Հայազգի Գաստելլոն — Արտյուշա Օհանջանյան

Հրապարակվել է «Գարունի» 1967-ի 1-ին համարում՝ «Ո՞վ է ճանաչում նրան» խորագրով:

Լուսանկարից նայող կրտսեր լեյտենանտը հայրենական պատերազմի զարմանալի հերոսներից է: Նա մեկն է այն քառասունից, որ այրվող ինքնաթիռը ուղղեց ոսոխի վրա և մահով վերջին հարվածը հասցրեց թշնամուն: Այդ քառասունից մեկի՝ կապիտան Նիկոլայ Գասստելլոյի մասին գիտե աշխարհը: Մնացած երեսունիննի անունները ավելի կամ պակաս չափով անհայտ են: Այդ երեսունիննից մեկը մեր հայրենակիցն է՝ Արտյուշա (գուցե՝ Հարություն) Օհանջանյանը:
Ինչպե՞ս է այս նկարը հասել մեզ:
Մի քանի տարի առաջ, մեր խմբագրության աշխատողներից մեկին դիմելով, Արտյուշայի ընկերները խնդրել են գրել նրա մասին: Հերոսի ընկերները ժուռնալիստի մոտ են թողել Արտյուշայի լուսանկարը և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի 1961 թվականի հունիսի 23-ի համարը, որտեղ գրված է քառասուն հերոսների մասին: Հոդվածի մեջ մեր հայրենակցի մասին ոչ մի մանրամասն չկա, նրա անուն-ազգանունն է միայն՝ քառասունի մեջ: Լուսանկարը թողնելով ժուռնալիստի մոտ, հերոսի ընկերները խոստացել են նորից գալ, լրացուցիչ տեղեկություններ տալ, ծանոթացնել Արտյուշայի հարազատների հետ:
Խոստացել են և… այլևս չեն երևացել: Տպագրելով հերոսի լուսանկարը, «Գարուն» ամսագիրը դիմում է բոլոր նրանց, ովքեր որևէ բան գիտեն Արտյուշա Օհանջանյանի մասին, բարի եղեք կամ գրել մեզ, կամ այցելել խմբագրատուն: Եկեք ընդհանուր ուժերով վերականգնենք կենսագրությունն ու դիմանկարը մեր թանկագին հայրենակցի: Թող սերունդներին անհայտ չմնա նրա անունն ու գործը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով