի աստղերուն դեմ, երկնի տակ.—
Դու շունչդ ինծի թույլ չը տըվիր վայելել,
Չը ճանչցար զիս, չը հասկացա՜ր, ո՛վ հոգյակ…

Սեր—քընարիս լուրերը լոկ քեզ համար
Թըրթռացուցի, քեզ երգեցի հեծումով.
Միշտ ցանեցի հետքիդ արցունք անհամար.—
Ցույց չը տըվիր դու ինձ ո՛չ գութ, ո՛չ գորով:

Դեմքիդ մեղր ու նըշույլ լուսնին դեմ
Նըստած, մենակ, լացի քանի՜ գիշերներ.
Հուզված կուլար նաև լուսնակն այն ատեն,
Եվ ես՝ քեզի, անիկա զի՛ս կ’արտասվեր:

Այս ամենուն վըրա, անգո՛ւթ, չունեցար
Ո՛չ արտասուք, ո՛չ բառ և ո՛չ ծիծա՜ղ մ’իսկ,
Բընավ ինծի չը բացիր գիրկդ հըրավառ.
Չինկավ սըրտիս նայվածքըդ խոր, թափառիկ:

Գեթ նայվածքիդ տեղ այս սըրտիս զա՛րկ դաշյո՜ւն,
Պատռե, ճեղքե, ծալքերը բաց և կարդա՛.
Հոն, արյունե մեծ տառերով քու անուն
Քանդակված է. իմ խենթ սիրույս՝ խենթ վըկա:

9. 6. 1902 թ.

ՍԻՐՈ ՎԱԶՔ

Երեք տարի՝ հույսով լեցուն ես անձկավ
Սիրո ճամբեն փուշերու մեջ քալեցի.
Արյունեցան ոտքերս, և կուրծքս հալեցավ,
Բայց անեծք մ’իսկ չելավ բերնես դեպ քեզի:

Սերեն ամեն բան հաղթըված ինձ լուծեց
Իմ Արգելքը: Լանջքիս առջև փըշրեցան.
Տեղի տվին տառապանքի ժայռեր մեծ,
Սակայն նորեն չը լըմընցա՜վ այն ճամբան:

Թասուն սըրտով ա՛լ նըստեցա, և մեկեն
Անհուսությամբ մը հավատքս, ո՛հ, ծայրե ծայր
Ըսքողվեցավ: Տեսնըվեցար այն ատեն
Նայվածքներովդ հեգնող, և ըսիր. Հոգնեցա՞ր:

1902 21 Դեկտ.

***

Միտքըս ունիմ հիշատակներ ես անշեջ
Որոնց վըրա սև ժամանակ մ’ահագին
Կոխեց անցավ: Հիմա ինկա անոնց մե՛ջ,
Առջևն իրենց բեկորներուն՝ ծընրադիր:

Կըհամբուրեմ ըստեպ զանոնք, զի ունին
Դեռ հըրապույր մը անթառամ, ճիշտ նըման
Իբր հիշատակ տըրված ծաղկի մ’հրապույրին՝
Որ տարփածուի մը գըրքին մեջ կըդեղնի:

Զերթ աշնան վարդ սիրտս հյուծած է և թոշնած,
Բայց իր հոգնած թերթերը դե՜ռ կըպահեն
Սիրո գաղտնիքն երկու թիթռան գըրկված,
Ու սև սարսուռն այրի կընոջ մ’համբույրին:

1 հունիս, 1902

ՀԱՌԱՉԱՆՔ ՄԸ

Մատաղ կյանքիս ծաղկունք՝ կարգավ
Չորցան գացին, տարվե տարի
Խանդս խուսեց, և պայքարի
Արյունն լանջքիս տակ լըճացավ:
Միշտ կըրեցի ցավերով մեծ,
Հույսն—այդ սոսկ լարն՝ որ կը կապե
Այս կյանքին հետ ըզմեզ—բա՛բե,
Աչքիս ամեն բան շըպարեց:
Ցնորքի՜ աշխարհ:—ըսին ինծի
Թե փառքն է կյանք, ու ելլելու
Ինձ ցույց տըվին ժայռ մ’ամպերու
Խորն էր կատար՛ը.— դողացի՜:
Ո՛հ, չը տեսա ծով մ’անալի,
Երկինք մ’առանց սև ամպերու,
Մըրրիկներե կաղնի մ’հեռու,
Եվ ծովեզերք մ’առանց բալի.—
Այսպես՝ չը գտա ժըպիտ մը՝ ուր
Չը խառնըվին արցունք, լալյուն
Եվ սեր մ’առանց իր վշտերուն,
Առանց շիրմը մ’ալ՝ խանձարո՜ւր…
Արդ հառաչի մեջ, սըրտաբեկ,
Կը բողոքե հոգիս լըռիկ.—
Այս օրենքին ո՞ւր է գաղտնիք…
— Հոն վե՛ր, կապո՜ւյտը ճեղքեցիք:
Կուզենք գաղտնիքն այս ամենուն—
Արտասուքին, ժըպտին, շիրմին…
Կուզենք գաղտնիքդ, ո՛վ աշխարհ սին,
Վըսեմ երազ, ո՜վ խոլություն:

20. 8. 1903 թ.

ՍԻՐԵՐԳ

Մանուկ էինք տակավին.
Ես՝ քիչ ժըպտող հանդարտիկ,
Իսկ դու աշխույժ թիթեռնիկ
Մ’ էիր՝ շըրջող իմ չորս դին:

Մատուցի քեզ օր մը, հո՛ւշ,
Վարդ մը այտիդ պես կարմիր.
Դու դեմքիս զայն նետեցիր՝
Ուրկե խոցեց զիս մի փուշ:

Արյուն, արցունք—երկու շիթ—
Երեսես վար հոսեցան.
Գերին եղա օրեն այն՝
Չարաճըճի հաճույքիդ…

Ո՜հ, երբ որ ալ կըվառեր
Սիրտըս՝ սիրույդ կըրակով,
Հեծող քընարիս նըվագով
Երբ խընդրեցի քուկին սեր.

Դու մերժեցիր, ես լա՜ցի.
Արցունքի մեջ նվաղեցան
Բոցերն աչքիս. ընդունա՜յն
Արդ քեզի սիրտըս բացի.

Տենջանքներով անուշիկ՝
Զուր տեղ շուրթերս այրեցան,
Անոնք երբեք չարբեցան
Համբույրներովն այտիդ գիրգ:

Ալ ես հառաչ մ’եմ վերջին,
Բայց թե սիրվիմ մի անգամ՝
Նորեն մըրրիկը կ’ըլլամ
Սերերու մեծ ովկիանին:

20. 4. 1901 թ.

2 մեկնաբանություն

  1. Բայց ինչո՟ւ Վարուժանի հարազատ ուղղագրութիւնը կը խաթարէք, վերածելով զայն Հայաստանեան ուղղագրութեան: Սա արդէն անընդունելի է. չտպէիք աւելի լաւ կ’ըլլար:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով