Հենրիկ Իգիթյան. Նոր անուններ, նոր ստեղծագործություններ

«Գարուն», 1967, 1
Երիտասարդ նկարիչների ցուցահանդեսում վիճելու ցանկություն չի առաջանում և դա բոլորովին ոչ այն պատճառով, որ ամեն ինչ այնտեղ անթերի է, այլ նախ և առաջ այն, որ չափազանց քիչ համարձակություն, երիտասարդական խիզախում և այնպիսի արտասովորություն ու պայծառություն կա, որը բոլոր ժամանակներում բնորոշում է ստեղծագործող երիտասարդության ոգին: Երջանիկ է ոչ թե նա, ով զբոսնում է հարթ և տրորված ճանապարհով, այլ նա, ով երբեմն նույնիսկ սայթաքելով ընկնում է ու ջարդվածքներ ստանում, ամրանալով նյութի դժվարության, իր առջև դրած խնդիրների դժվարության դեմ մղած պայքարում, արվեստի նոր, անսպառ շերտերի յուրացման, ծանրամիտների քարացածության դեմ մղված պայքարում և պայքարում, որը տարվում է վերջնական համարվող տեսակետի դեմ:
Ինքնըստինքյան հասկանալի է, խոսելով ազատ և համարձակ ցուցահանդեսների, բանավեճերի մասին, մենք նկատի չունենք անարխիան: Ազատությունը արվում է ոչ թե լուսամուտների ապակիները ջարդելու համար, այլ սեփական «ես»-ի լրիվ արտահայտման համար, որը հիմնված է ազգային և համաշխարհային արվեստի լավագույն ավանդույթների վրա, որի ընթացքում երբեք չեն դադարում ապագային նայելուց: Չէ՞ որ ամեն մի իսկական արվեստագետ մուծում է արվեստի զարգացման մեջ մի նոր որակ, թարմ մտածողություն և հենց այդ հատկությունն էլ գեղարվեստական արժեքի ամենաորոշիչ չափանիշն է:
Արվեստի գործը դարերով կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե այդ գործը գեղարվեստական արժեք է ներկայացնում, եթե իր որակով կարող է գնահատվել ամեն մի երկրում՝ անկախ աշխարհայացքից:
Վելասկեսն ու Գոյան նկարել են թագավորների, բայց աշխարհի ամեն մի թանգարան այդ կտավները մեծագույն ուրախությամբ կմտցնի իր էքսպոզիցիայի մեջ: Եվ դա ոչ այն պատճառով, որ մարդկանց հետաքրքրում են թագավորների կենսագրությունները, այլ այն, որ այդ առեղծագործությունները ունեն բացարձակ գեղարվեստական արժեք: Սեզանը նկարում էր խնձոր, Վան-Գոգը՝ արևածաղիկ, Սարյանը նկարում է մեր երկրի առատ պտուղները, բայց այդ նկարները ուսումնասիրում են ոչ թե կենսաբանական, այլ ամբողջ մի դարաշրջանի նկարչական կուլտուրա:
Արվեստագետի մեծությունը որոշվում է ոչ թե նրա այս կամ այն ուղղության պատկանելությամբ, այդ մեծությունը կարող է դրսևորվել ինչպես նատուրալիստական, այնպես էլ աբստրակտ ստեղծագործությունների մեջ: Հետևապես, որքան որ չի փրկում մոդայիկ ուղղությունը, նույնքան էլ «հնացած» ուղղությունը չի նվաստացնում գործի արժանիքները: Արդյունքը հանգեցվում է մի միակ չափանիշի՝ ծածկվող տարածության որակին, պլաստիկ մտածողությանը, որոնք և վերջին հաշվով որոշում են ստեղծագործության արժեքը:
Արվեստի գործերի արտահայտչականությունը չի կարող սահմանափակվել արվեստի հմտության մաքսիմալ զարգացմամբ, նույնիսկ քիչ չի պտտահում, երբ «տգեղ» ստեղծագործությունները շատ ավելի մեծ ներգործություն են ունենում, քան այնպիսները, որոնք արհեստավորականներ են, կատարյալ, բայց առեղծված են առանց ստեղծագործական հուզումի: Նկարը ամենից առաջ կոչված է էսթետիկական բավականություն պատճառելու, անկախ այն բանից, թե ինչ է այնտեղ պատկերված՝ ավազակ, թե վարդ:
Մեր խոսքը վերաբերում է ոչ թե ցուցահանդեսի կազմակերպչկան հարցերին, ոչ թե ընդհանուր գծերով այդ ցուցահանդեսի գնահատականին, այլ այն տենդենցներին, որոնք շատ թե քիչ ակնառու կերպով դրսևորվում են արվեստագետի կամ ցուցադրական սրահում: Սովորաբար մեր ավելի սոլիդ ցուցահանդեսներում գրեթե միշտ քանդակագործությունը ներկայացվում է որպես կենդանագրությանը առդիր մի ստեղծագործություն, որը մի տեսակ լցնում, ավելի լրիվ է դարձնում ինտերյերը: Իսկ այստեղ, ցուցահանդեսին տոն տվողները քանդակագործներն են: Կարևոր է նշել, որ երիտասարդությանը իր մտահղացումները իրականացնում է դժվարին նյութերի մեջ: Գիպսի մեռյալ կույտերը իրենց տեղը զիջել են այն իսկական նյութերին, որոնք պահանջում են իրենց իսկ հատկությունների և հնարավորությունների իմացության՝ ավելի մեծ արտահայտչականության հասնելու համար: Բազալտը, տուֆը, փայտը, պղինձը դեպքերի մեծամասնությամբ գերակշռում են: Դա նախ և առաջ վկայում է այն մասին, որ երիտասարդ քանդակագործները աշխատում են ոչ ի միջի այլոց և յուրացնում են այնպիսի նյութեր, որոնք առհասարակ հազվադեպ են հանդիպում մեր ցուցահանդեսներում: Բայց դա գործի միայն մի կողմն է: Չէ՞ որ միայն նյութը չէ, որ որոշում է ստեղծագործության արժեքը:
Երվանդ Խոջաբաշյանը, վերջերս ավարտելով Երևանի գեղարվեստական ինստիտուտը, հանդես է գալիս իբրև հասունացած քանդակագործ, որը ապագային լուրջ հայտ է ներկայացնում: Նրա ստեղծած դիմանկարը («Սրբուհի»), որը կերտված է սև տուֆից, փայտից կատարած քանդակագործությունները («Մտորում», «Քնած կինը» և «Ընտանիքն ու երիտասարդությունը» ստելլը) կարող են քննություն բռնել ավելի նշանակալից ցուցահանդեսներում: Նրա բոլոր ստեղծագործությունները առանձնանում են պլաստիկ մտածողությամբ:
Հավասարապես տիրապետելով բոլոր նյութերին, Խոջաբաշյանը դրանք ենթարկում է իր կամքին: Պետրոսյան Յուրին և Շիրազ Արան, որոնք մեզ համար ծանոթ անուններ են դեռ նախընթաց ցուցահանդեսներից, նորից են ներկայացրել իրենց փայտե փորագրությունները: Պետրոսյանի «Խաղաղ քնի մեջ» աշխատանքը կոմպոզիցիոն տեսակետից ընդհանրապես լավ է գտնված, բայց դժբախտաբար հաջող չի լուծված աջ մասը, որոշ չափով աշխույժ չէ ձևի տեսակետից, կորցնում է ընդհանուր լարվածությունը, բայց, չնայած այս ամենին, մենք մի անգամ ևս համոզվում ենք, որ գործ ունենք ընդունակ քանդակագործի հետ, որ դիտողներին դեռ շատ ու շատ կուրախացնի իր ստեղծագործություններով: Նրանց ստեղծագործությունների կողքին կախված է Ռաբեն Ղևոնդյանի «Քոչարի» նկարը, որը բարելյեֆի է նման: Ղևոնդյանը հաջող պաշտպանեց դիպլոմը և, եթե խոստովանենք, նրանից կարելի էր սպասել ավելի լուրջ մոտեցում դեպի ստեղծագործությունը: Մեր արվեստում բարելյեֆին նմանեցման օրինակ կա Երվանդ Քոչարի «Սասունցի Դավթի» համար արված գծանկարչական թերթիկներում, բայց այն, ինչ տրամաբանական է մի դեպքում, պարզունակ է մի ուրիշ դեպքում, և այնքան էլ լավ ճաշակի վկայություն չի դառնում: Այդ մասին կարելի էր լռել, բայց որքան ավելի ընդունակ է մարդը, այնքան ավելի մեծ պահանջներ է ներկայացվում նրա ստեղծագործություններին:
Լևոն Թոքմաջյանի բարդ աշխատանքում՝ «Հեղափոխական երգ» ակնառու կերպով զգացվում է երիտասարդ քանդակագործի աճը, որը հավակնում է հասունացած մտածողություն ունենալ: Ցանկալի կլիներ նախազգուշացնել նրան արտաքին էքսպրեսսիայից. դա ընդհանուր ոչինչ չունի մեր արվեստի տրադիցիաների հետ, արվեստ, որին ավելի շատ բնորոշ են քարացած, պայմանական ձևերը, իսկ դրանց հետևում թաքնված են արտաքին լարվածությունն ու դինամիկան: Քանդակի նյութը կոպիտ, զուսպ բազալտն է, որը չի կարողանում տանել մտածողության նատուրայնություն և իլյուստրատիվություն:
Մեր ցուցահանդեսներում դրվագված ստեղծագործությունների երևան գալը դրական երևույթ է նոր նյութի յուրացման տեսակետից, սակայն Դավիթ Բաբայանի և Բենիկ Պետրոսյնի դրվագումները հեռու են կատարյալ լինելուց: Չէ՞ որ միայն ինքը՝ նյութը, դեռ արվեստի ստեղծագործություն չէ, իսկ դրվագման տեխնիկան ֆակտուրայի օգտագործման շատ հարուստ հնարավորություններ ունի: Այն, ինչ մենք տեսնում ենք ներկա ցուցահանդեսում, քիչ է արտահայտում ընտրած նյութի յուրահատկությունը: Սա ասվում է ինքնըստինքյան, հասկանալի է, ոչ թե դատապարտման նպատակով, այլ նրա համար, որպեսզի մեր երիտասարդ ստեղծագործողները ավելի լուրջ մտածեն այդ ուղղությամբ, մանավանդ, որ հարևան Վրաստանում դրվագման վարպետները փայլուն կերպով են տիրապետում տեխնիկային և ամեն կերպ դա կապում են ժամանակակից ճարտարապետության ինտերյերներում դրվագման տեխնիկայի ֆունկցիոնալ կիրառման հետ:
Շատ պետքական գործի է ձեռնամուխ եղել Կարեն Սմբատյանը: Նա ձևավորում է հայկական հեքիաթներ, լեգենդներ, ավանդություններ: Բայց, ցավոք սրտի, այն, ինչ Կոջոյանը, հենվելով հին հայկական արվեստի հանճարեղ տրադիցիաների վրա, կարողացավ դարձնել իր սեփականությունը, Սմբատյանի մոտ դեռ կեղծ-հին է հնչում: Վերջերս «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունում կազմակերպված ցուցահանդեսը, որտեղ, ի դեպ ասած, արվեստագետը ներկայացված էր ավելի հետաքրքիր աշխատանքներով, ցույց տվեց, որ նրա աշխատասիրությանը և սերը դեպի իր հարազատ ժողովրդի անցյալը, հիմք են տալիս հուսալու, ոը մենք դեռ կտեսնենք նրա ստեղծած և ինքնուրույն մեկնաբանություններ ունեցող շատ գործեր:
Պակաս մխիթարական է նկարչության բաժինը: Դա աչքի է զարնում մանավանդ այն պատճառով, որ հայ նկարիչները միշտ էլ իրենց անհատականությամբ աչքի են ընկնում նույնիսկ միութենական ցուցահանդեսներում: Կարելի է տառացիորեն թվել մի քանի աշխատանքներ, որոնք ինչ-որ չափով առանձնանում են այդ գորշ ու տխուր ֆոնի վրա: Նույնիսկ տաղանդավոր նկարիչներ Մարտին Պետրոսյանը, Էդմոնդ Զաքարյանը, Ռոբերտ Էլիբեկյանը ներկայացված են ոչ այնքան հաջող: Շատ շռայլորեն է ցուցադրված Արամայիս Ավետիսյանը: Նա մի նկարիչ է, որը, անկասկած, զգում է գույնը, բայց այնքան է անկյանք նրա կոմպոզիցիան, այնքան է թույլ նրա գծանկարը, որ բոլոր կոնստրուկտիվությունից զուրկ աշխատանքները բառացի կերպով փուլ են գալիս:
Այս ցուցահանդեսներում նկարիչների հիմնական թերությունը վառ, պատկերավոր մտածողության բացակայությունն է: Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է ունենա իր դեմքը, իր անձնագիրը: Մենք չենք կարող խոսել ընդհանրապես բնանկարների, նատյուրմորտների և դիմանկարների մասին, որոնք անդեմ են, որոնք կամ ոչինչ չեն ասում, կամ ասում են շատ քիչ: Երբ մենք հիշում ենք Մ. Սարյանի «Գիշերը Եգիպտոսում», Հ. Կոջոյանի «Թավրիզի ճաշարանը», Հովնաթանյանի «Նատալյա Թեումյանը», մեր առջև բացվում է կերպարների և զգացումների մի ամբողջ աշխարհ: Կարող են առարկեր ասելով, թե դրանք մեծագույն վարպետներ են: Բայց չէ՞ որ դրա դեմ էլ առարկություն կա: Իսկ ի՞նչ է, հայ ժողովուրդը վերջացա՞վ, վերջացա՞ն բոլոր տաղանդները: Ինչո՞ւ մենք պետք է իջեցնենք ազգային արվեստի չափանիշը: Չէ՞ որ Սարյանը իր լավագույն ստեղծագործությունները ստեղծել է հենց այն տարիքում, ինչպիսին հիմա այս ցուցահանդեսին մասնակցողների մեծամասնությունն ունի:
Սովետական նկարիչների նոր սերունդը զարգանում է ստեղծագործական ավելի անկաշկանդ մթնոլորտում: Այդ սերունդը հարկադրված չէ ստեղծել «իրադարձությունների տարեգրություն»՝ շքերթային վիթխարի կտավների տեսքով և կեղծ դասական ոճով, որ նմանվում է թանգարանային նկարչության: Դժվար չէ նկատել, որ բոլոր միութենական հանրապետություններում վերջին ժամանակներս նկատելի կերպով բարձրացել է հետաքրքրությունը դեպի նոր, ավելի արտահայտիչ ձևերը, իսկ առանց ձևի դիալեկտիկայի չի կարող լինել նաև արվեստի դիալեկտիկա:
Մենք, հատկապես երիտասարդներս, այսօր անհրաժեշտաբար պետք է մտածենք, որ բացի մերձավորագույն հարևանների արվեստից, կա նաև համաշխարհային արվեստ, և դիմազրկությունն ու գավառականությունը նույնքան վտանգավոր են մեր փոքրաքանակ ժողովրդի համար: Հայ ժողովուրդը զենքը իր ձեռքն է առել ամենադժվարին պահերին, բայց նրա հզոր զենքը եղել և մնում է արվեստը: Այդ արվեստը նրա ետևում կանգնած է եղել բազում տարիներ, կանգնած է և այսօր: Եվ մենք միշտ պետք է հիշենք՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով