ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղերձը «Գարունի» 50-ամյակի կապակցությամբ

«Գարուն» ամսագիրն ուղիղ իմ տարիքին է։
Միասին անցանք բոլոր այն ճանապարհները, որով քայլեց խոսքի ազատությունը, նախ՝ Խորհրդային Միությունում, ապա մեր անկախ Հայրենիքում։
«Գարունն», իհարկե, բոլորիցս մի քանի քայլ առաջ ընդլայնեց ազատ խոսքի համար կոմունիստական քարոզչամեքենայի զիջած փոքրիկ «հողակտորը»։ Այս ամսագիրը միակ հայալեզու «պատուհանն» էր դեպի աշխարհ, որտեղից առաջինը երևացին համաշխարհային գրականության, արվեստի քիչ թե շատ թույլատրելի հորիզոնները։ Այդ ժամանակներում թե′ դրսի, ու թե′ ներսի լավ գրականությունից անտեղյակ էր նա, ով չէր կարդում «Գարունի» բոլոր համարները։
Եվ հիմա, երբ ժամանակակից տեխնոլոգիաների առաջընթացն ինչ-որ չափով խեղճացրել է տպագիր պարբերականներին, ես կարոտում եմ «Գարունի» հանդեպ այն տարիների ընթերցողական անդավաճան հետաքրքությանը։ «Գարունն» ինձ համար համացանցում կարդալիք աղբյուր չէ, ես այն նախընտրում եմ ձեռքս առնել առաջվա պես՝ շապիկի առաջին երեսից մինչև հետին երեսը թերթելո′վ կարդալ և տեսնել։
Հույս ունեմ, որ մի օր տպագիր «Գարունը» նորից դառնալու է ամենափնտրված մեր ուղեկիցը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով