Ֆրանսիական մամուլը կանանց մասին

«Գարուն», 1967, 3
ՊՃՆԱՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ՝ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԿՇՌԻՑ ՔԱՌԱՍՈԻՆ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ

1962 թվին 12 միլիոն կին գնել են 270 հազար տոննա պճնանքի առարկաներ, որը Էյֆելյան աշտարակի կշռից ավելի է քառասուն անգամ, բայց շատ ավելի քիչ է գերմանուհիների օգտագործած դեղերից կամ անգլուհիների վատնած դիմափոշուց:
1966 թվին Ֆրանսիայում վաճառվել է երկու միլիարդ 282.350 ֆրանկի պարֆյումերային ապրանք կամ 1963 թվից 14,22 տոկոսով ավելի: Բայց ֆրանսուհիների դեպի գեղեցկությունն ունեցած աճող ուշադրության ամենացայտուն վկայությունը օրեցօր բազմապատկվող գեղեցկության հաստատություններն են, որոնք անգամ գավառում նույնքան տարածված են, որքան վարսավիրանոցները: Ի միջի այլոց, հիմա նույնիսկ վարսահարդարները իրենց սալոններում հատուկ գեղագետներ ունեն:
Այժմ Ֆրանսիայում 6000 այդպիսի գեղեցկության հաստատություն կա: Ոչ միայն բոլոր մեծ քաղաքները, այլև այնպիսի երկրորդական քաղաք, ինչպիսին Դիոլեֆիտն է, որտեղ ապրում է ընդամենը 3000 մարդ, ունի գեղեցկության հաստատություն: Միայն Փարիզում գործում է գեղագետների 15 դպրոց (6-ամսյա տեսական և երկամսյա գործնական դասընթացով): Այնուամենայնիվ, այդ մասնագետների պահանջը այնքան մեծ է, որ գոյություն ունեն անգամ հեռակա դասընթացներ, որտեղ միայն գործնական աշխատանքի ժամանակ է սովորողի ներկայությունը պարտադիր: Այժմ ամեն քիչ թե շատ մեծ քաղաք ունի գեղեցկության իր դպրոցը: Բավական է միայն նշել գեղեցկության հաստատությունների աշխատանքային ժամերը, ցույց տալու համար, որ նրանց հաճախորդների կազմը լրիվ փոխվել է: Այդ հաստատությունները ամենից շատ զբաղված են ժամը 12-15-ը, իսկ սա նշանակում է, որ հաճախորդների մեծ մասը աշխատող կանայք են՝ վաճառողներ կամ ծառայողներ: Միայն բարձր պաշտոնյաներն ու տնային տնտեսուհիներն են օգտվում այլ ժամերից:
Գեղեցկության այս դեմոկրատացումը ցույց է տալիս, որ այն դադարել է ինչ-որ առանձնահատուկ պճնանք լինելուց և դարձել է հասարակական անհրաժեշտություն, աճող պահանջ:

«ԿԱՆԴԻԴ»

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով