Վաչե Գաբրիելյան. Ժամանակի մեքենան

«Գարուն», 1987, 11

Բոլոր թերթերը` մեծ թե փոքր, բավականաչափ տեղ էին տրամադրում այսպես կոչված «հունական առեղծվածին», որը, մեկ շաբաթ առաջ երևան գալով, մինչև այժմ զբաղեցնում էր անգամ Մադրիդի պես մեծ քաղաքի ամեն ինչից այդքան շուտ հիասթափվող, ամեն տեսակի ինֆորմացիայով գերհագեցած բնակչին: Պատմությունը մոտավորապես այսպիսին էր, համենայն դեպս, այսպես էր ներկայացնում «Էսպանյոլան». «Հույն ինժեներ Դոմենիկո Թեոտոկոպուլիոսը, մոտ երկու շաբաթ առաջ, մայիսի վերջերին, նամակներ է ուղարկում աշխարհի խոշոր կառավարություններին, ինչպես նաև որոշ մասնավոր անձանց, որ գործարար աշխարհում հայտնի են տեխնիկայի վերջին նորույթների գերարագ կիրառմամբ և դրանից առասպելական շահույթ կորզելով, առաջարկելով իրենից գնել մարդկության պատմության ընթացքում երբևէ արված մեծագույն գյուտը՝ ժամանակի մեքենա` տրամաբանական էկրանով: Ի հավաստումն այդ խոսքերի` նա յուրաքանչյուր նամակի հետ ուղարկում է մեկ տեսագրություն` «Քեոփսի բուրգի շինարարությունը և Ձեր վաղվա օրը»: Ինչպես պնդում են աշխարհի խոշորագույն հնագետներն ու կինոմագնատները, նկարահանումները կատարված են փարավոնի մահից քիչ առաջ: Այսօր այդ նկարահանումների համար կպահանջվեր մոտ հինգ հարյուր մլն. դոլար, տասնյակ հազարավոր դերակատարներ և այլն, որ հնարավոր չէր լիովին գաղտնի պահել: Կառավարություններն ու մասնավոր անձինք, համոզվելով փաստի իսկության մեջ, ամենակարճ ժամկետում ժամանեցին Կրետե, որտեղ բնակվում Էր Թեոտոկոպուլիոսը: Սակայն նրա շքեղ ու ընդարձակ առանձնատունը դատարկ էր, իսկ մի մասը` պայթեցված: Բեկորների մեջ, սակայն, չհաջողվեց գտնել հանճարեղ գյուտարարի մարմինը: Երկու շաբաթ տևող պրպտումները ոչինչ չտվեցին: Նրա մասին ոչինչ հայտնի չէր: Հայտնի էր, որ այդ օրը ոչ ոք, որ գեթ մի քիչ նման էր նրան, չէր լքել Կրետեն` ոչ ծովով, ոչ օդով: Թեոտոկոպուլիոսն անհետ կորել էր Կրետեում: Առաջադրվում է երկու վարկած՝ կամ նրան առևանգել են, կամ` սպանել, նպատակ ունենալով օգտագործել այդ ահեղ, այո, ահեղ զենքը: Կալանքի է վերցվում մի կասկածելի անձ՝ նախկինում դատվածություն ունեցող ոմն Դալարակիս, որին պայթյունից քիչ առաջ տեսել էին Թեոտոկոպուլիոսի տան մոտ: ԱՄՆ-ի սենատին կից հանձնաժողովը Հունաստանի պառլամենտի հատուկ հանձնաժողովի հետ դեռևս աշխատում էր պարզել, թե որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է անհետացել այդ առեղծվածային ինժեները: Նրա մասին ծանոթները նշում են, … որ անկասկած տաղանդավոր էր, սակայն ուներ որոշ տարօրինակություններ, ավելի շուտ` տարօրինակ հայացքներ արվեստի և մարդկանց փոխհարաբերությունների մասին: Հետաքրքիր է նաև այն, որ…»:
— Խոսե, դու խոստացել էիր այն ֆրանսիացիներին ցույց տալ Պրադոն: Նրանք ժամը երկուսին պետք է լինեն պատկերասրահի մուտքի մոտ, արդեն ուշ է,— կնոջ ձայնը, ինչպես միշտ, որևէ հաճելի լուր չէր հայտնում:
Խոսեն հորանջեց, դեն նետեց թերթը և թթված դեմքով սկսեց հագնել պիջակը:

— Տիկնայք և պարոնայք, այս դահլիճն ամբողջովին նվիրված է 16-17-րդ դարերի խոշորագոլյն իսպանական նկարիչ Էլ Գրեկոյին, որի ստեղծագործությունները հետագայում մեծապես ազդեցին իսպանական, կարելի է ասել, նաև եվրոպական ու համաշխարհային կերպարվեստի զարգացման վրա: Նրա ստեղծագործություններում առավել խոր ուժով է պատկերվել վերածննդի իդեալների կործանումը վերապրող մարդու տառապագին հուզաշխարհը: Վաշինգտոնի Ազգային պատկերասրահի դիրեկտոր Ջոն Ուոլքըրի կարծիքով, Էլ Գրեկոն ժամանակակից արվեստի նախակարապետը եղավ: Արդի շրջանին չափազանց մոտիկ են Էլ Գրեկոյի ստեղծագործությունները: Բայց, իհարկե, նա իր ժամանակի իսկական զավակն էր: Հետաքրքիր է, որ բնավորությամբ լինելով միստիկ, նա չէր վարում ճգնավորի կյանք կամ իր կտավները ստեղծում հուսահատ պահերին: Նա ուներ բավականաչափ եկամտաբեր արվեստանոց և պատրաստ էր կրկին ու կրկին նկարել նույն նկարը, եթե շուկայում պահանջարկ կար: Ի դեպ, պարոնայք, Էլ Գրեկոն նկարչի իսկական անունը չէ, դա անուն չէ, նշանակում է հույն: Իրականում նրան կոչել են Դոմենիկոս Թեոտոկոպուլիոս: Նա ծնվել է Կրետե կղզում, շրջագայել է Եվրոպայում, մասնավորապես Իտալիայում, իսկ 1577-ին, երեսունվեց տարեկան հասակում, հաստատվել է Տոլեդոյում: Կարելի Է կոչել իսպանական գեղանկարչության «հունական առեղծված»…
Հունական առեղծված,— ինչ-որ միտք շամփրեց Խոսեի ուղեղում և իսկույն էլ մոռացվեց, հալվելով առջևից գնացող ֆրանսահու փարթամ մազերի մեջ:

Ինժեներ Թեոտոկոպուլիոսին կոլեջում համարում էին երբևէ այդտեղ սովորած ամենաընդունակ ուսանողներից մեկը: Դրա հետ միաժամանակ դասընկերներն ու դասախոսները նշում էին նրա տարօրինակ հայացքների մասին: Ընդհանրապես լինելով խիստ ռացիոնալ մտածող տեխնիկայի ասպարեզում, նա ուներ յուրօրինակ իդեալիստական հայացքներ գեղեցկության, ներդաշնակության, մարդկանց էության մասին: Նրա գերդիպուկ աչքի և գերճշգրիտ ձեռքի մասին կոլեջում լեգենդներ էին հյուսվում: Նրա մեկ կամ երկու րոպեում արված շարժերը զարմացնում էին բոլորին իրենց վարպետությամբ, զարմանալիորեն գեղեցիկ և մի քիչ ձգված նկարելու ոճով: Սակայն նա երբևէ դրանով լրջությամբ չէր զբաղվում, այլ մինչև ուղն ու ծուծը խրված էր ամեն տեսակի շարժիչների, մեխանիզմների մեջ: Ուսում առնելուց հետո նրա մասին շատ չէին լսել: Նա մեկուսացել էր Կրետեի իր շքեղ առանձնատանը և միայն ժամանակ առ ժամանակ դիմում էր խոշոր ֆիրմաներին` ինչ-որ դետալների համար, որոնց նշանակութիւնը շատ դժվար էր հասկանալ: Դրանք մոտավորապես ծառայում էին նույն նպատակին, ինչ որ մյուս դետալները, որ արտադրում էր տվյալ ֆիրման, սակայն էապես տարբերվում էին մեկ-երկու մանրամասնով, որ ավելի ներդաշնակ ու փոքր-ինչ անհասկանալի էր դարձնում դետալը: Թե դրանք ինչի համար էին, արտադրողները չէին կարողանում հասկանալ և ոչ մի պատասխան չէին ստանում: Թեոտոկոպուլիոսը աշխատում էր օր ու գիշեր: Նա չգիտեր ինչ է հոգնածությունը, աշխատում էր անսպառ եռանդով, չգիտես որտեղից, ինչից կամ ումից ոգևորվելով:
Համառ աշխատանքից հետո ստեղծվեց հրաշամանուկը՝ ժամանակի մեքենան` իր տրամաբանական էկրանով, որը տվյալ` ստեղծման օրից կարող էր ցանկացած մարդու տեղափոխել առաջ և ետ, ցանկացած վայր ու ցանկացած ժամանակաշրջան, հաղթահարել տարածությունը, իր էկրանին կարող էր վերարտադրել ապագայի և անցյալի գործողությունները:
Քեոփսի բուրգը նկարահանելու ժամանակ, չգիտես թե ինչպես, Դոմենիկոսը կես ժամ աննկատ մնալով, կարողացավ հանգիստ նկարահանել, մինչև որ բռնվեց պահնորդների կողմից: Ապա նրանց ապշած հայացքների տակ անհետացավ. մեքենայի ավտոմատ համակարգն էր նրան ետ վերադարձրել: Դոմենիկոսը բազմացրեց ժապավենները, կցեց նամակներին, որտեղ նշեց տարբեր ժամկետներ՝ ցանկանալով միմյանցից անտեղյակ պահել մեքենան ձեռք բերողներին: «Առաջինից հետո կստեղծեմ երկրորդը, երրորդը… Իսկ ի՞նչ կլինի հետո, երբ նրանք գնեն դրանք»,— անցավ նրա մտքով: Բայց չէ՞ որ դեռ առաջին ու միակ մեքենան իր էկրանին կարող էր պատկերել այդ «հետոն»:
Առաջ քաշեց բազկաթոռը, գործի գցեց մեքենան, և մեքենայի էկրանին սկսեցին ծավալվել գործողությունները, որ պետք է տեղի ունենային մոտիկ ապագայում` մեքենան գնելուց հետո:

…Կառավարությունները միմյանցից գաղտնի գնելով ժամանակի մեքենաներ` կարծում էին ահեղ զենքը միայն իրենց է պատկանում: Մամուլը շարունակում էր իր որսը զանազան սենսացիաների հետևից, առանց կասկածելու, որ մեծագույն սենսացիան լռության է մատնված: Երկու կողմերում շտապ կերպով նախատեսվում էր դավադրության, մեկի ծովային դեսանտը յուրացնում էր վերջին ինստրուկցիաները` հատուկ պայմաններում գործելու համար: Նախատեսվում էր ինտերվենտներին օգնության ուղարկել նորագույն տեխնիկայով զինված նրանց թոռներին: Նախատեսվում էր լրտեսական լայն ցանցի հիմնում «թշնամական» պետության մեջ, այն պայմանով, որ նրանք լավ իմանան թշնամու լեզուն, պատմությունը և այլն: Հետագա դեպքերի իմացությամբ նախատեսվում էր գաղափարական խոշոր ճակատամարտ, որտեղ ամեն մի քայլ նախօրոք հեղինակազրկելու էր հակառակորդ կառավարության հերթական կաբինետը: Մոտակա տասնամյակների օպոզիցիոն հայտնի գործիչները տեղափոխվեցին ներկա ժամանակ և կազմեցին հնարավոր ուժեղագույն օպոզիցիոն բլոկը:
Նույն այդ ժամանակ մյուս տերության հետախուզությունը իմացավ հակառակորդ ճամբարում ժամանակի մեքենայի գոյության մասին: Սկսվեցին միջոցներ ձեռք առնվել: Երկու երկրներում սկսվեց բացարձակ սոդոմ-գոմոր: Ոչինչ պարզ չէր: Բռնում էին հեղափոխություն անողներին` խոսելով պետության անունից, նույն այդ պետության անունից ուրիշները բռնում էին այդ բռնողներին, ուրիշները` այդ ուրիշներին և այլն: Քսան տարի ընկած ժամանակում բնակչությունը խիստ աճեց: Միջին տարիքի տղամարդիկ անասելի մեծ գերակշռություն էին կազմում, և համարյա բոլորը զբաղված էին կամ «հեղափոխության համար» կամ «հեղափոխության դեմ» պայքարելով: Թոռը բոնում էր պապին, պապը հետապնդում տարիքով իրենից մի քիչ մեծ թոռանը, որը այդ միջոցին ֆլիրտով էր զբաղված պապի ընկերուհու հետ: Շատ երկրների արտաքին գործերի մինիստրներ պաշտոնաթող եղան, որովհետև ոչ մեկը չէր հասկանում, թե ինչ գործ ունեն լեյբորիստները կամ ուրիշ կուսակցությունների անդամները մի երկրում, ուր հանրապետականները պիտի լինեին կամ ընդհակառակը: Լավ կլիներ, եթե բանը դրանով վերջանար: Շփոթ տարածվեց ամբողջ աշխարհում: Խախտվեց ամեն ինչի բնականոն ընթացքը, բոլոր երկրներում ծավալվեցին պատերազմներ իշխանության համար: Դրանք հեղափոխություններ չէին, ոչ, պարզ չէր, թե ով ում կամ ինչի համար է պայքարում: Երկիրն ավերվում էր: Բայց ոչինչ, անգամ իր ոսկրոտ ճիրանները տարածող սովը չէր կարող կանգնեցնել իշխանության ետևից վազող այդ խելահեղ մարդկանց: Պատերազմն ընդգրկում էր ոչ միայն տարածությունը, այլև ժամանակը, քանի որ պատերազմը շահելու նպատակով ուսումնասիրում էին արմատները, գնում ավելի ու ավելի վաղ:
Պատկերը կատարելության էին հասցնում բիզնեսմենները` կյանքի բոլոր բնագավառներում: Նրանք գնում էին անցյալ` կինոնկարահանումների, կազմակերպում նամակագրության մեռյալների հետ, հեռախոսային խոսակցություններ ու տեսակցություններ նրանց հետ, կանանց հայտնում, թե որտեղ էին ամուսինները մինչև ժամը հինգը և հինգից հետո, կամ թե եկող ամսվա չորրորդ շաբաթ օրը ամուսինը կխանգարի նրա հանդիպումը «ընտանիքի բարեկամի» հետ: Նրանք ճարպիկ խաբեբաներին ուղարկում էին միջնադար` ալքիմիայով զբաղվելու, պատմաբաններին` արքունիքներ` ինտրիգներ լարելու և դրանց առաջն առնելիս, մանր ազգերի նացիոնալիստներին` պետության ամենահզոր ժամանակը: Վայրկյան առ վայրկյան ուսումնասիրվում էր նշանավոր մարդկանց գործը, նկարահանվում ու փաստագրվում կյանքի ամեն մի քայլը: Այդ խեղճերը շրջապատված էին լինում ամեն դարի ու ամեն ազգի մարդկանցով: Կանգ առավ գիտությունը: Այլևս հայտնագործություններ չէին ուզում անել, գնում էին ապագա և ցանկանում այնտեղ իմանալ նոր գյուտերի մասին: Սակայն ապագան արդեն դատարկ էր, քանի որ դատարկ էր ներկան:
Կիսաքաղց մարդկությանը իր ամբողջ պատմության ընթացքում պայքար մղեց` ավելի ու ավելի ետ գնալով մտավոր մակարդակով: Պայքար` չգիտես ում կամ ինչի համար:
Մեքենան ցույց տվեց նաև մարդկության վերջին օրը: Դա բավականաչափ շուտ էր: Ահա և վերջին րոպեն, տանջված, սովահար մարդկանց նյարդային դեմքերը ձգվեցին հավատի ու հուսահատության ինչ-որ անբացատրելի արտահայտությամբ, որն, ասես, ջղաձիգ մարմնի վերջին ճիչն էր: Հայեցին դեպի երկինք: Բայց երկինքը սև էր:
Դոմենիկոսը սարսափահար ետ ընկրկեց, անջատեց մեքենան: Էկրանը դատարկվեց: Նա դեռ երիտասարդ էր` երեսունվեց տարեկան: Կարող էր շարունակել կյանքը հին հունով: Սակայն կրկին նրա աչքի առաջ կենդանացան այն վերջին օրհասական պահի մարդկային ջղաձգված դեմքերը: Դոմենիկոսը մտածեց` կարո՞ղ է դարձյալ գործ ունենալ տեխնիկայի հետ: Մտածեց` իր մեքենան ծնվել էր ժամանակից շուտ, իսկ ինքը երբևէ ճիշտ ժամանակ չէր ունենա:
Մեքենան ամեն ինչով ներդաշնակ էր, ամեն ինչում կատարյալ և գեղեցիկ, իսկ մարդիկ` կազմված միայն իրարամերժ հակասություններից: Թեոտոկոպուլիոսը սարսափով մտածեց, որ պայքարը սրում է այդ հակասությունները: Ակնթարթորեն նրա մտքով անցավ մարդկության ողջ պատմությունը, ու Դոմենիկոսը հաղթականորեն գոչեց. «Դեպի ե՛տ, Իսպանիա՛, միջնադա՛ր, հավատաքննության ծաղկում և բոլոր տեսակի հակասությունների բթացում՝ նորին մեծություն վախի անխախտ իշխանության ներքո»:
Ժամանակը չէր ներում: Սեղմեց մեքենայի երկու կոճակը. մեկը նրան տեղափոխեց Տոլեդո, 1577 թվական, մյուսը… մեքենան կես ժամից հետո պայթեց:

***
Գուցե հետո նա զղջա՞ց, որ այդպես շուտափույթ վճռեց ամեն ինչ. գուցե: Բայց նա միշտ անկատար տեսավ մարդկանց և երազեց նրանց ներքին կատարելության մասին: Այդ երազը նա դրեց իր կտավներում, որոնցով դարձավ ու մնաց պատմության մեջ որպես «իդեալների կործանումը վերապրող մարդու տառապագին հուզաշխարհի մեծագույն նկարիչ», կոչվեց Էլ Գրեկո: Գուցե հենց այս ամբողջ պատմության պատճառո՞վ է, որ նրա կերպարվեստը չափազանց մոտ է ժամանակակից կերպարվեստին, մի՞թե այսօր էլ նույնական չէ ներդաշնակ կատարելության ձգտումը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով