Վոլֆգանգ Բորխերտ. Կեգելբան

«Գարուն», 1967, 4
Երկու տղամարդ մի փոս էին փորել գետնի տակ: Միանգամայն ընդարձակ և հարմարավետ փոս: Ինչպես գերեզմանում: Սի հանդուրժելի փոս,
Իրենց առջև նրանք մի հրացան ունեին: Այն հնարել էր ինչ-որ մեկը, որպեսզի իրենք կարողանային կրակել մարդկանց վրա: Մարդկանց, որոնց չէին ճանաչում, որոնց լեզուն անգամ չգիտեին, որոնք իրենց ոչինչ չէին արել: Բայց հարկավոր էր նրանց վրա կրակել: Եվ որպեսզի միանգամից շատերին կարողանային սպանել, ինչ-որ մեկը այնպես էր արել, որ հրացանը րոպեում ավելի քան 60 անգամ կրակի: Եվ վարձատրվել էր դրա համար:
Երկու տղամարդկանց դիմաց մի ուրիշ փոս կար: Ահա հայտնվեց մի գլուխ, որը մարդու էր պատկանում: Նա ուներ քիթ, որը կարող էր օծանելիքից հոտոտել, աչքեր, որոնք կարող էին քաղաք կամ ծաղիկ տեսնել: Նա ուներ բերան, որով կարող էր հաց ուտել և «Ինգա» կամ «մայրիկ» արտասանել: Երկու տղամարդիկ, որոնց հրացան էին հանձնել, նկատեցին այդ գլուխը:
— Կրակի՛ր,— ասաց մեկը:
Մյուսը կրակեց:
Եվ գլուխը այլևս չկար: Նա այլևս չէր կարող օծանելիքից հոտոտել, քաղաք տեսնել և «Ինգա» ասել.
Երբե՛ք:
Երկու տղամարդիկ շատ ամիսներ մնացին այդ փոսում: Նրանք շատ գլուխներ ոչնչացրին: Եվ միշտ էլ դրանք այն մարդկանց գլուխներն էին, որոնց իրենք չէին ճանաչում, որոնք իրենց ոչինչ չէին արել և որոնց լեզուն անգամ չէին հասկանում: Բայց մեկը հնարել էր հրացանը, որը րոպեում կրակում էր ավելի քան 60 անգամ: Իսկ մեկն էլ իրենց հրամայել էր…
Հետզհետե երկու տղամարդիկ այնքան շատ գլուխներ ոչնչացրին, որ դրանցից կարելի էր մի մեծ սար կազմել: Եվ երբ նրանք քնում էին, այդ գլուխները սկսում էին գլորվել: Ինչպես կեգլիի գնդակները: Մեղմ գլլոցով: Այդ ձայնից նրանք արթնանում էին:
— Բայց մեզ հրամայել են,— շշնջում էր մեկը:
— Բայց մենք արել ենք,— բղավում էր մյուսը:
— Բայց դա սարսափելի է,— ձայնում էր առաջինը:
— Բայց երբեմն հաճույք է պատճառում,— ծիծաղում էր երկրորդը:
— Ո՛չ,— ճչում էր առաջինը:
—Այո՛.— ասում էր երկրորդը,— պատճառում է: Իսկական հաճույք:
Ու գիշերները նրանք ժամերով նստում էին: Չէին քնում: Հետո մեկը ասում էր.
— Է՛հ, աստված է մեզ այսպես ստեղծել:
— Բայց աստված արդարացում ունի,—ասում էր մյուսը,— նա գոյություն չունի:
— Նա չկա՞,—հարցնում էր առաջինը:
— Այդ նրա միակ արդարացումն է,— պատասխանում էր երկրորդը:
— Բայց մենք, չէ՞ որ մենք գոյություն ունենք,— շշնջում էր առաջինը:
— Այո, մենք կանք,— շշնջում էր մյուսը:
Երկու տղամարդիկ, որոնց հրամայել էին,
հնարավորին չափ շատ գլուխներ ոչնչացնել, չէին քնում: Որովհետև գլուխներն աղմուկով գլորվում էին:
—Է՛հ,—հառաչում էր մեկը,— մենք կորած մարդիկ ենք:
— Այո,— ասում էր մյուսը,— կորած ենք:
— Ուշադրությո՛ւն,— գոռում էր մեկը,— պատրաստվե՛լ: Նորից սկսվում է:
Նրանք վեր էին կենում և վերցնում էին հրացանը: Ու հենց որ մարդ էին տեսնում, կրակում էին: Դրանք միշտ էլ մարդիկ էին, որոնց չէին ճանաչում, որոնք իրենց ոչինչ չէին արել: Բայց նրանք կրակում էին: Դրա՛ համար էլ ինչ-որ մեկը հրացան էր հնարել: Դրա՛ համար էլ վարձատրվել էր:
Իսկ մե՛կը, մե՛կն էլ իրենց էր հրամայել:

Գերմ. թարգմանեց՝
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով