Թաթուլ Բոլորչյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 5
Թաթուլ Բոլորչյանը ծնվել է 1933 թ. Ախալքալակի շրջանի Գամբուրդո գյուղում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հեղինակն է «Արևի մտերմությունը» ժողովածուի։

ՄՈՐՍ
Կտուրի վրա կնճիռ էր դառնում
Թոնրատան ծուխը,
Ես կարծում էի աղոթք էր,
Մա՛յր,
Երդիկից փոքրիկ լուսին էր կաթում,
Ես կարծում էի աղոթք էր,
Մա՛յր…
Հոգսը նժար էր դառնում աչքերիդ
ծանր ու թեթևն էր ընկերանում
Զույգ աչքերիս մեջ
Դու քնում էիր,
Ես կարծում էի աղոթք էր,
Մա՛յր:

***
Աչքերիդ մեջ ծովը մեռավ,
Ալիքները կնճիռ դարձան
Իմ ճակատին, ճայերն անթիվ
Ճերմակեցին իմ մազերին:
Ափ չհասան նավակներս,
Ափ չհասան…
Շողշողացին ավազները ոսկեհատիկ,
Ծիածանվեց կեռ լուսինը
Կիսակամար,
Ափ չհասան նավակներս,
Ափ չհասան…
Խեղդվեցին անապատում
Ճանապարհները խաչբերան,
Ժայռերն ամուլ ժանգ կախեցին
Հատակն ի վար,
Ափ չհասան նավակներս,
Ափ չհասան:

***
Ուշանում ես, սեր իմ
Աշնանահար եղա,
Արցունքներիս նման
Ես սերմացու եղա,
Հազար անգամ մեղա ուշացածիս համար
Ուշանում ես, սեր իմ:
Դու որտե՞ղ ես հիմա
Ես ցիրուցան եղա.
Կողպվում է դուռս,
Թալանում են քունս,
Հազար անգամ մեղա ուշացածիս համար
Ուշանում ես սեր իմ:
Հասկերն հասուն արտում
Գլուխ գլխի արին,
Գլորեցին տարին ծուխ հանեցին երկինք:
Այս կարճ ճամփի վրա
Ուշանում ես, սեր իմ,
Հազար անգամ մեղա ուշացածիս համար:

***
Գնացքները վաղուց կայարան են հասել
Ու ջնջում են դեմքիս ծանր առասպելը
Ու՞մ համար է տեսնես
Այս իմ սպասելը
Գնացքները վաղուց կայարան են հասել:

***
Հիմա ինչ-որ տեղ հյուրընկալվում է
Իմ արցունքների փոքրիկ գոլորշին…
Եվ ով իմանա,
Գուցե ժանգոտված քարերի վրա,
Գուցե այն ճերմակ ամպերի մեջ է,
Կամ թե այս ծաղկի
Վիրջին ծիծաղն է,
Կամ այս թռչնի սրբազան դողը…
Հիմա ինչ-որ տեղ հյուրընկալվում է
Իմ արցունքների փոքրիկ գոլորշին:

***
Զարմանալի չէ, որ ես արևից
Միշտ գողացել եմ,
Հարստացել եմ,
Զարմանալի չէ, որ իր պակասը
Նա չի զգացել,
Չի աղքատացել…
Զարմանալի չէ, որ անձրևով էլ
Մեկ-մեկ թրջվել եմ,
Մեկ-մեկ ջնջվել եմ,
Ամպրոպների դեմ լուռ քրքջացել
Եվ այդ բոլորով քիչ-քիչ աճել եմ,
Զարմանալի չէ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով