Արմեն Մախչանյան. Քուին — քմահաճ «Թագուհու շքերթը»

«Գարունի» 1989, 6
Շինծու, նախշազարդ, էքսցենտրիկ, վառ, անսպասելի և պերճաշուք… Երաժշտագետների ու քննադատների գնահատման այս ծայրահեղ և իրարամերժ մակդիրները, «ծաղկաքաղ» արված տարբեր երաժշտական հանդեսներից և գրախոսականներից, հավակնում են բնութագրել անգլիական ռոք-խմբին, որի երաժիշտները, ըստ իրենց հիմնական մասնագիտության, նույնքան տարատեսակ են, ինչպես ռոքի բազմաճյաղ դրսևորումները: Մեներգիչ, կոմպոզիտոր և խմբի առաջնորդ Ֆրեդդի Մերկուրի (իսկական անունը` Ֆրեդերիկ Բուլսարա, ծնվել է Քեյփթաունում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, անգլիացի միսիոների ընտանիքում), մասնագիտությունը` նկարիչ-դիզայներ, Ջոն Դիքոն— բաս-կիթառ, մասնագիտությամբ` էլեկտրոնային սարքերի ինժեներ, Ռոջեր Մեդոուզ Թեյլոր— հարվածային գործիքներ, մասնագիտությամբ կենսաբան, Բրայեն Մեյ— սոլո կիթառահար և… աստղագետ:
17 տարի առաջ, համախմբվելով (ռոք-խմբերի համար երկարակեցության ռեկորդներից մեկը) և մի կողմ թողնելով իրենց հիմնական նախասիրությունները, նրանք ընտրեցին պարզապես գեղեցիկ մի անվանում (QUEEN (թագուհի), որն այսօր հայտնի է ռոքի նույնիսկ ոչ այնքան լավատեղյակ երկրպագուներին ոչ միայն երաժշտության, այլև քննադատների «բուռն գործունեության» շնորհիվ:
1972-ին, երբ Անգլիայի (հետագայում նաև աշխարհի մյուս երկրների) համերգասրահներն ու բազմահազարանոց ստադիոնները անդարձ «գրավում էր» «Լեդ Զեփփելինը», «Թագուհին» դուրս եկավ մրցակցության, վճռական ու նպատակասլաց մի մղումով, իր տեղը գրավել գերհագեցած բրիտանական ռոք բեմում և ապացուցել, որ առաջին պաշտոնական ելույթին նախորդած 18 ամիսների քրտնաջան աշխատանքը՝ ելույթները ուսանողական ճամբարներում ու պանդոկներում, զուր չի անցել:
«Աստղերից» սովորելը ամենևին էլ նսեմացուցիչ չէ, բայց կրկնօրինակելը կարող է հաջողություն երաշխավորել լոկ սկզբնական կարճ մի ժամանակաընթացքում: Թերևս այս հանգամանքը վճռորոշ դարձավ պրոֆեսիոնալ ռոք-երաժշտագետների մեծամասնության համար, որոնք մինչև օրս էլ առանձնապես մեծ հրճվանքով չեն «դիմավորում» «Քուին» ռոք-անսամբլին: Այդ առումով հատկանշական է հեղինակավոր բրիտանական ՆՅՈՒ ՄՅՈՒԶԻՔԼ ԷՔՍՊՐԵՍ ռոք-հանրագիտարանի բնորոշումը: «…«Քուինի» կենսագրությունը լավ ապացույց է ռոք երաժշտության մեջ վակուումի տեսության, երբ առաջատար կատարողները առժամանակ դադարեցնում են իրենց ելույթները, նրանց տեղը անմիջապես գրավում են կրկնօրինակողները»:
Խոսքը «Զեփփելինի» և «Թագուհու» դերաբաշխման մասին է, որոշ սուբյեկտիվությամբ հանդերձ, գնահատումը հեռու չէ իրականությունից, մանավանդ, երբ խոսքը անսամբլի ստեղծագործության սկզբնական շրջանի մասին է: Բացի այն, որ Մերկուրիի ձայնը նման էր հանրահռչակ Ռոբերտ Փլանտին, Բրայեն Մեյի մենանվագների մեջ պարզորոշ զգացվում էին զեփփելինյան երանգներ:
QUEEN-I և QUEEN-II ալբոմների միակ արժանիքը այն էր, որ դրանք հնարավորության տվեցին քննադատներին… կատարելագործվելու սրամտության մեջ, սարկազմով ու սպանիչ հեգնանքով լի հոդվածներ գրելով: Շրջադարձը տեղի ունեցավ 1974-ի նոյեմբերին: SHEER HEART ATTACK (իսկական սրտի նոպա) ալբոմը «ջարդեց» սառույցը: Killer QUEEN (մարդասպան֊Թագուհի) երգը Անգլիայի հիթ-պարադում գրավում է առաջին տեղը, աստիճանաբար սկսում է ավելանալ երկրպագուների թիվը, մամուլի արձագանքները անհավանականորեն վերափոխվում են, նույնիսկ այս աստիճանի. «Խումբը կարող է դառնալ Բրիտանական ռոք բեմի ամենահետաքրքիր երևույթը…: Նրանց մեջ վերածնվեց հին բիթլների ոգին» և այլն: Հաջորդ ալբոմը (1975), որը մինչև օրս թողարկվածների մեջ համարվում է լավագույնը, QUEEN-ի աստեղային ժամն էր: Ձայնապնակը կոչվում էր «Մի գիշեր օպերայում», և խումբը այն ներկայացրեց որպես ծրագրային: Դա նույնպես համապատասխանում էր իրականությանը, քանի որ այդ ժողովածուի մեջ խմբի անդամների բարձր պրոֆեսիոնալիզմը, հատկապես Ֆրեդդի Մերկուրիի ձայնային դիապազոնի հնարավորությունները հիացնելու հետ մեկտեղ նաև զարմացնում էին: «Բոհեմական ռապսոդիա» ձայնապնակի գլխավոր կոմպոզիցիայի մեջ երգչի բազմաձայն արիաները անկանխատեսելի զուգորդումներով մեկ ընդմեջվում են ռոք էնդ ռոլի, սվինգի, բլյուզի և օպերետային առանձին «կտորների» հետ: Կոմպոզիցիան ձայնագրված էր overdubbing սիստեմով՝ այն է՝ առանձին բարձրության և տեմբրի ձայնային ակոսները միմյանց վրա են դրվում և համատեղվում, տվյալ դեպքում մոտ 20-ից ավելի.
Մամա միա՜, մամա միա՜- Գալիլեո Գալիլեյ:
Listen to the wise, Listen to the wise— մելոդիկ կրկներգերը անկասկած ծանոթ են ռոքի բոլոր սիրահարներին:
Ի դեպ, A night at the opera ժողովածուն համարվում է ամենաթանկարժեք ձայնապնակներից մեկը ռոքի պատմության մեջ: Այն ձայնագրվել է 11 ամիս շարունակ, իսկ «Բոհեմական ռապսոդիան» այդ տարվա հիթ-պարադներում անմիջապես գրավեց առաջին տեղը և մնաց 7 շաբաթ, նույնպես յուրօրինակ մի ռեկորդ, որը չէր գրանցվել սկսած 1952 թվականից, երբ սկսվեցին նման մրցույթները:
Ձգտելով ամրապնդել հաջողությունը, «Թագուհին» ընտրում է առավել հեշտ ճանապարհ: Սկսում է կրկնօրինակել… ինքն իրեն, շահագործելով հաջող գտնված ոճը: 1976-ին լույս տեսած A day at the races (Մի օր ձիարշավում) հաջորդ ալբոմը համարյա չէր տարբերվում նախորդից: To love somebody (Սիրել մեկին) կոմպոզիցիան «Ռապսոդիայի» կրկնօրինակն էր:
Միտումը կարելի էր, իհարկե, բացատրել բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ բերելով, բայց ամենահիմնականը թերևս մեկն էր: Բազմաթիվ ռոք-խմբեր համընդհանուր ճանաչման արժանանալով` «ձեռք են բերում» նաև մոլեռանդ երկրպագուների մի հոծ բանակ: Եվ նրանք երբե՛ք չեն ներում իրենց սիրեցյալներին անգամ ամենափոքր շեղում մեկընդմիշտ հաստատված բեմական կերպարից և կատարողական ու մատուցման ոճից: Եթե սրան ավելացնենք նաև «սիրեցյալների» որոշակի մտավախությունը` հին երկրպագուներին կորցնելու, նորերին դուր չգալու, ապա միանգամայն պարզ է, թե ինչու շատ հաճախ «նորը հանդես է գալիս որպես լավ մոռացված հին»: Հարթված ճանապարհով քայլելը ավելի հեշտ է և ավելի անվտանգ, առավել ևս, որ քեզ կրնկակոխ հետապնդում են առաջատարի դերը գոնե մեկ ամսով կամ օրով փորձել ցանկացող բազմաթիվ նոր մրցակիցներ: Այս ամենով հանդերձ չի նշանակում, որ «Քուինը» ոչ մի նոր բան իր հետ չբերեց: Նրա ակնհայտ արժանիքների շարքին կարելի է դասել պոլիֆոնիկ, երբեմն էլ իսկապես ռոմանտիկ վոկալը, որը հարդ, ռոքին բնորոշ «կարծր» հնչողության հետ միաձույլ, մի նոր որակ տվեց: Այլ էր QUEEN-ի վիճակը բեսթսելլեր ձայնապնակից հետո: Պարզապես մյուս ժողովածուներում, որոնք արդեն լույս էին տեսնում պարտադիր հաջորդականությամբ, արդեն չկար «Բոհեմական ռապսոդիայի» անսպասելիությունը: Առկա էր բարձր պրոֆեսիոնալիզմը, շքեղ բեմականացումով մատուցվող համերգային շրջագայությունները «աստղային» կարգավիճակին բնորոշ սկանդալային հայտարարություններ մամուլում, ռեկլամային մեծ կամպանիաներ և այդ ամենը նույնպես հմտորեն օգտագործող մեծ ձեռներեցություն:
1977 թ.— News of the world, 1978— JAZZ, 1979—Live Killers— ձայնապնակներում զետեղված ստեղծագործություններից թերևս արժանահիշատակ է «Մենք չեմպիոններ ենք» կոմպոզիցիան, որն այժմ դարձել է անգլիացի սպորտային երկրպագուների հիմնը: «Խաղ» (1980) և «Տաք տարածություն» (1982)— ձայնասկավառակներում խումբը փորձեց օգտագործել դիսկո երաժշտության տարրեր: Արդյունքը— մասսայականության կտրուկ անկում: «WORKS», 1988-84 թթ. ստեղծագործություններ հաջորդ ալբոմը «վերականգնեց» սասանված հեղինակությունը: Բնական է, որ այդ վերուվարումների կողքով անտարբեր չէին կարող անցնել նաև քննադատները: Նյու Մյուզիք էքսպրես մասնագիտացված ռոք շաբաթաթերթի գրախոսը, թերևս «ամենամեղմն» էր.
— Այդ բոլոր երգերը չափազանց քաղցր, պսևդոդասական դաշնամուրի ուղեկցությամբ, շվարած-զմայլված երգչի սիրային զառանցանքները ստիպում են ինձ բառացիորեն փշաքաղվել:
Ֆրեդդի Մերկուրին «նույնպես քաղաքավարի» պատասխանեց.
— Անգլիացիներին ուրիշ այլ բան չի մնում անելու, քան ցինիկ լինել, մեր ամբողջ մամուլն է այդպիսին:
Մոտավորապես այսպիսի կամ նմանատիպ սիրալիր երկխոսության ձևով են այժմ կառուցվում փոխհարաբերությունները քննադատների և «Թագուհու», բայց ոչ երբեք 70-ականներից նրանց հավատարիմ երկրպագուների միջև: QUEEN-ի վերջին ալբոմը «Կախարդանքի մասնիկը» վերնագրով, լույս է տեսել 1987-ին: Համանուն վերնագրով շատ շքեղ բեմականացված համերգի պրեմիերան, որը կայացավ Լոնդոնի Ուեմբլի ստադիոնում, 80 հազ. հանդիսականների առկայությամբ, էլ ավելի էր հարստացել Մերկարիի խորեոգրաֆիկ նորամուծությունների շնորհիվ: Երգերը և կոմպոզիցիաները մատուցվում էին բալետային և պարային տարրերի հետ համատեղ: Հետո հետևեցին միջազգային շրջագայություններ և հերթական երկրում` Հունգարիայում, նկարահանվեց լիամետրաժ երաժշտաֆիլմ` «Կախարդանք. Քուինը Բուդապեշտում», որը անցյալ տարի ցուցադրվեց նաև երևանյան էկրաններին: Ռոք երաժշտության խորհրդային երկրպագուները տեսան և լսեցին անսամբլին առանց մեկնաբանությունների և կարծում եմ, շատերը կհամաձայնվեն եզրահանգման հետ, որ «Թագուհին» անկասկած նվաճել է իր «տեղը արևի տակ»: Բայց նաև վաղուց ժամանակն է վարպետությունը, կոմպոզիտորական անուրանալի տաղանդն ու կարողությունները ի սպաս դնել ավելի լուրջ հարցադրումներ և պրոբլեմներ բարձրացնելու համար, քան ասենք 100 հազարանոց լսարանին պատմել թիթեռների, ծաղիկների և ռոմանտիկ երազների մասին: Անգլերեն իմացողները թող փորձեն կարդալ նրանց երգերի տեքստերը:
Ռոքը վաղուց է դուրս եկել սոսկ զվարճանքի երաժշտության շրջանակներից, իսկ «Քուինը» երբեք չի եղել և չի էլ հավակնել լինել քաղաքական կամ սոցիալական ակտիվության ջատագովի դերում, ինչը հետևողականորեն (ըստ երաժշտության աստիճանական փուլերի և տարիների հետ հասունության) իրագործում էին նրանցից շատ մեծ փառք ունեցող լեգենդար ԲԻԹԼԶ-ները:
Եվ համերգի ժամանակ, շամպայնով լի բաժակը ձեռքին (Մերկուրիի սիրելի ժեստերից մեկը) բոլոր նստածներին մաղթել, թե առավոտյան նախաճաշին ձեզ ևս շամպայն եմ ցանկանում, լոկ գեղեցիկ ողջույն է, որը հրճվանք է պատճառում միայն այն դեռահասներին, որոնք դեռ անտեղյակ են, որ ռոքը միայն երաժշտություն չէ: Այլ աշխարհայացք և հավատամք, նաև հզոր միջոց հումանիզմի և բարության պատգամները տարածելու, բողոքն ու ցասումը համապատասխան նպատակակետերին ուղղելու: Եվ որ հազարավորներին իր ետևից «տանելու» մեծ պատասխանատվությունը պարտադրում է լինել նաև հոգևոր առաջնորդ: Այս վերջին ցանկությունը հաճախ է հանդիպում և՛ արտասահմանյան, և՛ խորհրդային երաժշտագետների գրախոսություններում: Առավել ևս դա վերաբերում է «Քուինին»:
Նրանց արժանիքները չնսեմացնող, բայց որպես լուրջ առարկություն նրանց հասցեագրվող հիմնական կարգախոս, դա միշտ ասվում է իրենց իսկ հայրենակիցների կողմից:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով