Անահիտ Անտոնյան. Թուրք ընտանիքի պատկերումը Հակոբ Օշականի «Հաճի Ապտուլլահ» և Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպերում

Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը, որը հեղինակը հրատարակել է նախ անգլերենով, ապա թարգմանել թուրքերեն, այսօր հայ ընթերցող հասարակության ուշադրության կենտրոնում է: Մի քանի լեզուներով թարգմանված այս վեպի տարածմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ ազգությամբ թուրք հեղինակը 2006-ին կանգնել է թուրքական դատարանի դիմաց թրքությունը վիրավորելու մեղադրանքով: «Ստամբուլի բիճը» վեպն ընթերցողների մոտ այն տպավորությունն է ստեղծում, որ հայ ընտանիքը ներկայացված է դրական լույսով, իսկ թուրք ընտանիքը` բացասական: Ահա այս հանգամանքն էլ հիմք է դարձել՝ մեղադրելու հեղինակին թրքությունը վիրավորելու մեջ:
Կարծիք կա, որ հեղինակը այս վեպում շոշափում է ցեղասպանության խնդիրը լայն ճանաչում ու հեղինակություն ձեռք բերելու համար: Հեղինակն, անշուշտ, ժխտում է քաղաքական որևէ շահ պաշտպանելու կամ գրականության միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու ինչ-ինչ հավակնություններ ունենալը: Իր դասախոսություններից մեկում նա շեշտում է, որ պատմությունները, ինչպես օրինակ հայ և թուրք ընտանիքների մասին պատմությունը, հնարավորություններ են մշակութային տարբեր օղակների միջև ծառացած անջրպետներում կարևոր լուսամուտներ բացելու, միմյանց ճանաչելու ու հաղորդակից դարձնելու համար1:
Հոդվածի նպատակն է ներկայացնել թուրք ընտանիքի պատկերման մի քանի առանցքներ երկու գրողների` Հակոբ Օշական և Էլիֆ Շաֆաքի «Հաճի Ապտուլլահ» և «Ստամբուլի բիճը» վեպերում:
Հակոբ Օշականը` Հակոբ Քյուֆեճյանը (1883-1948), հայ գրականության բացառիկ ներկայացուցիչներից է, բազմաթիվ բարձրարժեք պատմվածքների, վիպակների, վեպերի («Ծակ պտուկ», եռահատոր «Մնացորդաց», եռամաս «Հարյուր մեկ տարվան»), գրականագիտական, քննադատական հոդվածների ու մեծածավալ ուսումնասիրությունների («Համապատկեր» 10 հատորով և այլն), դասագրքերի հեղինակ է:
Հակոբ Օշականի «Հաճի Ապտուլլահ» վեպը գրվել է 1933 թվականին և դարձել «Հարյուր մեկ տարվան» վիպաշարի երկրորդ` հանգուցային օղակը, որում արտացոլվում են զուտ թուրքական բարքերը: Օշականն առաջին հայ գրողն էր, որ փորձեց հայ գրականություն բերել, գրական տարածքում ներկայացնել ու բացատրել թուրքին ու թրքությունը: «Թուրքի ներգրավումը, նրա մտածելակերպի և հոգեբանության խորը բացահայտումը վեպում պատմական երևույթ լինելուց բացի նաև նորություն էր հայ վեպում: Ընթերցողը գրականության միջով էր արդեն տեսնում իրեն ճնշող երկրի թուրք տիրոջ և հարևանի կերպարը, որի հետ ճակատագրորեն կապված է եղել իր կյանքը, որից անկախ երբեք չի ապրել»2:
«Դժվար է նաև մեր գրականության մեջ գտնել հայ-թուրք ժողովուրդների, նրանց կեցության ու կացության, բարքերի ներթափանցման, աղետների և դրանց պատճառահետևանքային կապերի, երևույթների հասունացման և դրանց ընթացքը պայմանավորող հանգամանքների գեղարվեստական նմանօրինակ վերլուծության, և հատկապես թուրքի` իբրև մարդու հոգեբանական քննության, մարդկային նկարագրի ու բաղադրության այնպիսի բացահայտումներ, որ տալիս է Օշականը»,- գրում է Կիմ Աղաբեկյանը3: Սակայն եթե Շաֆաքի վեպը մեծ պահանջարկ ունի թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում, ապա Օշականի վեպն ընթերցողները խիստ փոքրաթիվ են:
Ինչպես տենում ենք, երկու վեպերի հրատարակման ժամանակային տարածությունը մոտ յոթանասուն տարի է: Եթե հաշվի առնենք, որ Օշականն իր վեպում ներկայացնում է տասականների ընտանեկան հարաբերությունները, կարող ենք ասել, որ հնարավորություն ունենք դիտելու թուրք ընտանիքը մոտավորապես հարյուր տարվա զարգացման մեջ: Հետաքրքիր ու կարևոր է նաև հայ գրողի կողմից թուրք ընտանիքի պատկերումն ու խնդիրների արտացոլումը համեմատել հենց թուրք հեղինակի կողմից ստեղծված պատկերի հետ: Այսպես ասած` հայացք ներսից ու դրսից:
Հեղինակների` տարբեր սեռերի պատկանելը նույնպես պայմանավորում է որոշ տարբերություններ ու հակադրություններ: Շաֆաքի վեպում կանայք են գործող հերոսները, տղամարդ հերոսները այնքան վառ չեն արտահայտված, որքան կանայք, իսկ Օշականի վեպում գործող առանցքային հերոսը տղամարդն է:
Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որն առավել խնդրական է դարձնում ուսումնասիրությունը: Անշուշտ, թուրք ընտանիքի պատկերումը երկու վեպերում էլ ինքնանպատակ չէ: Այն միտված է հայոց ցեղասպանության պատճառների բացատրմանը, այսինքն, ցեղասպանության ներքին էությունը փորձում են բացատրել թուրքի էության բացահայտման, կաղապարման միջոցով: Շաֆաքի վեպում կապն իսկապես ակնառու ու բացահայտ է, իսկ Օշականի վեպում այդ նպատակը բացահայտ չէ, սակայն իր խորքում հանգում է դրան, ինչը վկայում է հենց հեղինակը:
Հակոբ Օշականն ու Էլիֆ Շաֆաքը ցեղասպանության կրողներն են. մեկն` իբրև զոհ, մյուսն` իբրև մեղքի բեռի ժառանգորդ: Առաջինի պարագայում նպատակային հարցադրումը ինչու-ն է, երկրորդի պարագայում` հարցադրումն ընդլայնվում է` ներառելով ինչպես շարունակելը, ինչ անելը:
Պետք է ասել, որ երկու վեպերում էլ թուրք ընտանիքի պատկերումը միտված է ինքնաճանաչողության: Թուրք հեղինակի դեպքում խնդիրն ակնհայտ է: Իսկ Հակոբ Օշականը գրում է. «Օշականի վեպը լայն հետաքրքրություններ է պարզած թուրք բարքերուն հանդէպ: Հոս ոչինչ կա զարմանալի: Արեւմտահայ հասարակութիւնը ո՛չ մէկ շրջանի մէջ ինքզինը ապրած է: Անոր կեանքը եղեր է կրկնուած թուրքով, որ ճակատագրի ձեւ մը ունէր իր օրերուն վերեւ»4: Ճանաչել թուրքին, հարևանին, ճանաչելու համար ցավի ու կորստի պատճառը, բայց նաև ճանաչել սեփական բացերը, թուլությունն ու էությունը: «Վերջին հաշվով թուրքական բարքերի լայն ու համակողմանի քննությամբ գրողը ձգտում է գտնել սեփական ժողովրդի ողբերգության պատճառները, հստակեցնել դրանք պայմանավորող սոցիալ քաղաքական, բարոյահոգեբանական այն միջավայրը, որ կարելի դարձրեց մեր ժողովրդին հետ կատարված աղետը»,5— գրում է Կիմ Աղաբեկյանը:
Ավելացնենք նաև, որ երկու հեղինակներն էլ լավ են ճանաչում այն միջավայրը, որը ներկայացնում են:
Վեպերում պատկերված ընտանիքների տղամարդիկ և նրանց նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, որ ընտանեկան կառույցն ու հարաբերություններն էականորեն չեն փոխվել ժամանակի ընթացքում: Հաճի Ապտուլլահը ընտանիքում հինգ քույրերի միակ եղբայրն էր և վայելում էր իր երկրին բնորոշ արու զավակներին տրվող սերը, գուրգուրանքն ու հոգացողությունը: «Ստամբուլի բիճը» վեպում Մուստաֆան նույնպես ընտանիքի միակ սպասված ու փափագելի տղան էր երեք քույրերից հետո: Երկու հերոսներն էլ մեծանում են անպատժելիության, ամենաթողության մթնոլորտում, ինչը նպաստում է նրանց անպատասխանատու ու թույլ նկարագիր ունենալուն, մինչև որ թաթախվում են ոճրի մեջ, ոճիր, որը կատարում են առանց նախապես ծրագրելու, մտածելու, հեշտ ու թեթև: Ապտուլլահը կացնով սպանում է իրենց ծառայի կաղ աղջկան: «Հաճի Ապտուլլահին առաջին ոճիրի մը նմանող պատահար մը ես աչքովս եմ ապրեր. պարտեզին մեջ աղջիկ մը կացնով սպաննող: Սպաննեց, բնական ու արագ, ինչպէս կը սպաննէին իր պապերը…»6: Սպանելու, ոչնչացնելու, ոճիր գործելու բնականությունն ցեղի մեջ է, արյան մեջ է: «Ժողովուրդ մըն է անիկա, որուն մէջ կան աշխարհին ամենէն անուշ, աղւոր, պարզ մարդերը: Բայց պարտաւոր եմ աւելցնել, որ այդ ամենէն պատուական մարդը պիտի ծնրադրէ իր նամազը ընելու, դանակը խսիրին երակարած, աղօթէ խորունկ գոհունակությամբ մը ու պիտի ելլէ ոտքի, քիչ անդին կապուած տղեկ մը մորթելու, երբ իրեն ըսուի, որ հայրենիքը այսպէս կուզէ: Հոս է ահա ամենէն դժնդակ կողմը հայ և թուրք կառոյցին»7:
Ոճրագործությունից հետո հնարավոր է դառնում Ապտուլլահին փրկել պատասխանատվությունից: Նա ուխտագնացության է գնում, մաքրվում գործած մեղքերից, դառնում հաճի: Իսկ երբ վերադառնում է տուն, տնից հեռացնում են մորն ու քույրերին` հեռացնելու համար «կնոջ տարազով «շեյթանի», սատանայի ներկայությունը»:
«Թուրքի համար նույնքան հեշտ է եղել սպանել մորը կամ քրոջը: Այսինքն` ներքին զգացական, արյան կապը ամենևին դեր չի խաղում: Նրա հոգեբանության մեջ չէ դրոշմված սովորական զգացումից վեր անձեռնմխելի կապեր: Նրա համար մայրը, քույրը կին է, ընդհանրության մեջ դիտված և ուրեմն նրանց կարելի է նույն հեշտությամբ ու անտարբերությամբ բռնաբարել կամ սպանել, ինչպես օտարին կամ հային», — այս եզրակացության է գալիս Մարի Ռոզ Աբուսեֆյանը8:
«Ստամբուլի բիճը» վեպում, ասես արձագանքելով վերը նշվածին, Մուստաֆան զայրույթի պոռթկման պահին բռնաբարում է քրոջը` ցանկանալով հնարավորինս ցավեցնել նրան: Իսկ հետո հեռանում է ընտանիքից, փախչում է իր գործած ոճրից ու զոհից, ապրում հեռավոր մի աշխարհում, ասես ոչ մի ոճիր էլ չի եղել, հիշողությունն ու մեղքը թաղելով մոռացության անհուսալի, բայց քաղցր գրկում: Մինչդեռ քույրը շարունակում է տանել և ամբողջ կյանքում ապրել Մուստաֆայի գործած ոճիրը, իսկ նրանց աղջիկը` Ասյան, ոճրի մարմնավորումը, անընդհատ հիշեցումը և հարատևումը, դատապարտված է կրելու ոճրի ամբողջ ծանրությունը, ապրելու բիճության խարանով ու դառնությամբ, ինքն իրեն ճանաչելու ու հասկանալու հնարավորությունը կորցրած:
Այսպիսով, երկու վեպերում էլ հերոսները ոճրագործությունից հետո թոթափում են իրենցից ոճիր գործած լինելու գիտակցությունը, մի դեպքում` ուխտագնացությամբ, մյուս դեպքում ուղղակի փախուստով: Բայց փախուստը մեղքից ու պատժից միայն ճանապարհ է դառնում դեպի հաջորդ ոճիրը կամ փոխակերպումը զոհի: Երկու վեպերում էլ հերոսները, անցնելով ոճրի երկար ճանապարհով, ի վերջո կանգնում են սեփական սխալի գիտակցման, զղջման և ինքնախարազանման խնդրի առաջ: Ի վերջո, ոճրագործը դառնում է զոհ:
Մարկ Նշանյանը, իբրև մեթոդաբանական կարևոր ելակետում, արձանագրում է Օշական-Նիցշե հարաբերությունները, ուսումնասիրում ողբերգության նիցշեական տեսաբանության օշականյան կիրարկումները, կարևորում է «զոհի փոխանորդության» գաղափարը, «հավիտենական վերադարձի» հղացքը9: Երկու հերոսներն էլ զոհ են դառնում: Հաճի Ապտուլլահը դառնում է իր երկրորդ կնոջ հոր մեքենայությունների զոհը, իսկ Մուստաֆան ավագ քրոջ ձեռքից ընդունում և գիտակցաբար ուտում է թունավոր ուտեստը: Փախուստը ոճրից միայն տանում է ոճրի նոր հանգրվանի: Թեկուզ ուշացումով, սակայն գալիս է գիտացության արթնացման ու պատասխան տալու պահը: «Մարդն, անշուշտ, այս կամ այն հանգրվանում հայտնվելուց հետո է, որ անում է ճակատագրական հարցադրում` այս ինչպե՞ս եղավ: Եվ հարցադրմանը հետևում է անցած ճանապարհի, կատարած գործողությունների, արարքների տքնաջան քննությունը: Բնականաբար այդ քննությունը չի կարող ընթանալ միագիծ ուղղությամբ: Այն մերթ շաղախվում կամ զուգահեռվում, հեռանում կան հատվում է այլ գործոնների հետ»,10— գրում է Կիմ Աղաբեկյանը:
Հետաքրքիր է, որ ոճիրը, ոճրագործությունը նուրբ թելերով կապված է արևելյան աշխարհի երկու կարևոր ու տիպական երևույթների հետ: Մեկը սերնդի շարունակության գործոնն է վեպում, մյուսը`կախարդությունն ու հմայությունը:
Երկու վեպում էլ թուրք ընտանիքի համար առանցքային է սերնդի շարունակության, կենսունակության հարցը: Սերունդ ունենալու, շարունակություն ունենալու մղումը խորն է արմատավորված արևելքի ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մոտ: Շաֆաքի վեպում առեղծվածային մահը հետապնդում է ընտանիքի տղամարդկանց, ովքեր կյանքից հեռանում են 41-ը չբոլորած: Օշականի վեպում անհասկանալի հիվանդությունից մահանում են Հաճի Ապտուլլահի նոր ծնված երեխաները: Եվ երկու դեպքում էլ սերնդի շարունակության հարցը մնում է առկախ: Կարելի է եզրակացնել, որ ոճիրը, մեղքը հակասում են կենսունակությանը, շարունակությանը: Ոճիրը ստեղծում է փակ օղակաձև համակարգ:
Երկու վեպերում էլ առատորեն գործածված են գուշակությունների, հավատալիքների, հմայությունների նկարագրությունները: Հակոբ Օշականը կարևորում էր և վեպի կենսունակության հիմքերից մեկն էր համարում բարքագրությունը: Երկու վեպերում էլ գեղեցիկ ու մանրակրկիտ են ներկայացվում թուրք ժողովրդի հավատալիքներն ու ծիսակարգերը: Սակայն, Օշականի վեպում մտացածինը, առեղծվածայինը կապվում է մարդուն ոճրագործության տանող ճանապարհի հետ, իսկ Շաֆաքի վեպում առեղծվածայինն ու հավատալիքները միջոց են դառնում իրականությունը ճանաչելու, գաղտնիքները բացահայտելու համար, նպաստում են վիպական հանգուցների լուծմանը: Կարծում ենք, որ դա թուլացնում է վեպի կառուցվածքային ամբողջությունը և գեղարվեստական ներգործության ուժը: Իսկապես, առեղծվածային է, անհասկանալի ու կարող է միստերիաներով ուղեկցվել այն, ինչ մարդուն դարձնում է հանցագործ: Սակայն ճշմարտությանը հասնելու, բացահայտելու և վիպական հանգույցներին լուծում տալու համար պարտադիր չէ դիմել ջիներին: Դա թուլացնում է և՛ կառուցվածքային առումով, և՛ գեղարվեստական ներգործության: Երկու հեղինակներն էլ շատ հետաքրքիր ու վառ են ներկայացրել գերբնական ուժերի հետ հարաբերվող գործող անձանց`մորաքույր Բանուին («Ստամբուլի բիճը») և Ճինճի Հոճային («Հաճի Ապտուլլահ»):
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ թուրք ընտանիքի մոդելը, թուրք ընտանիքը տարիների ընթացքում շրջադարձային զարգացումներ չի ունեցել: Շաֆաքի վեպում դիտարկումը հստակ է: Այո՛, շրջակա աշխարհը փոխվում է, փոխվում են հարաբերությունները, կյանքի տեմպը, իսկ արևելյան այդ աշխարհում ասես ոչինչ էլ չի կատարվում, ժամանակը հոսում է մեղրի պես ծանր ու դանդաղ:
Այս մի քանի դիտարկումներն էլ բավական էին ցույց տալու համար, որ թուրք ընտանիքի պատկերման համար երկու տարբեր հեղինակներ, տարբեր ժամանակների, տարբեր ազգերի, տարբեր հայացքների տեր լինելով, ընտրել են նույն կամ մոտ սկզբունքներ ու առանցքներ:
Եվ ուզում եմ ընդգծել, որ Օշականը, ով կորցրել էր իր պատմական հայրենիքը և բազում անգամներ նայել էր մահվան աչքերին ի դեմս թուրքի, կարողացել է զերծ մնալ թուրքի` հայ գրականության մեջ ընդունված ավանդական կաղապարումներից, և նոր ու աննախադեպ տեսանկյունից պատկերել թուրքին` բացատրելու համար իր ազգային ու անձնական ցավը: «Եվ պատահական չէ, որ թուրքերի միջավայրում մի ամբողջ կյանք ապրած մարդիկ Օշական ընթերցելուց հետո բացարձակապես նորովի են ընկալում թուրքին և զարմանքով գտնում, որ անգամ թուրքը իրեն ոչ մի տեղ չի կարող այնպես ճանաչել, ինչպես Օշականի վեպերում»,11— գրում է Կիմ Աղաբեկյանը:
Էլիֆ Շաֆաքի վեպում երկու ժողովուրդների անքակտելի կապն ու ներթափանցվածությունը շատ հստակ է: Թրքուհի Ասյան և հայ Արմանուշը սերում են նույն հայ կնոջից` Շուշանից: Ոճրագործը` Մուստաֆան, նրա թոռն է: Էլիֆ Շաֆաքի վեպի վերջաբանում Զելիհան շարունակում է իր կյանքը հայազգի Արամի հետ:
Հայ-թուրքական հարաբերությունների խնդրին Օշականը անդրադարձել է իր այլ վեպերում, ստեղծագործություններում, որի քննությունը դուրս է մեր այս հոդվածի նպատակներից:
Այսպիսով, ինչպես արդեն նշել էինք, թուրք ընտանիքի պատկերումը վեպերում ինքնանպատակ չէ: Այն նպատակաուղղված է երկու ժողովուրդների մշակութային մերձեցմանը, հարցադրումներ անելուն, պատասխաններ և ուղիներ որոնելուն:

——-
1. Դասախոսությունը տե՛ս` http://markgrigorian.livejournal.com/846712.html հղումով:
2. Աբուսեֆյան Մարի Ռոզ, Հակոբ Օշականի «Հարյուր մեկ տարվան» եռագրությունը, Երևան, 2011, էջ 207:
3. Աղաբեկյան Կիմ, Հակոբ Օշական. Ստեղծագործական աշխարհի արահետներում, Երևան, 2006, էջ 236:
4. Օշական Հ., Համապատկեր, հատոր 10, էջ 156:
5. Աղաբեկյան Կին, Հակոբ Օշական. Ստեղծագործական աշխարհի արահետներում, Երևան, 2006, էջ 241:
6. Օշական Հակոբ, Համապատկեր, հտ.10, էջ 140:
7. Օշական Հակոբ, Համապատկեր, հտ. 10, էջ 139:
8. Աբուսեֆյան Մարի Ռոզ, Հակոբ Օշականի «Հարյուր մեկ տարվան» եռագրությունը, Երևան, 2011, էջ 211:
9. Տե’ս Օշական Հակոբ, Հաճի Ապտուլլահ, Երևան 2000, էջ ԼԳ-ԼԴ:
10. Աղաբեկյան Կիմ, Հակոբ Օշական. Ստեղծագործական աշխարհի արահետներում, Երևան,2006, էջ 239:
11. Աղաբեկյան Կիմ, Հակոբ Օշական. Ստեղծագործական աշխարհի արահետներում, Երևան, 2006, էջ 240:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով