Արմեն Մարտիրոսյան. Ճիլիմոնը

«Գարուն», 1967, 6
Տպագրվել է «Ո՞րն է ժամանակակից մարդը» խորագրով, Ռուդոլֆ Մարտիրոսյան ստորագրությամբ:

Ճապոնական մի հրաշք հեքիաթ կա հրաշք տղայի մասին: Չէ, հրաշք չէ. սովորական մանրիկ աչքեր, սովորականից մեծ գլուխ: Տղան Ճիլիմոնն է: Այդ բոլորի մեջ ամենից արտասովորը նրա հայացքն է՝ խոհուն-խոհուն: Լուրջ է նա ու այդ լրջությամբ է, որ գուշակում է աշխարհի շատ առեղծվածներ:
Հիմա, վերևից նայելիս, մանկությունս այդօրինակ հեքիաթների մեջ թաք կացած հուշարձանի է նման:
— Նա կարո՞ղ էր քաղաք կառուցել,— հարցնում էր ընկերս: Ընկերս Անդրանիկն է: Ութ տարեկան:
— Իհարկե,— առանց մտածելու պատասխանում եմ ես,— նա ամեն ինչ կարող էր անել:
— Նա կարո՞ղ էր քաղաք կառուցել,— նորից է հարցնում ընկերս:
— Քաղա՞ք,— երկմտում եմ,— մի մարդը մեն-մենակ ինչպե՞ս կարող է քաղաք կառուցել:
— Հենց այդ է, որ կարող էր…
Հետո Անդրանիկը ցույց է տալիս իրենց հողամասի անկյունում ընկած գիպսի մի կտոր:
— Ես սրանցից պետք է քաղաք պատրաստեմ,— ասում է,— մեծ շենքեր ու լայն պողոտաներ:
Նա սկսում է տաշել, հղկել գիպսը, իսկ ես մտածում եմ՝ գիժ, գլխիցդ մեծ բաներ ես անում: Նա տաշում, հղկում է, իսկ ես…
— Քանի՞ հարկանի պետք է լինեն շենքերը,— հարցնում եմ ծիծաղելով:
— Միլիոն,— պատասխանում է լուրջ, մեծավարի,— միլիոն:
Անդրանիկը գունավոր հագուստ ունի ու գունավոր երագներ, որոնք կարկատանների պես երևում են նրա շալվարի վրա: Իմ պատկերացումներում չեմ կարողանում տեղավորել միլիոն հարկերը: Դպրոցում սովորեցրել են դրա գրության ձևը՝ մի մեկ, վեց զրո, և ես գիտեմ, որ այդ միլիոնը շատ է՝ հարյուրից շատ: Անդրանիկը ինչպե՞ս պետք է հղկի հարյուրից շատ հարկեր:
— Գիժ, չես կարող,— ասում եմ բարձր,— համ էլ Ճիլիմոնը կախարդ չէր:
— Ճիլիմոնը կախարդ էր,— համոզված ասում է Անդրանիկը,— եթե կախարդ չէր, ապա ինչի՞ց է, որ…
Եվ նա համոզում է:
— Ճիլիմոն,— ասում եմ ես նրան,— դու Ճիլիմոնն ես:
…Իմ պատկերացումներից կախարդները հեռանում են լեռները և նրանց հեռացումի ոտնահետքերից փշրվում են հին, մաշված հեքիաթները:
— Գնանք, մի քիչ լսենք,— ասում է Անդրանիկը,— նոր ձայնապնակներ եմ գնել:
Գնալը գնում ենք: ճանապարհին ես ուշադիր դիտում եմ նրա դեմքը. սովորական, մանրիկ աչքեր, սովորականից մի քիչ մեծ գլուխ…
«Ճիլիմոն,— հիշում եմ անցածը,— իմ Ճիփմոն, տեսնես ի՞նչ եղավ քո կառուցած քաղաքը»:
Տանը նա միացնում է ռադիոընդունիչը:
— Ի՞նչ ես ուզում լսել:
Ես նայում եմ նրա ձայնապնակների ահագին կույտին և մտածում՝ նա իրավունք ունի այդ հարցը տալու, ե՞րբ է հասցրել այդքանը ունենալ:
— Սարասատե,— ասում եմ,— «Գնչուական մեղեդիներ»:
Հնչում է երաժշտությունը: Երաժշտությունը կապույտ առաստաղ է, ձգվում է մեր գլխավերևով: Սենյակի կենտրոնում Անդրանիկն է, սուլում է ռիթմին համընթաց: Հետո փոխվում են ձայնապնակները, փոխվում է նաև սուլոցի ռիթմը:
Անդրանիկը լավ քանդակներ ունի: Նկարիչ է, բանաստեղծ է և էլի ինչ-որ բան, թեկուզ կյանքում ոչ մի կտավ չի ավարտել և ոչ մի տող չի գրել: Բայց ես գիտեմ, նա այդ ամենն է: Մինչև հիմա էլ դժվարանում եմ ասել, թե հատկապես ո՞րը: Նա նաև խառատ է, աշխատում է Կիրովականի էլեկտրալամպերի գործարանում: Գործարանը նոր է բացվել: Անդրանիկ Զաքարյանը նույնպես նոր է սովորում խառատի մասնագիտությունը: Մի քանի ամսում հասցրել է տիրապետել իր գործը, հմտանալ: Այդպիսին է Անդրանիկը, կպավ՝ լավ կաշխատի:
Բոլոր կիրակիները անց է կացնում մոտակա անտառում: Մեկ էլ տեսար՝ ներկապնակն ուսին…
— Ո՞ւր:
— Անտառ, էսքիզի: Գիտե՞ս, այնտեղից հոյակապ տեսարան է բացվում:
Գնում եմ հետը:
Ներքևում ձորն է՝ կնճիռների ու ակոս-ակոս ծալքերի մեջ՝ խաղաղություն:
Անդրանիկը նկարում է հենց այդ խաղաղությունը՝ ծերպերից կախված կանաչ թփուտների աեսղով:
Մթնում է, չի հասցնում ավարտել: Կտավը պահում է քարայրում:
— Հաջորդ կիրակի կշարունակեմ:
Ես գիտեմ, չի ավարտելու կտավը՝ հենց այդպես էլ պետք է մնա քարայրում, ինչպես բոլոր մյուս նկարները: Ներքևում քաղաքն է: Լույսերի մեջ: Լույսերը երաժշտություն են թվում՝ գունավոր ու բեկբեկ:
— Անդրանիկ, ի՞նչը բոլոից շատ քեզ դուր չի գալիս,— հարցնում եմ:
— Միօրինակությունը,— պատասխանում է,— և այս շենքերը՝ իրար նման, լուցկու տուփի պես: Այ, եթե ես ճարտարապետ լինեի…
Ու խոսում է ճարտարապետության մասին: Լավ գիտի հայկական ճարտարապետությունը, կարդացել է, դիտել, մասնագետի պես է վերլուծում: Ինձ առհասարակ զարմացնում է մի բան. խոսում ես երաժշտությունից, Անդրանիկը փայլում է իր գիտելիքներով, խոսում ես նկարչությունից՝ դարձյալ Անդրանիկը, գրականությունից՝ էլի, գիտությունից՝ նա է, չգիտեմ ինչի՞ց՝ նա կա, պոմիդորների կարմրության մասին խոսես՝Անդրանիկը գիտի: Հրեդ Անդրանիկը: Այդ է:
Որքան գիտեմ, նրա ավարտածը միջնակարգ դպրոցն է և պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի երկրորդ կուրսը:
— Ինչո՞ւ թողեցիր ինստիտուտը:
— Է՜հ,— ձեռքը թափ է տալիս,— չէր գոհացնում, ես չէի սիրում իմ մասնագիտությունը, այ, ուրիշ է, եթե ճարտարապետ լինեի:
— Բայց դրանք իրարից շատ էլ հեռու չեն, եթե դու ավարտեիր ինստիտուտը, կարող էիր նաև զբաղվել քո սիրած գործով:
— Ուզում եմ ընդունվել ճարտարապետական բաժինը:
Նա լռում է: «Կընդունվի, բոլոր տվյալներն ունի,— մտածում եմ ու մտքումս պատկերացնում նրա ստանալիք թվանշանները,— ֆիզիկան՝ հինգ, մաթեմատիկան՝ հինգ, նկարչությունը՝ հինգ, չգիտեմ ինչը՝ հինգ»: Հրեդ Անդրանիկը: Այդ է: Հետո շատ է սիրում իր անունը: Չգիտեմ ինչու: Հաճախ երգում է՝
«Գնդակ որոտաց նոյեմբեր ամսում…»
— Անդրանիկ, դու ո՞ւմ ես համարում ժամանակակից մարդ:
— Տատիս,— ասում է հենց այնպես, առանց մտածելու:— Տատիս,— կրկնում է մտածելով,— իսկապես, ինչո՞վ ժամանակակից չէ տատս: Վարժապետ է եղել, լավ գիտի զորավար Անդրանիկի մասին, այս մեկ: Հետո կարդում է այժմյան բոլոր թերթերը…
Ես ժամանակակից մարդուն պատկերացնում եմ անպայման ինստիտուտավարտ, եթե կուզես՝ ասպիրանտուրան էլ հետը, մի խոսքով՝ շատ զարգացած, ծանոթ այժմյան տեխնիկայի ու գիտության նվաճումներին, — ասում եմ ես:
— Է՜հ,— ասում է Անդրանիկը,— այդ դեպքում ես գնում եմ:
— Ո՞ւր:
— Բրոնզե դար: Ես ոչ ինստիտուտ եմ ավարտել, ոչ էլ քո ասած պայմանի որևէ կետի կարող եմ բավարարել:
— Չէ, մնա մեր դարում, քեզ տեղ կա:
Անդրանիկը դիտում է հեռուն:
— Լսիր,— հանկարծ հարցնում է նա,— ժամանակակից մարդը ի՞նչ հագուստ պետք է ունենա:
Դժվարանում եմ պատկերացնել:
Հետո երկուսով կռանում ենք գետափին: Անդրանիկը ավազների վրա մարդ է նկարում: Մերկ: Մենք նրան մերթ հագցնում ենք գիտնականի հագուստ, մերթ՝ խառատի, մերթ՝ նկարչի, մերթ՝ երաժիշտի, մերթ…
Ես զարմանքով նկատում եմ, որ բոլոր դեպքերում մեր պատկերացրածը ճիշտ և ճիշտ Անդրանիկն է. ի՞նչ անենք, որ դիպլոմ չունի: Իսկ վարում՝ ավազի վրա ծռմռվել է ժամանակակից մարդը: Անդրանիկի ավարտած միակ կտավը:
— Ժամանակակից մարդ լինելու համար կարևորը այժմյան ոգին ու պահանջները հասկանալն է,— ասում է նա:
Ես զգում եմ, որ նա շաբլոն բան ասաց, ինչ անենք, երբեմն շաբլոնն էլ ճիշտ է:
Լավ ձայն ունի: Երգում է:
— Այ, եթե ճարտարապետ լինեի, ի՜նչ տեսք կտայի մեր քաղաքին,— ասում է նա երգը վերջացնելուց հետո,— ախր շատ գեղեցիկ աշխարհագրական դիրք ունի…
— Ճիլիմոն,— հիշում եմ անցածը.— դու Ճիլիմոնն ես:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով