Ողջունում են, շնորհավորում, բարեմաղթում…

«Գարուն», 1967, 1

«Յունոստ» հանդեսի խմբագրության անունից մեծ ուրախությամբ շնորհավորում եմ մեր կրտսեր քրոջ՝ հայկական «Գարուն» ամսագրի ծնունդը:
Գարունը տարվա ամենահրաշալի ժամանակն է: Արևը դեռ չի այրում իր ամբողջ ուժով, բնությունը կենդանանում է, մոլեգին աճում է ամեն ինչ, և՛ թռչուններն են երգում ավելի զնգուն, և՛ առվակներն են խոխոջում ավելի հմայիչ:
«Գարո՜ւն»… Այս անունը շատ բան է պարտավորեցնում: Բարձր պահեք ձեր պատիվը, ընկերներ: Աշխատեք ձեր գարնանային հարկի տակ հավաքել այն լավագույնը, ինչ ժամանակն է ծնում: Թող ձեր գարունը վառվի Սարյանի գույներով և հնչի չարենցյան պոեզիայի և՛ մեղմ, և՛ հուժկու ելևէջներով: Եվ թող հանդեսի ամեն համարում ընթերցողը լսի նոր, երիտասարդ մի ձայն:
Բայց ամենից առաջ և ամենից գլխավորը՝ ձեր ընթերցողների մեջ արվեստների բոլոր միջոցներով դաստիարակեցեք կոմունիզմի գաղափարներով ոգեշնչված, մեծատառ գրվող, Իսկական Սովետական Մարդուն:
Բարին ընդ ձեզ:
Ձեր՝ ԲՈՐԻՍ ՊՈԼԵՎՈՅ

Իմ բարեկամական ողջույնն եմ հղում երիտասարդական նոր ամսագրի ընթերցողներին՝ հայոց խստաշունչ և գեղեցիկ հողի պանծալի երիտասարդ որդիներին: Կուզենայի, որ դուք կյանքի օրինակ վերցնեիք Հայրենական Մեծ պատերազմի հերոսներից, որոնց մեջ այնքան շատ են ձեր քաջարի ու առնական հայրենակիցները: Թող նոր ամսագրի էջերից չպակասի ռազմի թեման, որն այնքան անհրաժեշտ է՝ նոր սերնդին սովետական քաղաքացու հերոսական բնավորությամբ դաստիարակելու համար:
Ձեր՝ ՍԵՐԳԵՅ ՍՄԻՐՆՈՎ

Ամբողջ սրտով, ջերմորեն ողջունում եմ «Գարունի» ծնունդը:
Ես չեմ կասկածում, որ նոր ամսագիրը, որպես մամուլի օրգան, իմ հայրենակիցների երիտասարդ սերնդի մեջ սովետական ժողովրդի հերոսական ավանդներով կդաստիարակի հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի ոգին։ Դա ամենից առաջ։
Ես նաև շատ կուզեի, որ «Գարունը » հարստացներ մեր հարուստ և հնադարյան հայ գրականությունը, որի առաջին տպագիր գիրքը «Պարզատումարն» էր:
Բարի ընթացը քեզ «Գարուն»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Ամբողջ սրտով ողջունում եմ ծնունդը ձեր ամսագրի, որ հասցեագրվում է հայ երիտասարդությանը: Գրողի խնդիրը միշտ էլ պատասխանատու է և խորապես սրտագին, բայց այն շատ ավելի է պատասխանատու, երբ մենք մեր խոսքը ուղղում ենք նոր սերնղին: Այդ դեպքում յուրաքանչյուր բառ կարծես թե սերմի է փոխվում, այն կարող է ծլարձակել երիտասարդ հոգում և որքան է հարկավոր, որ այդ բառ-սերմը լինի մաքուր, լիակշիռ, անբիծ և արթնացնի մարդկային լուսավոր զգացումներ: Թող «Գարունը» դառնա բարու և լույսի ճիշտ այդպիսի սերմնացան: Չէ՞ որ այն, ինչ ջահելության օրերին ես կարդում, անմոռաց է մնում ողջ կյանքում:
ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Հայ կուլտուրայի համար այսօր մեծ տոն է:
Մեր հայ երիտասարդությունը կոմունիստական կուսակցության շնորհիվ հիանալի նվեր է ստացել:
Ես լրիվ բաժանում եմ մեր երիտասարդության ուրախությունը, որ այսուհետև կունենա բանաստեղծական անուն կրող «Գարուն» ամսագիրը:
Բարի երթ քեզ, «Գարուն»:
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոր և, ինչպես ինձ թվում է, շատ հարկավոր ամսագրի ծննդյան առթիվ շնորհավորում եմ ձեր կոլեկտիվին և ընթերցողներին: Անկեղծ ու ճշմարտացի խոսքի ամեն մի նոր աղբյուր մեծ ուրախություն է: Թող «Գարուն» ամսագիրը մեր երիտասարդությանն ուրախացնի գրական նոր ստեղծագործություններով, հեղինակների նոր անուններով, մեր հանրապետության ներկային, պատմությանը և գիտությանը նվիրված ուսանելի և գրավիչ հոդվածներով, ակնարկներով:
ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով